ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 2014-12-05

ԼԵՎՈՆ-ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ «ԼՈՅՍ ԶՈՒԱՐԹ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

201403907.jpg

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Ամերիկահայ գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանը հետեղեռնյան սերնդի այն մտավորականներից է, ով սեփական մաշկի վրա զգալով 1915-ի արհավիրքը, կրեց որբության սարսափն ու տարագիր մարդու հոգեկան տագնապները` հետագայում խորհրդանիշներից մեկը դառնալով վերապրող հայության: Ծնողներին կորցնում է Եղեռնի տարիներին, ինքը, ավագ եղբայրն ու երկու քույրերը փրկվում են մի հույն բժշկի օգնությամբ: Սկսվում են տարագիր կյանքի անկայուն ու անհանգիստ օրերը`ռուսական նավով հասնում է Բաթում, ապա Կրասնոդար, զինանադադարից հետո վերադառնում է Պոլիս, մեկ տարի անց ընկերների հետ Հայաստան գնալու անհաջող փորձ է կատարում թուրքերի` Կարսը գրավելու պատճառով, նորից վերադարձ Պոլիս, որտեղ սովորում է Կեդրոնական վարժարանում։ Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ շատ չանցած մեկնում է ԱՄՆ, Կանզասի նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորում է նաեւ Նեբրասկայի եւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Լոս Անջելեսում Սյուրմելյանը խմբագրում է «Armenian Messenger» շաբաթաթերթը, անգլերեն եւ անգլալեզու գրականություն է դասավանդում Կալիֆոռնիայի համալսարանում եւ այլ ուսումնական հաստատություններում։

Սյուրմելյանի անունը ամերիկյան գրական շրջանակներում հայտնի է դառնում «Ձեզ եմ դիմում, Տիկնայք եւ Պարոնայք» Եղեռնի մասին պատմող ինքնակենսագրական վեպով, գրված անգլերենով, հրատարակված 1945-ին: Նրա հայերեն միակ եւ առաջին ժողովածուն 1924 թ.-ին Վահան Թեքեյանի խմբագրությամբ, հոգածությամբ եւ առաջաբանով Փարիզում լույս տեսած «Լոյս Զուարթ» բանաստեղծությունների գրքույկն է, որն ավելի ուշ ունեցավ եւս երկու հրատարակություն` 1950 եւ 1972 թվականներին, Նյու Յորքում: Դրանից հետո գրված նրա բոլոր գործերը անգլերեն են («98.6» վեպը, «Արձակի տեխնիկա. Չափ եւ խենթություն» գրականագիտական աշխատությունը)։ Զվաղվել է նաեւ բանասիրական աշխատանքով, անգլերեն է թարգմանել եւ հրատարակել «Սասնա ծռեր» էպոսը եւ «Անմահության խնձորները» հայ ժողովրդական ավանդավեպերի հավաքածուն:

Սյուրմելյանի փարիզյան հրատարակության 90-ամյակի տարում` 2014-ին, օրերս Երեւանում լույս է տեսել «Լոյս զուարթ» ժողովածուն` Վետա Հարությունյանի նախաձեռնությամբ. նա երկար տարիներ զբաղվել է Սյուրմելյանի գրականության ուսումնասիրությամբ, գրել է բազմաթիվ հոդվածներ, ներկա է եղել 1970-ին Երեւանում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի սրահում գրողի հետ կայացած հանդիպմանը, հետագայում նրա հետ նամակագրություն է ունեցել եւ իրենից ժամանակին ստացած բանաստեղծությունների գրքույկը որոշել է հանձնել վերահրատարակության, ինչպես ինքն է գրում` իբրեւ հոգու պարտք: Ժողովածուն հրատարակության է պատրաստել Սերգեյ Գալստյանը :

Կարդալով Սյուրմելյանին եւ նրա քերթվածքները ներկայացնող Վահան Թեքեյանի առաջաբանը` ընդամենը մի քանի էջ, կատարյալ պատկերացում կարելի է կազմել գրողի ներաշխարհի, նախասիրությունների, որքան հուզական ու տպավորվող, նույնքան ամուր ու հաստատակամ նրա բնավորության, իդեալների ու երազների, բնապաշտ ու հայրենապաշտ հոգու, հայրենիքի ու հողի, նախնյաց հիշատակների հանդեպ ունեցած վերաբերմունքի, կենսագրության մասին նաեւ: Թեքեյանը գրում է, որ բանաստեղծություններից մեկը առաջին անգամ տպագրել է իր խմբագրած «Ժողովուրդի Ձայնը» թերթում, երբ Սյուրմելյանը Պոլսի Ազգային Կեդրոնական վարժարանի սան էր, եւ նրա ուսուցիչը` Հակոբ Օշականը դա հանձնել էր իրեն, ինչպես ասում է` «ոչ թե հրատարակության, այլ հպարտության համար»: Սյուրմելյանի նամակներից արված մեջբերումները լավագույնս բնութագրում են տողերի հեղինակին, պատահական չեն դրանք արժանացել Թեքեյանի ուշադրությանը. «...Ես կուզէի լուռ ու անծանոթ ըլլալ: Շատ է ու անժամանակ զիս լոյսին տալ: Վտանգաւոր է յոյսեր դնելը վրաս: Ես դեռ կազմաւորման շրջանիս մէջ եմ, ու քանի մը յաջող կտորներէս եզրակացութիւններ հանելը զիս գէշ դրութեան մէջ կը դնէ, որովհետեւ կրնայ պատահիլ որ «պարտքս» չկարենամ վճարել» ...

