«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 2018-07-27 ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ FPWC-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸԳնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի: Կան չմշակվածՙ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահողեր, արդեն ստեղծված, բայց խնամք պահանջող պտղատու այգիներ, որոնցից ստացվող արդյունքը հեռու է գոհացուցիչ լինելուց: Գյուղացու ջանասիրությունն ու համառությունը բավարար չեն, երբ հողի բերքատվությունն ակնկալվող քանակից քիչ է շուրջ չորս անգամ: Գյուղացու ծախսը գերազանցում է ստացվող եկամուտը: Տեղում կա ոռոգման ջրի խնդիր, որն անհնար է լուծել բացառապես համայնքային բյուջեով: Աշխատանքներ իրականացվել են, սակայն դա բավարար չէ. ջուրը գյուղ է հասնում հոսակորուստներով:Անհրաժեշտ է կառուցել նաեւ ոռոգման ներքին ցանց: «Գնիշիկում հողերի բերքատվության մասին խոսելն անօգուտ է: Մշակաբույսերը թոշնում են, ծառերն էլ ջրվում են դույլերով, ինչը ոչ միայն ծանր, այլեւ անօգուտ աշխատանք էՙ հատկապես ամռան տապին: Ներքին ցանցի կառուցումը կլուծի 2 բնակավայրիՙ Գնիշիկի եւ Մոզրովի ոռոգման ջրի խնդիրը: Հարեւան գյուղում հնարավոր կլինի նվազագույն ջանքերով առավելագույն օգուտ քաղել: Մոզրովում կա շուրջ 40 հա վարելահող: Կաթիլային ոռոգման եղանակով, հնարավոր կլինի պտղատու ծառեր մշակել կամ խաղողի այգի ստեղծել»,-ասել է Գնիշիկ եւ Մոզրով բնակավայրերի վարչական տարածքի ղեկավար Արա Լեւոնյանը : Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Համայնքների զարգացման» ծրագրով, կաջակցեն խնդրով մտահոգ գյուղացիներին: Հնարավորինս արագ կկառուցվի ոռոգման ներքին ցանց, որի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլեւ Մոզրով բնակավայրի բնակիչները: Ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարեւան բնակավայրի բնակիչների համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաեւ լուսադիոդային (LED) համակարգով գործողՙարտաքին լուսավորության եւ գյուղտեխնիկայի հարցը: https://www.archive.azg.am/AM/2018072724 © AZG Daily, 2008 |