«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 2020-09-11

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Ճապոնիայի Ասիական հետազոտությունների ընկերակցության ու Միջազգային ակադեմիական ֆորումի նախաձեռնությամբ եւ Կոբեի, Օսակայի ու Կիոտոյի համալսարանների համագործակցությամբ կայացել է «Ասիան խաչմերուկներում. համերաշխություն գիտության միջոցով» վերնագրով միջազգային առցանց գիտաժողովը:

Գիտաժողովի ենթաբաժիններից մեկը կոչվում էր «Հայերը Ճապոնիայում. պատմական հեռանկարներ», որի ընթացքում կարդացվել է երեք զեկուցում անգլերենով:

«Մի հայ կին ճանապարհորդ Մեյիջի Ճապոնիայում. Հեղինե Մելիք-Հայկազյանի «Մի պտույտ Ճապոնում» (1905) գիրքը» վերնագրված զեկուցումով հանդես է եկել Աստղիկ Հովհաննիսյանը (Հայ-ռուսական համալսարան, Երեւան եւ Ճապոնագիտության միջազգային հետազոտական կենտրոն, Կյոտո):

Երկրորդ զեկուցողն էր Ճապոնիայի Օտեմոն Գակուին համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Շիգեմացու Շինջին , որն ուսումնասիրում է Ասիայում հայերի ներկայության պատմությունը եւ հանդես է եկել «Հայ ծովագնաց ճանապարհորդները Կոբեի օտարերկրացիների բնակավայրում» թեմայով զեկուցմամբ:

Իսկ պատմագիտության դոկտոր Մելինե Մեսրոպյանի (Տոհոկու համալսարանի միջազգային մշակութային ուսումնասիրությունների կենտրոն, Ճապոնիա) զեկուցման թեման էր «Հայաստանը որպես խաչմերուկ հայ փախստականների համար 20-րդ դարի սկզբին»:

Ա. Բ.


https://www.archive.azg.am/AM/2020091120

© AZG Daily, 2008