«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 2019-01-11

ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Վերջին շրջանում, ինչպես տեղեկանում ենք մեր պաշտոնակից ՌԱԿ «Պայքար» շաբաթաթերթից, կյանքից հեռացել են սփյուռքահայ մի քանի կարեւոր գործիչներ, որոցնց առանձնացնում ենք.

Դոկտ. Ագապի Նասիբյան-Էքմեքճյան .- Մահը պատահել է դեկտեմբերի 1-ին, Լիմասոլի (Կիպրոս) հիվանդանոցներից մեկում: Ներհուն պատմաբան էր, անգլիական արխիվային նյութերի (Հայկական հարցի գծով) լավագույն գիտակ, անգլերեն լեզվով մի շարք մենագրությունների հեղինակ, ՌԱԿ անդամ, եղել է տնօրենը Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության:

Պրոֆ. Հովհաննես Փիլիկյան .- Հանկարծամահ է եղել Լոնդոնում, որտեղ ապրում եւ ստեղծագործում էր 70-ականներին Լիբանանից գաղթելուց հետո: Հայտնի շեքսպիրագետ էր, բանասեր, հաճախ գրականագիտական իր զարմացնող ընդհանրացումներով հռչակված: Եղբայրն էր հասարակական հայտնի գործիչ Արսինե Ադդարյանի եւ երգիչ-ասմունքի վարպետ Խաչիկ Փիլիկյանի:

Տիկին Միմի Հարությունյան .- Մահը պատահել է դեկտ.ի 27-ին, Բեյրութում (Լիբանան): Երկար տարիներ վարել է Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի նախագահությունը: Կողակիցն էր ամիսներ առաջ մահացած բարերար, գրասեր, բազմաթիվ գրքերի մեկենաս, լիբանանահայ մամուլում հրատարակած հարյուրավոր նամակների հեղինակ Արմեն Հարությունյանի:

«Ազգ» ը խորին ցավակցություններ է հայտնում հանգուցյալների ընտանիքներին եւ հարազատներին:


https://www.archive.azg.am/AM/2019011128

© AZG Daily, 2008