...«Նոր մակդիր մը գտա, որ կը շոյէ զիս, կուզեմ, կաշխատիմ «Հայաստանի լուռ մարդը» ըլլալ: Քանի մը Ամերիկացիներ զիս կը կոչեն կատակով` «The Silent Boy of the East», գրում է իր բանաստեղծությունների գրքույկը հրատարակելու Թեքեյանի առաջարկի պատասխան նամակում : «...Ես կատեմ բոլոր մեծ քաղաքները, ուր արեւը կարծես խեղդուած խոշոր թռչուն մըն է, փոշիին ու մուխին մէջ եւ կուպրի հոտ մը մարդուն ռունգերը կայրէ: Ես կատեմ նաեւ կեանքը, որ դուրս է մեր պապերուն հողերէն, եւ բոլոր անոնք, ինչ կուզեն թող ըլլան, ընկեր, բարեկամ թէ փիլիսոփայ, որ չեն զգար իրենց մէջ կրակը այրած Հայաստանին: Պահեցէք այս թուղթերս որպէս մուրհակ ու եթէ իմ կեանքս չըլլայ այն ինչ որ այսքան ատեն կը կրկնեմ, վառեցէ՛ք թուղթերս եւ յիշատակս ալ միասին» , գրում է մեկ այլ նամակում:

Փոքրիկ ժողովածու, ընդամենը 20 բանաստեղծություն` հոգու խորքից ելնող նուրբ ձայներ, հիշողության վիրավոր արձագանք, կեղեքող ցավ ու տխրություն անչափելի կորստի դիմաց եւ կարոտ, որ ելքեր չի գտնում, եւ ի գին այդ մեծ տառապանքի, անդառնալի կորստի, վերհառնող կամք, արարելու ձգտում: Այդ մեծ ողբերգությունների անդադար վերապրվող նոտաների մեջ տիրապետողը այնուամենայնիվ լույս զվարթն է: Անդրանիկ այս ժողովածուն արդեն պատկերացում տալիս է երիտասարդ հեղինակի աշխարհայացքի, գրական նախասիրությունների, գեղագիտական կողմնորոշումների մասին: Դրանք կրում են արեւմտահայ բանաստեղծության լավագույն ավանդույթները, որտեղ ակնհայտորեն ներկա են մեծարենցյան շունչը, թեքեյանական ոգին. բնապաշտ հոգու բյուրեղացած զգացումներ, հոգեվիճակներ, հուզական տրամադրությունների բանաստեղծական պատկերներ («Մայրիկիս», «Տունիս յիշատակը», «Տրտմութիւն», «Զարմացում», «Լոգանք լուսնին հետ», «Ծառ մըն եմ ես»): Լեւոն-Զավեն Սյուրմելյանը հետագայում այլեւս չդիմեց բանաստեղծության մուսաներին, նրա գրական տաղանդը դրսեւորվեց միայն արձակի ասպարեզում, սակայն նրա այս մեկ ժողովածուն, անգամ մեկ-միակ բանաստեղծությունը բավարար է հայ քնարերգության լավագույն էջերից այն համարելու: Դա իհարկե` «Ասացուածք ծառ տնկելու առթիւ» գործն է` հիշողության ու վերապրելու կամքի իր հայտնի արտահայտությամբ` «...Մեռելներուս իբրեւ խաչ` ես այս ծառը տնկեցի...» :

«...կարելի է Արուեստը իբրեւ ընդարձակ բարեկամութիւն մը սահմանել, իբրեւ արուեստագէտին հոգւոյն գերագոյն, անգիտակից պահանջը` իրեն անծանօթ, միջոցով եւ ժամանակով իրմէ հեռու, հոգիներէ սիրուելու: Այդ հասկացողութեամբ, վստահ եմ, որ հոս ամփոփուած բանաստեղծութիւնները պիտի տարածեն բանաստեղծին գեղասէր հոգին եւ իրեն պիտի բերեն բազմաթիւ անծանօթ, հեռաւոր, խանդավառ բարեկամութիւններ...» , գրում է Վահան Թեքեյանը: Խոսքեր, որ շատ չանցած իրականացան. Լեւոն-Զավեն Սյուրմելյանը իր «պարտքը» ավելիով կատարեց:


https://www.archive.azg.am/AM/2014120501

© AZG Daily, 2008