«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 2020-11-20

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի անկումը վճռորոշ պահ է հայոց պատմության մեջ: Մեկ դար առաջ Թուրքիան ահավոր ուժեղ հարված հասցրեց հայերին, որպեսզի նրանք հարյուրհինգ երկար տարիներ վշտակցեն եւ փորձեն աստիճանաբար ուշքի գալ ու ոտքի կանգնել:

Թվում է, թե Թուրքիայի ներկա կառավարության առաջնորդները որոշել են, որ ժամանակն է մեկ ուրիշ աղետալի հարված հասցնել հայերին, որպեսզի հաջորդ մի քանի տասնամյակներում նրանք շարունակեն ապրել իրենց ողբերգությունը:

Նախքան ինքնախարազանման անցնելը, անհրաժեշտ է ղարաբաղյան պատերազմն ու նոյեմբերի 10-ի խաղաղության համաձայնագրիը դիտարկել տարածաշրջանային զարգացումների եւ գերտերությունների շահերի բախման տեսանկյունից:

Մոտ երեք տասնամյակ առաջ Ղարաբաղի (Արցախի) ճակատագրի շուրջ ստեղծված հակամարտության սկզբից ի վեր այդ գերտերությունները պնդում էին, որ խնդիրը չունի ռազմական լուծում, ուստի հանձնարարեցին ԵԱՀԿ-ին, որ կարգավորման համար ջանքեր գործադրի:

Խնդրին առնչվելու ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փորձեցին իրենց վերահսկողության տակ պահել զարգացումները, որպեսզի գերտերություններից ոչ մեկը չհամարձակվի օգտվել կացությունից եւ իրեն ի նպաստ դիվիդենտներ ձեռք բերելՙ ի վնաս մյուս կողմի:

Բայց այս տարվա սեպտեմբերին, Թուրքիայի դրդմամբ եւ ակտիվ մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան ավարտվեց ռուս խաղաղապահների տեղակայմամբ Ադրբեջանում, մի բան, որ դուրս է ԵԱՀԿ-ի ձեւաչափի վերահսկողությունից:

Այդուհանդերձ, նոյեմբերի 10-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը արտացոլում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախատեսած բոլոր տարրերը եւ մի բան էլ ավելի: Բացի 2001-ին Քի Վեստի բանակցությունների կարճ ժամանակահատվածից, Հայաստանի տարածքի հարավային մասը բանակցությունների սեղանին չէր դրված:

Մինչ միջազգային հասարակությունը այն տպավորության տակ էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խորամանկորեն գերազանցել է նախագահ Ռեջեփ Էրդողանին այդ բանակցություններում, Սիրիայում եւ Լիբիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գերիշխանության համար մղված պայքարը շարունակվեց եւ տեղափոխվեց Կովկասՙ Ադրբեջանի տարածք բերելով թուրքական զորքերին, որոնք պետք է դիմակայեն այժմ ռուսական խաղաղապահներին:

Ռուսաստանի գործողությունն ու Թուրքիայի հակազդեցությունը համաշխարհային թատերաբեմ տեղափոխեցին հակամարտությունը, նսեմացնելով Ադրբեջանի հաղթանակն ու Հայաստանի պարտությունը: Ներկայիս Հայաստանի մարդասիրական աղետը երկրորդական է դարձելՙ տեղը զիջելով ռուս-թուրքական հակամարտության, որն զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունները Թուրքիայի կողմից մահմեդական ջիհադիստների օգտագործման հարցի շուրջ, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի համանախագահների քայլերն ուղղված հետագա զարգացումներին` առանձնապես մխիթարություն չեն կարող պարգեւել հայկական կողմին: Ընդհակառակը, նշված զարգացումները ցույց են տալիս հակամարտության ավելի լայն եզրագծերը: Հայերս մենակ ենք մնացել մեր վերքերն ամոքելու, մեր զոհվածներին թաղելու եւ ամենակարեւորըՙ մեր տունը, մեր հայրենիքը կարգի բերելու համար: Հայերիս պատուհասած ողբերգությունը շատ ավեի մեծ թափ կստանա, եթե անկարգությունները, փոխադարձ մեղադրանքներն ու անիմաստ գործողությունները շարունակվեն:

Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ փլուզվեց օսմանյան կայսրությունը, բայց շատ շուտով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը կարողացավ մոխիրներից մի նոր, արդիական հանրապետություն կազմավորել: Դրա նմանությամբ համաշխարհային Երկրորդ պատերազմը քարուքանդ արեց Գերմանիաին, բայց Կոնրադ Ադենաուերը կարողացավ տնտեսական հրաշք գործել Եվրոպայում: Ողբալու եւ իրար հանդեպ մատ թափ տալու փոխարեն Հայաստանն այժմ կարիք ունի մի սթափ ու իմաստուն անձնավորության, որը կկարողանար ամբողջ ազգին դուրս բերել ստեղծված դժբախտ իրավիճակից:

Ներկայիս քաղաքական մթնոլորտը Հայաստանում ավելի քան թեժացած է եւ հղի է գլորվելու անկանխատեսելի տարածքներ:

Ամբոխը, որ երկուսուկես տարի առաջ Ազատության հրապարակում «Սերժիկ, հեռացիր» էր աղաղակում, այժմ հավաքված «Նիկոլ, հեռացիր» է գոռում: Զորացրված կամ դասալիք զինվորներ վերադարձել են մարտի դաշտից իրենց զենքերով: Իրավիճակը չափազանց անկայուն է եւ որեւէ բոց կարող է քաղաքացիական խժդժությունների առաջնորդել: Նախկին իշխանությունից որոշ խմբավորումներ միացել են ամբոխինՙ օգտվելու ընձեռված քաոսային վիճակից: առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրել է ահազանգը եւ կոչ արել հեռու մնալ քաղաքացիական պատերազմից: Ի դեպ, նա գտնում է, որ պատմությունը արդարացնում է իրեն: 1994-ի հրադադարից հետո, երբ Ադրբեջանի վարչական տիրույթում գտնվող որոշ տարածքներ անցան Հայաստանի վերահսկողության ներքո: Տեր-Պետրոսյանն առաջարկեց գործարք կնքել, քանի դեռ ինքն էր թելադրողը, որպես հաղթանակածի: Նա զգուշացրեց, որ ժամանակը հօգուտ մեզ չի ընթանում, եւ այն ինչ հնարավոր է ձեռք բերել Բաքվից, հետագայում հնարավոր չի լինի ձեռք բերել: Նրան այդ ժամանակ դավաճան պիտակավորեցին եւ նա հեռացվեց նախքան նախագահության երկրորդ ժամկետի լրանալը:

Այսօր Նիկոլ Փաշինյանը միեւնույն ամոթալի պիտակին է արժանանումՙ տարածքներ հանձնելու եւ փոխարենը ոչինչ չստանալու համար:

Խորհրդարանից, կառավարությունից եւ բանակից դասալքություններն ու հրաժարականները գլխապտույտ առաջացնող արագությամբ են տեղի ունենում, եւ Փաշինյանի պաշտպանների շրջանակը գնալով նեղանում էՙ թողնելով նրան կատաղած ամբոխի առաջ: Նա անդրդվելի է մնում, բայց ինչքա՞ն ժամանակ: Խորհրդարանի վերջին նիստերից մեկի ժամանակ նա հայտարարեց, որ պատրաստ չէ հրաժարական տալու, մինչեւ չտեսնի մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի լսել ժողովրդի ձայնըՙ սահմանադրական ճանապարհով: Եթե այդպես է, ուրեմն նրա խոսքերը համընկնում են նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ նա հայտնեց նոյեմբերի 16-ին: Ցարդ նախագահը ստվերում էր մնացել: Սահմանադրությունը սահմանափակել էր նրա լիազորությունները: Երբեմն նույնիսկ արարողակարգի որոշ միջոցառումների նրա մասնակցությունն էր արգելվել: Սարգսյանի հեղինակությունը որպես համաշխարհային մակարդակի գիտնականի, եւ նրա դիվանագիտական, քաղաքական ու գործարարական կապերը չեն օգտագործվել: Հակառակ Փաշինյանի, նա գիտի լսել ուրիշների կարծիքը եւ եզրակացությունների հանգել: Նոյեմբերի 10-ից ի վեր նա հանդիպումներ է ունենում քաղաքական կուսակցությունների հետ, լինեն նրանք կառավարության ներսում, թե դրսում: Նա հանգել է այն եզրակացության, որ Փաշինյանն ու նրա կառավարությունը պարտավոր են հրաժարական ներկայացնել եւ ժամանակավոր մի ղեկավարություն պետք է նոր ընտրություններ կազմակերպի:

Ցարդ, նրա խաբուսիկ մեղմ վարվելաձեւը այն տպավորությունն էր առաջացրել, որ նա ի վիճակի չէ վճռական որոշումներ կայացնելու: Բայց նա ապացուցեց, որ որպես հոգատար հայր կարող է համերաշխություն կայացնել: Ո՛չ Փաշինյանի խմբի անդամները, ո՛չ էլ նախկին իշխանության ադամները ներկայիս չեն կարող մեծամասնություն կազմել խորհրդարանում: Միայն ազգային միասնության հիման վրա ստեղծված մի կառավարություն կարող է իշխանության ղեկը վերցնել իր ձեռքերում եւ վերականգնումի դժվարին ու տքնաջան աշխատանքի ձենռամուխ լինել:

Օրակարգի առաջին հարցը պետք է լինի խաղաղության համաձայնության ճիշտ մեկնաբանումն ու գործադրումը: Համաձայնությունը վատ լինելուց բացի, բավական շատ են այնտեղ վատ ձեւակերպված կամ երկդիմի նախադասությունները: Ճիշտ է ասված, որ սատանան մանրուքների մեջ է, բայց այս դեպքում մենք կարող ենք այդ մթին մանրուքների մեջ գտնել, կամ հայտնաբերել որոշ դրական կամ մեզ համար օգտակար կետեր:

Համաձայնագիրը արդեն իսկ գտնվում է միջազգային օրենքի մասնագետների մանրազնին ուշադրության կենտրոնում: Նրանք կարող են Հայաստանի համար որոշ նպաստավոր կետեր առաջարկել: Ամենաառաջավոր խնդիրն այժմ Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որովհետեւ դա երաշխիք է հանդիսանալու, որ փախստականները վերադառնան տուն:

Այս անորոշ եւ անհստակ ժամանակներում անհրաժեշտ է, որ ինչքան հնարավոր է մեծ թվով փախստականներ վերադառնան Ղարաբաղ: Անկլավի ապաբնակեցումը կհանգեցնի մեր Արեւմտյան Հայաստանի հողերի ճակատագրին, որտեղ ինքնորոշման համար պայքարողներ այլեւս չկան:

Ներկայիս, խառնաշփոթ իրավիճակ է Հայաստանում: Դա նաեւ իր արտացոլումն է գտել սփյուռքում: Ի դեպ, ո՞վ է ներկայացնում սփյուռքը: Որտե՞ղ է սփյուռքի ձայնը: Սփյուռքը նույնպես իրարանցման մեջ է, անհամերաշխ: Միայն ազգային միասնության հիման վրա կազմված մի կառավարություն Հայաստանում կարող է ուղղություն ցույց տալ սփյուռքահայերին:

Վերջերս սփյուռքը կարողացավ համախմբվել հայրենիքին օգտակար լինելու միակ եւ հրատապ պահանջի առկայության պայմաններում: Այս անգամ, վերամիավորման մարտահրավերը ավելի ծանր է լինելու: Դժբախտաբար, սփյուռքի ռեսուրսները բավարար չեն լինելու երկրի տնտեսական վերականգնումը ապահովելու համար: Անհրաժեշտ է լինելու դիմել գլխավորապես բարեկամ երկրների եւ միջազգային կազմակերպությունների օժանդակությանը եւ ներդրումների ձեռքբերմանը:

