«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 2019-04-12 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ Արդեն աշխարհ տեսած մարդիկ, ովքեր այցելել են բոլոր հայտնի զբոսաշրջային վայրերն ու օբյեկտները, միշտ էլ փնտրում են ինչ-որ նոր բան: Զբոսաշրջիկների հետաքրքրությունն առաջացնում են ոչ միայն աչք շոյող ընտիր բնապատկերները, այլեւ այլ ժողովրդի մշակույթի մեջ խորանալու հնարավորությունը, ընտիր խոհանոցի համերի զգացողությունը, այդ ժողովրդի պատմությունն իմանալը: Զբոսաշրջիկի համար նման հայտնագործություն կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը, մասնավորապես Ղազախստանըՙ աշխարհի իններորդ երկիրն իր տարածքով, որն ունի եզակի դիրք երկու տնտեսական տերություններիՙ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ: Ամենահետաքրքրականն այն է, որ այդ հսկա տարածքում բնակվում է 20 միլիոնից պակաս մարդ, իսկ Ղազախստանի բնակիչներն իրենք այն անվանում են «Մեծ տափաստանի երկիր»: Իսկապես, այդ պետության խոշոր քաղաքաների փողոցները շատ եվրոպացիների կթվան չափազանց լայն եւ նույնիսկ, գուցե, անմարդաբնակ: Սակայն գլխավորն, ինչին հարկ է ուշադրություն դարձնել, իհարկե, Ղազախստանի բազմերանգ բնությունն է: Որպես օրենք, ճամփորդության մեկնելով, մենք սովոր ենք դիտել միայն լեռները կամ ծովափերը ափամերձ հյուրանոցներով, միայն վայրի ջունգլիները կամ անապատները, բայց ոչ այդ բոլորը միասին: Այնինչ այստեղ, մեկ երկրում, կարելի է տեսնել բազմաթիվ մղոններով տարածված տափաստաններ, նաեւ բարձր լեռներ ու գեղեցկագույն լճեր, ժամանակ անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում, զբոսնել անտառներում: «Քարե ջունգլիների» սիրահարներին, իմիջիայլոց, Ղազախստանը նույնպես կզարմացնի, գեղեցիկ Նուր-Սուլթան մայրաքաղաքի (նախկինՙ Աստանա) ճարտարապետությունը ի վիճակի է ապշեցնելու նույնիսկ ամենագետ զբոսաշրջիկին: Ամենատարբեր ձեւ ստացած բարձր ապակեպատ շենքերը կողք-կողքի են վառ ներկված բնակելի շենքերի հետ եւ նրանց հարեւանությամբ այգիներ են ու պուրակներ քանդակներով ու հուշարձաններով: Նկատի առնելով նման բազմակողմանիությունը, այդ երկրի գործնականում յուրաքանչյուր տարածաշրջանում լավ հնարավորություն կա բացահայտելու զբոսաշրջային ներուժը: Օրինակՙ նույն այդ մայրաքաղաքն արդեն վաղուց աշխարհին հայտնի է որպես մի քաղաք, որտեղ կարեւոր հարցեր են լուծվում: Այստեղ տարբեր տարիներ տեղի են ունեցել Համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը, ԵԱՀԿ գագաթաժողովը, Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Այս քաղաքում է նաեւ անցել ԷԿՍՊՈ-2017 Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Իզուր չէ, որ Նուռ-Սուլթանն անվանված է պետության ոչ միայն քաղաքական, վարչական, գործարար եւ մշակութային կենտրոն, այլեւ «Եվրասիայի սիրտ»: Այդ հանգամանքից ելնելով, գործնական զբոսաշրջության սիրահարներին Ղազախստանի մայրաքաղաքը պետք է որ շատ դուր գա: TripAdvisorկամ Lonelyplanet տիպի կայքերի մեծ մասում, որտեղ ներկայացված են աշխարհում հանգստանալու հայտնի վայրերը, կարելի է հանդիպել հոդվածների Ալմաթի հարավային մայրաքաղաքի մասին: Այս գեղեցիկ քաղաքն իր արվարձաններով հայտնի է գեղատեսիլ բնապատկերներով, այդ թվում Շըմբուլակ ժամանակակից լեռնադահուկային հանգստավայրով: Քաղաքն ունի հարուստ ու հետաքրքրական պատմություն, ինչի մասին կարծես ջանում են պատմել փողոցների անունները, հուշարձաններն ու անցյալ դարի փայտյա կառույցները: Այստեղ, իմիջիայլոց, շատ հանդարտ եւ հանգիստ մի կյանք է, ինչը պարզ է դառնում քաղաքացիների վարքից, որոնք ոչ մի տեղ չեն շտապում եւ ապրում են իրենց հաճելի առօրյայով: Ալմաթիի կենտրոնում հսկա տարածքի վրա տեղավորվել է հանրապետությունում հնագույն Բուսաբանական այգին, որտեղ ներկայացված են բույսերի գործնականում բոլոր հայտնի տեսակները: Այստեղ են աճեցվել եղեւնիների, լորենիների եւ թխկիների ծառուղիները, Ճապոնական այգին, Տայգան եւ նույնիսկ արեւադարձային ջունգլիները: Խորքում ընտիր ծաղկանոցն է: Քարերի գագաթներին բուն են դրել թռչունները, ճյուղից ճյուղ են թռչում սկյուռիկները: Քաղաքը շրջապատված է լեռներով, այդ պատճառով էլ թվում է, թե ամեն կողմից նրան հսկում է բնությունը: Ճոպանուղով ուղղակի պուրակից կարելի է բարձրանալ Կոկ-Տոբե լեռը, որը կառուցապատված է հանգստյան զբոսայգիով եւ հատուկ դիտահրապարակներով, որտեղից մի հիանալի տեսարան է բացվում քաղաքին, հստակ ցույց տալով համարյա յուրաքանչյուր շենք: Բառացիորեն մեկ ժամ ուղեւորվելով կարելի է հասնել Մեդեու թավուտին, որը հայտնի է իր բարձր լեռնային սահադաշտով, թարմ օդով եւ բնական գոտիներով: Էլ ավելի բարձր է Շըմբուլակ լեռնադահուկային հանգստավայրը, որը գտնվում է Ալաոաո գեղատեսիլ կիրճում: Ոչ մի զբոսաշրջային երթուղի Ալմաթիում չի կարող շրջանցել Չառինյան կիրճը, որն, իսկապես, զարմանալի մի տեղ է: Այստեղ արդեն եղած զբոսաշրջիկներից շատերը նշել են, որ այդ պատկառազդու լեռները, որոնք ձգվում են Չառին գետի երկայնքով, իսկապես հիացմունքի են արժանի: Այդ կիրճի տարածում կան շատ կենդանիներ, ինչպես նաեւ եզակի բույսեր, որոնք մնացել են Սառցե դարաշրջանի ժամանակներից: Ալմաթիի մոտ գտնվող եւս մեկ բնական տեսարժան վայր է Կոլսայան կղզիներըՙ երեք կղզիներից բաղկացած մի չքնաղ համակարգ Հյուսիսային Տյան-Շանում: Երկնագույն ջուրը շրջափակված գեղեցկագույն լեռնային ստորոտներով եւ անտառներովՙ դեպի իրեն է գրավում տարեցտարի ավելացող բնության սիրահար զբոսաշրջիկների: Դրանք շատ հարմար են ընտանեկան պիկնիկների, քեմփինգի եւ ձիերով ճամփորդության համար: Թվում է, թե հենց այսպիսի վայրերում է հաստատվում բնության հետ կապը: Ղազախստանի հյուսիսում նույնպես կան հանգստյան գոտիներ: Դրանցից մեկը Բուրաբայն է, որը նույնպես հայտնի է լեռներով ու անտառներով: Իմիջիայլոց, հենց այստեղ են սիրում հանգստնալ մայրաքաղաքի բնակիչները հանգստյան օրերին: Սփռված անտառային