«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 2018-05-25 100-ԱՄՅԱԿ ՀՀ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ201802009.jpgՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Մաս առաջին Մեր նախորդ հրապարակման մեջ (տե՛ս «Ազգ», թիվ 18(5514) 11 մայիսի 2018) շատ համառոտ խոսելով Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության մասին` նշել էինք, որ 1918 թ. հունիսի 7-ին Հայոց Ազգային խորհուրդը 13 կողմ եւ 2 դեմ ձայնով կառավարության նախագահ ընտրեց Հովհաննես Քաջազնունուն: Իսկ վերջինս խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Առաջին հանրապետության առաջին կառավարության կազմը` վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի` Արամ Մանուկյան, Ֆինանսների` Խաչատուր Կարճիկյան, ռազմական` Հովհաննես Հախվերդյան: 1918 թ. հուլիսի 15-ին Հայաստանի կառավարությունը դուրս եկավ Թիֆլիսից եւ հուլիսի 17-ին նրանց փառահեղ կերպով ընդունեց Արամ Մանուկյանը: Դրանից հետո հայ քաղաքական կյանքի կենտրոնը դարձավ Երեւանը: Այստեղ կազմվեց նաեւ Հայաստանի խորհրդարանը, որը ՀԺԿ անդամ Ստ. Մալխասյանի առաջարկով հայկական եռագույնը համարեց ՀՀ պետական դրոշ: Հ. Քաջազնունու գլխավորությամբ առաջին կառավարությունը կազմվեց հայ ժողովրդի համար ծանր եւ դժվարին պայմաններում եւ նրանից հրաշքներ պահանջելն ու սպասելն իհարկե արդարացված լինել չէր կարող: Սակայն հայկական առաջին կառավարությունն ունեցավ նաեւ լուրջ բացթողումներ, որոնց արդյունքում առանց այն էլ դժվարագույն պայմաններում հայտնված հայ ժողովուրդն աստիճանաբար հայտնվում էր անդունդի եզրին: Օրեցօր սաստկացող սովն ու տարափոխիկ հիվանդությունները խլում էին մեծ թվով մարդկային կյանքեր: Հազարավոր սոված ու տկլոր գաղթականների առկայությունը մի կողմից, մաուզերիստների անկարգությունները մյուս կողմից, խաթարում էին հանրային կյանքը բնականոն հուն տեղափոխելու իշխանությունների ջանքերը: Այդ իրողություններից դժգոհ ընդդիմադիր ուժերն իրենց պաշտոնաթերթերում ու բանավոր ելույթներում պարբերաբար քննադատում էին կառավարությանը եւ պահանջում նրա հրաժարականը: Մասնավորապես ՀՅԴ-ից հետո ամենահզոր Հայ Ժողովրդական կուսակցությունը նշում էր, որ հանրապետության դրությունը կառավարության գործունեության առաջին երեք ամիսների ընթացքում ամենեւին չբարելավվեց, «անարխիան հետզհետէ սկսեց աւելի խորանալ, պարենաւորման գործը, գաղթականութեան հարցը րացիոնալ հիմունքների վրայ չդրւեցին, եւ ստեղծւեց մի քաօս» (Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 26, 1 նոյեմբերի 1918): Բանը հասել էր այնտեղ, որ նույնիսկ դաշնակցական ֆրակցիայի ներկայացուցիչներն էին «անբավականութիւն արտայայտում» կառավարությունից: Իրավիճակը ճիշտ գնահատելով, Քաջազնունու կառավարությունն ստիպված հրաժարական ներկայացրեց: 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստին դաշնակցական եւ ժողովրդական պատգամավորների քվեներով ընդունվեց Հ. Քաջազնունու կառավարության հրաժարականը եւ Գ. Զուրյանի ու Հ. Ազատյանի կրքոտ քննադատություններից հետո նույն Քաջազնունուն հանձնարարվեց կազմել նոր կառավարություն: Ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները եւ էսեռները հրաժարվեցին, իսկ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո լավատես եւ ավելի ինքնավստահ դարձած ՀԺԿ-ն ցանկություն հայտնեց մաս կազմել ստեղծվելիք նոր կոալիցիոն կառավարությանը (Տե՛ս «Ժողովրդի ձայն», թիվ 6, դեկտեմբերի 1918): ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ բանակցությունները տեւեցին մի քանի օր: Դրանց ընթացքում մի քանի անգամ առկա էր խզվելու վտանգը: Բայց ի վերջո փոխադարձ զիջումներով հնարավոր եղավ հանգել հետեւյալ համաձայնության: Կազմվեց ինն նախարարություններից կազմված կառավարություն, որոնցից չորսի (վարչապետի, արտաքին, ներքին գործերի եւ խնամատարության) ղեկավարումը տրվեցին ՀՅԴ-ին, չորսը (ֆինանսների, արդարադատության, լուսավորության եւ պարենավորման)` ՀԺԿ-ին եւ մեկը` զինվորականը, պետք է ղեկավարեր չեզոք անձնավորություն: Միաժամանակ որոշվեց նաեւ, որ արտաքին գործերի նախարարի օգնականը պետք է լինի ժողովրդական, ինչպես նաեւ` արտաքին քաղաքականության ուղղությունները պետք է որոշեր նախարարական խորհուրդը: Այդ առիթով ՀԺԿ պաշտոնաթերթ «Ժողովուրդը» հայտարարեց. «Ո՛չ բարձր պաշտօններ ձեռք բերելու տենչը, եւ ո՛չ որեւէ շահախնդրական նկատառում չէ ղեկավարել Հայաստանի սրտից հեռու ապրող մեր ներկայացուցիչներին, որոնք եկել են Երեւան, Դաշնակցութեան հետ ձեռք ձեռքի տուած, ղեկավարելու մեր ալեկոծ նաւը եւ յաջողութեամբ հասցնելու նրան նաւահանգիստը» (Տե՛ս «Ժողովուրդ», թիվ 26, 1 նոյեմբերի 1918): Կազմված կոալիցիոն կառավարությունը ուներ հետեւյալ կազմը` Վարչապետ (մինիստր-նախագահ)` Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ): Ծնվել է 1868 թ. Ախալցխա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա սովորել է Թիֆլիսի գիմնազիայում եւ Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտում, որն 1893 թ. գերազանցությամբ ավարտելով` ստանում է ճարտարապետի դիպլոմ: Նույն շրջանում նա գրականություն էր ուսումնասիրում եւ շատ էր սիրում նկարել (Տե՛ս https://hy.wikipedia.org/wiki/Հովհաննես Քաջազնունի): Ուսանողական տարիներին ընդգրկվում է Դաշնակցության շարքերը եւ եռանդուն մասնակցություն ունենում կուսակցական կյանքում: 1905 -1906 թթ. կովկասյան թաթարների կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դառնում է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ: 1906 թ. մեկնում է Նիցցա Ալեքսանդր Մանթաշյանցից կուսակցությանն օգնելու խնդրանքով դիմելու համար: 1909 թ. ձերբակալվում է հակադաշնակցական հայտնի գործի շրջանակներում, սակայն 10000 ռուբլի գրավի դիմաց ազատ է արձակվում: 1911-ին, որպեսզի խուսափեր Սանկտ-Պետերբուրգում Դաշնակցության դեմ դատավարությունում վկայություն տալուց, ստիպված մեկնում է երկրից: 1914 թ. Քաջազնունին վերադառնում է Կովկաս եւ 1917 թ. ընտրվում է Հայոց Ազգային Խորհրդի անդամ, 1918 թ. փետրվարին ընտրվում է Անդրկովկասյան սեյմի անդամ: Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին: Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ` հայկական պատվիրակության անունից ստորագրել է Բաթումի պայմանագիրը (Տե՛ս https://hy.wikipedia.org/wiki/Հովհաննես Քաջազնունի): Հեղափոխությունից հետո Անդրկովկասյան կառավարության կազմում ստանում է խնամատարության պորտֆելը: Իսկ երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, նա Հայոց Ազգային Խորհրդի կողմից առաջարկություն ստացավ կազմել եւ գլխավորել ՀՀ առաջին եւ երկրորդ կառավարությունները: Արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյան (ՀՅԴ): Ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի): Սովորել է Թիֆլիսի արական գիմնազիայում, ավարտել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բացի մայրենիից եւ ռուսերենից` կատարելապես տիրապետել է գերմաներենին եւ ֆրանսերենին: Տիգրանյանը Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանում զբաղեցրել է իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների դասախոսի պաշտոնը, միաժամանակ եղել Թիֆլիսի ճեմարանի տեսուչը: 1907 թ. Երեւանի նահանգից ընտրվում է 2-րդ Պետդումայի պատգամավոր: Տիգրանյանը ակտիվ մասնակցություն է ունենում հայկական կամավորական ջոկատների ձեւավորմանը եւ մասնակցում մարտական գործողություններին: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի օրերին նրան վստահվել էր Երեւանի փոխնահանգապետի պաշտոնը եւ Արշավիր Շահխաթունու հետ կազմակերպչական աշխատանքներ էր տանում թիկունքում: Իսկ 1918-ի օգոստոսից` արդեն Հայաստանի առաջին պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահն էր: 1918 թ. նոյեմբերից մինչեւ 1919 թ. ապրիլը Հայաստանի համար դժվարին եւ բախտորոշ ժամանակահատվածում Սիրական Տիգրանյանը դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարար: Որպես արտգործնախարար` Տիգրանյանը դիվանագիտական որոշակի ջանքեր գործադրեց` հայ-վրացական ռազմական կոնֆլիկտի լուծումը հայանպաստ դարձնելու համար: 1919 թ. հունվարին, երբ ադրբեջանական կառավարությունը որոշեց Լեռնային Ղարաբաղի նահանգապետ կարգել Սուլթանովին, Հայաստանի արտգործնախարար Սիրականյանը անմիջապես արձագանքեց դրան եւ պաշտոնական բողոքի նոտա հղեց: 1919 թ. Սիրական Տիգրանյանը որոշ ժամանակ զբաղեցրել է նաեւ Հանրային կրթության եւ արվեստի նախարարի պաշտոնը, իսկ 1919-1920 թթ.` Հայաստանի նորընտիր պառլամենտի փոխնախագահն էր: Եղել է Երեւանի պետական համալսարանի հիմնադիրներից եւ առաջին պրոֆեսորներից, գիտապատմական մի շարք աշխատությունների հեղինակ է: Հայաստանի խորհրդայնացումից հետո նա շարունակում է որոշ ժամանակ աշխատել Երեւանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1937 թ. ձերբակալվում է եւ մահանում անհայտության մեջ` Սիբիրում: Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան) (ՀՅԴ): Ծնվել է 1879 թ. Շուշիում (շրջանառվող վարկածներից մեկի համաձայն Արամը ծնվել է Զեյվա գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Ավարտել է տեղի ծխական, ապա` թեմական, իսկ վերջում` Երեւանի թեմական դպրոցը (1907 թ.): 1890-ական թթ. անդամագրվելով ՀՅ դաշնակցությանը, իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց հայ ժողովրդի ազատության եւ անկախ պետականության վերականգնման գործին: Ընդգրկվել է հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ: 1903 թ. Կարսում զբաղվել է Արեւմտյան Հայաստան զենք, զինամթերք եւ կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908 թթ. գործել է Վանում: Արմենակ Եկարյանի եւ այլ ազգային գործիչների հետ կազմակերպել եւ ղեկավարել է 1915 թ. Վանի ինքնապաշտպանությունը: Շնորհիվ որի ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին անխուսափելի ոչնչացումից: Այնուհետեւ ղեկավարել է հայոց պետականության նախատիպ 72 օր գոյատեւած Վանի նահանգապետությունը: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը դեպի Արեւելյան Հայաստան: 1916-1917 թթ. Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում եւ ՀՅԴ բյուրոյում: Մեծ դեր է խաղացել արեւմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917 թ. որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երեւան եւ կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, իսկ 1918 թ. մարտին Երեւանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է «դիկտատոր»: Արեւմտյան Հայաստանում բնաջնջելով հայությանը 1918 թ. թուրքական զորքերը շարժվեցին դեպի Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտ: Քաղաքական, ռազմական եւ հոգեւոր գործիչները, «պէտք է ապավինենք միա՛յն մեր ուժերին» սկզբունքով ղեկավարվող Արամ Մանուկյանի գլխավորությանբ մեծ ջանքեր գործադրեցին ժողովրդին կազմակերպելու համար: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայը մարտադաշտ մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար: Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո նպատակային արդյունավետ գործունեություն ծավալվեց երկրում ամուր իշխանություն եւ իրավակարգ հաստատելու, թաթարական խռովությունները ճնշելու, երկրի հայացման, գաղթականության եւ որբերի խնամքի եւ այլ ուղղություններով: Ղեկավարել է երկիրը մինչեւ 1918 թ.-ի հուլիսի 23-ը, երբ Թիֆլիսից Երեւան ժամանեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նրան վստահվեց ներքին գործերի (պարենավորման, լուսավորության, գաղթականական, ճանապարհների, բժշկա-սանիտարական եւ փոստ-հեռագրական բաժիններով) նախարարի պաշտոնը: Աշխատանքի եւ խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս էլ` Արամը 1918 թ. նոյեմբերի 15-ից-1918 թ. դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության եւ աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր: Մահացել է 1919 թ. հունվարի 29-ին բծավոր տիֆից : (Տե՛ս ՀԱԱ, ֆ. 370, ց. 3, գ. 19, թ. 55. Վ. Նաւասարդեան, Արամի կեանքից, «Հայրենիք», 1925, նոյեմբեր, թ. 1, էջ 75-79: Ասրյան Ա., Արամ Մանուկյան Կյանքը եւ գործը, Ե., 2005): Խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյան (ՀՅԴ): Ծնվել է 1882, Վաղարշապատում: Սովորել է էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ապա` Երեւանի գիմնազիայում: 1910 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Թիֆլիսում աշխատել է որպես դատապաշտպան, մասնակցել «Դաշնակցության գործի» դատավարությանը: Զբաղվել է Կովկասում արեւմտահայ գաղթականության տեղավորման հարցերով: ՀՅԴ անդամը գործուն մասնակցություն է ունեցել կամավորական շարժմանը: Ընտրվել է Ազգային բյուրոյին կից գործադիր հանձնաժողովի անդամ, այնուհետեւ` Ազգային խորհրդի: 1917 թ. նոյեմբերին նշանակվել է Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների նախարար: Անդրկովկասյան բոնը կրում է նրա ստորագրությունը: 1918 թ. փետրվարին դառնում է Անդրկովկասյան սեյմի պատգմավոր: 1918 թ. Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի ստորագրմանը դեմ է եղել: Տրապիզոնի բանակցությունների օրերին հայտարարել է, որ Կարսը, Արդահանը Թուրքիային հանձնելու դեպքում ինքը դուրս կգա Սեյմի կազմից, եւ այդպես էլ վարվել է` թողնելով նաեւ Ազգային խորհրդի փոխնախագահի պաշտոնը: Կարսի անկումից հետո (1918թ. ապրիլ, Չխենկելիի կառավարության հրամանով) կորցնում է հեղինակությունը: Այդուհանդերձ, Կարճիկյանի գործուն միջամտությամբ Սեյմը շարունակել է պատերազմը եւ չի ընդունել թուրքերի պահանջները Տրապիզոնում: Հայաստանի անկախության հռչակումից հետո Կարճիկյանը տեղափոխվում է Երեւան: Եղել է ՀՀ Առաջին կառավարության ֆինանսների, իսկ երկրորդ` խնամատարության նախարար: Սպանվել է իր աշխատասենյակում Եգոր Տեր-Մինասյանի ձեռքով. Կարսը դավաճանաբար թուրքերին հանձնելու պատճառաբանությամբ: Կոալիցիոն կառավարության մյուս անդամներին կներկայացնենք հաջորդիվ: Նկար 1. Հովհաննես Քաջազնունի Նկար 2. Ալեքսանդր Խատիսյան Նկար 3. Արամ Մանուկյան https://www.archive.azg.am/AM/2018052517 © AZG Daily, 2008 |