Համավարակի դեմ պայքարը մեկ այլ մարտահրավեր է, որին պետք է անդրադառնալ տնտեսության վերականգնումից հետո: Տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը նշանակում է, որ անկայունության մթնոլորտը շարունակելու է երկար ժամանակ մնալ այնտեղ: Դա պահանջելու է, որ Հայաստանը վերակազմավորի իր բանակը, պատրաստ լինելու համար հետագա պատերազմների: ուժեղ բանակը նաեւ Ադրբեջանին է հեռու պահելու իր նախահարձակ մտադրություններից:

Հայաստանը ոչ միայն պարտավոր է հարստացնել իր զինանոցը ԱԹՍ-երով, որոնք վճռական դեր խաղացին այս պատերազմում, այլեւ ավելի հեռուն գնալով ձեռք բերել նոր սերնդի զենքեր: Նույնիսկ միջուկային զենքի տարբերակը պետք է լինի օրակարգի հարց: Հայաստանը ոչ մի երկրի չի սպառնում, սակայն նա պետք է ունենա ամենաառաջնային զինատեսակը, որպեսզի կարողանա ապահովել իր անվտանգությունը:

Աշխարհագրական եւ ժողովրդագրական փոփոխություններին զուգընթաց պետք է փոխվի նաեւ քաղաքականությունը: Մինչ օրս Թուրքիան Հայաստանի շրջափակումը վերացնելու համար պայման էր դրել, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի հօգուտ Ադրբեջանի: Այժմ երբ այդ պայմանը կատարվել է, Թուրքիան փորձելու է միջազգային հանրության առաջ լավ մարդ ձեւանալով որոշակի դիվիդենտներ կորզել: Թուրքիան շատ լավ է տիրապետում նվաճելու եւ դրանից օգուտ քաղելու արվեստին: Նա գրավեց Սիրիան, սպանեց հազարավոր անմեղ մարդկանց, տեղահանեց չորս միլիոն քաղաքացիների եւ դրանից հետո փախստականներին հովանավորող սո՜ւրբ խնամակալի տեսքով Էրդողանը միլիարդավոր դոլարների հասնող դրամական օժանդակություն ստացավ Եվրոպայից այդ փախստականների կարիքները հոգալու համար:

Անկարան փորձելու է նույն քաղաքականությունը կիրառել նաեւ Հայաստանի պարագայում, ներկայացնելով, որ վերացնում է շրջափակումըՙ որպես լավություն անելու, բարեհաճ վերաբերմունքի դրսեւորում:

Այս անգամ, սակայն, Հայաստանը պետք է փորձի դերերը փոխել եւ ներկայացնել իր սեփական պահանջները: Ցարդ Հայաստանը առաջարկել է վերահաստատել դիվանագիտական հարաբերությունը առանց նախապայմանների: Այսօր, նա պետք է որոշ պայմաններ առաջարկի: ա) Ցեղասպանության ճանաչում եւ բ) պատշաճ փոխհատուցում: Թուրքիան խիստ խոցելի է Հայոց ցեղասպանության հարցում եւ այդ է պատճառը, որ Էրդողանը միլիոններ է ծախսում ֆինանսավորելու համար Ցեղասպանությունը ժխտող կառավարական հանձնախմբեր:

Երեւանը պետք է միշտ վառ պահի Ցեղասպանության հարցը եւ Թուրքիային պահի պահպանողական դիրքերում: Բացի դրանից, եթե սահմանները բացվեն, թուրքական ապրանքները ողողելու են հայկական շուկաները եւ հայ զբոսաշրջիկներն էլ շտապելու են հանգստանալու թուրքական լողափերում: Իսկ Հայաստանը ի՞նչ ունի վաճառելու Թուրքիային:

Մենք պարտավոր ենք դասեր քաղել Վրաստանի օրինակից: Թուրքիան գաղութացրել է Վրաստանը տնտեսապես եւ քաղաքականապեսՙ ներդրումների քողածածկույթի տեսքով: Նման գաղութացում Հայաստանին բոլորովին հարկավոր չէ:

Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը գտնվում են պատմականորեն շրջադարձային ժամանակահատվածում: Արցախի պարտությունը պետք է դառը դաս ծառայի առաջ տանելու համար հայերին դեպի ավելի խոստումնալի ապագա:

Անգլերենից թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)


https://www.archive.azg.am/AM/2020112007

© AZG Daily, 2008