թավուտները դեպի իրենց են ձգում ակտիվ հանգստի սիրահարներին, ովքեր ցանկանում են հանգստանալ «առանց ջանքեր գործադրելու», կարող են ամբողջ օրով հաստատվել Բուրաբայ, Շչուչյե, Մեծ եւ փոքր Չեբաչյո լճերի լողափերում: Ղազախստանի խոշորագույն հարավային քաղաքներն են Շիմկենտը եւ Տարազը, որոնք նույնպես ներծծված են պատմությամբ: Իզուր չէ, որ նրանց անվանում են հանրապետության կանաչ օազիսներ, որոնք հյուրերին դիմավորում են գույների եւ անուշահոտությունների բազմազանությամբ, որտեղ միշտ լուսավոր է եւ տաք: Ղազախստան այցելելիս այնուամենայնիվ չի կարելի նախապատվությունը չտալ էթնիկ զբոսաշրջությանը, թեկուզ այն պատճառով, որ այն երկիր է հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությամբ: Վերջերս հատուկ ծրագիր մշակվեց Մեծ Մետաքսի ճանապարհի վերածնման նպատակով: Դա մի ահռելի առեւտրական երթուղի է, որն անցյալում միացրել է Արեւելքն ու Արեւմուտքը, որտեղ տեղակայված են պատմության բազմաթիվ հուշարձաններ: Նման պատմական հուշարձաններից մեկն էլ կարելի է համարել Թուրքեստան քաղաքը, որը պահպանել է հնագույն քաղաքաշինական կառուցվածքը, պատմական քարավանային ճանապարհներով, որոնցով այժմ ձգվում են ժամանակակից քաղաքի հիմնական մայրուղիները: Երկրի արեւմուտքում Կասպից ծովից բացի հետաքրքրություն առաջացնող բաներ էլ կան: Այստեղ են գտնվում Բեկետ-Ատա, Շոպան-Ատա եւ Կարաման-Ատա ստորգետնյա մզկիթները, Օմարի եւ Թուռի դամբարանները, Մանգիշլակ թերակղզու դամբարանադաշտերը, «Բոկեյան Հորդա» հուշարձանների համալիրը, «Սարայշիկ» հնագույն բնակավայրը: Արեւելա-Ղազախստանյան մարզում ժողովրդականություն է վայելում բնապահպանական զբոսաշրջությունը: Այստեղ են գալիս, որպիսի տեսնեն «Բերել» պետական պատմամշակութային արգելոց թանգարանը, Ավակոլ լիճը, Կալժիրյան լիճը, Կատոն-Կարագայան պետական բնական ազգային պարկը: Երկրում գործում է «Սրբազան Ղազախստան» ծրագիրը, որը կոչված է պատմելու պետության պատմա-մշակութային ժառանգության եւ ազգային միասնության խորհրդանիշների մասին: Նման սրբազան վայրերից են Աուլիետաու լեռը, որտեղ են գտնվում Զրադաշտ մարգարեի, Ժոշի խանի, Ալաշա խանի, Թոխտամիշ խանի, Եդիգե բեյիՙ ժողովրդի ականավոր նախնիների հնագույն հուղարկավորութան վայրերը: Պատմության հանդեպ ոչ մեկին անտարբեր չեն թողնի եւ Խոջա Ահմեդ Յասավիի, Այշա Բիբիի, Բաբաջի Խաթունի, Ալաշա-խանի, Ժուբան-անայի դամբարանները, ինչպես նաեւ Կարլագ եւ Ալժիր պատմահուշահամալիրի թանգարանները: Իզուր չէ, որ վերջին ժամանակներս մշակութային-ճանաչողական զբոսաշրջությունն ավելի հանրաճանաչ է դարձել աշխարհում, նույնիսկ լողափնյա կամ մարզական զբոսաշրջության համեմատությամբ: Ճանաչելը մարդկանց, ովքեր քեզ հետ նույն մոլորակի վրա են ապրում, իմանալ նրանց կենցաղը, մշակույթն ու ավանդույթները, շատ ավելի հետաքրքրական է: Եվ այդ առումով, անվիճելիորեն, արժե բացահայտել Ղազախստանը: https://www.archive.azg.am/AM/2019041219 © AZG Daily, 2008 |