ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 2014-12-19 ՕՊԵՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՄելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Արտերկրի լավագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու պատեհություն մեր հայրենակիցներից քչերին է տրվում, ինչն անհատական փորձառություն է բերում, երբեմն էլ ճակատագիր դառնում: Անուշ Հովհաննիսյանը աշխատում է Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, ասպիրանտուրայի ավարտական տարում հնարավորություն է ընձեռվել կրթությունը շարունակելու Գլազգոյի արքայական կոնսերվատորիայում: Այդ տարիների մասին նա հետաքրքրական դիտարկումներ, կարեւոր հետեւություններ էր անում «Ազգի» խմբագրատանը 2013-ի ամռանը մեր ունեցած զրույցի ժամանակ: Մի քանի ամիս հետո աշխատանքային պայմանագրով նա մեկնելու էր Անգլիա` երգելու Քովենթ Գարդենում. օպերային թատրոնի` նույն տարվա կազմակերպած երիտասարդական մրցույթում 360 մասնակիցների մեջ նա 5 հաղթողներից մեկն էր ճանաչվել եւ հրավեր ստացել: Բնական էին երգչուհու այդ օրերի տրամադրությունները` ուրախության, պատասխանատվության եւ անհանգստության իհարկե: Անցել է արդեն 1,5 տարի, փորձեցինք էլեկտրոնային հաղորդակցությամբ տեղեկանալ նրա ստեղծագործական ընթացքի, նորությունների մասին: - Սկզբնական տպավորությունը ինչպիսի՞ն էր, ինչպիսի՞ն է վերաբերմունքը նորեկների հանդեպ, թատրոնի աշխատանքային մթնոլորտը ինչպե՞ս կներկայացնես: - Առաջին իսկ օրվանից թատրոնի ողջ անձնակազմը գիտեր անունս: Երեւի թե տարվա ամենամեծ զարմանքս էր: Անունս գիտեին ոչ թե այն պատճառով, որ հայտնի եմ, այլ իրենք ուզում էին ինձ անունով դիմել եւ առաջին իսկ հանդիպմանը մտերմիկ զրույց ունենալ: Ապշած էի: Առաջին շաբաթվա օրերին Քովենթ Գարդենում շատ զբաղված էինք .... ինչպես իրենք` անգլիացիներն են ասում` «թեթեւ խմիչք» հրավերներով, թատրոնի յուրաքանչյուր բաժնից: Մյուս չորս նորեկների հետ ծանոթացա մի քանի հարյուր մարդկանց հետ. նրանք բոլորը գիտեին մեր անունները, իսկ մենք ոչ մի անուն չհիշեցինք: Այս թատրոնոմ աշխատելը մի անասելի հաճույք է: Ամեն մեկը գիտի` ինքն ինչի համար է պատասխանատու եւ իր գործն անում է հնարավորինս լավ: Արվեստի մեծ սիրահարներ են, ներկա են լինում բոլոր ներկայացումներին` բալետային թե օպերային: Տպավորությունս այնպիսին է, թե սա մի մեծ- ուրախ պրոֆեսիոնալ ընտանիք է: Բացի հրաշալի, առողջ աշխատանքային մթնոլորտից ու մարդկային անկեղծ վերաբերմունքից, շատ մեծ է նաեւ այն աջակցությունը, որ ստանում եմ մասնագիտական առումով: Արդեն ձեւավորված սովորույթներով եւ ավելի քան արդարացված աշխատելաոճով «Յետտե Փարքեր» երիտասարդ արտիստների հայտագիրը միակն է աշխարհում, որն ունի այդքան հարուստ աշխատանքային ծրագիր, որի շրջանակներում ես ունենում եմ մարզումներ` թե երաժշտական, թե սպորտային եւ թե հարակից անհրաժեշտ այլ առարկաների գծով, ինչպես` եվրոպական լեզուների ուսուցում, պար եւ մարմնի ճկունություն, դերասանի վարպետության դասեր, կատարողական հոգեբանություն, սուսերամարտ, բեմական մարտ, վարպետության բազմաբնույթ դասեր լեգենդար արտիստների հետ եւ այլն: - Երեւանյան մեր հանդիպմանը պատմում էիր դեռ դպրոցական տարիքից քո առավոտների մասին, երբ մինչեւ տանից դուրս գալը անպայման լսում էիր օպերային բեմի ժամանակի հանրահայտ երգիչների կատարումներ. այժմ դու նշանավոր շատ արտիստների հետ երգում ես միեւնույն բեմում, ի՞նչ զգացողություններ ունես: - Անցած տարին բնութագրելու համար շատ երկար պետք է խոսեմ, որովհետեւ կյանքիս ամենախիտ, ամենաէմոցիոնալ, ամենածանր, ամենահաճելի, ամենա, ամենա տարին էր: Անչափ մեծ առաջընթաց եմ ապրել` թե մարդկային եւ թե մասնագիտական առումներով: Հանդիպել եմ իմ կուռքերին, մարդկանց, որոնք իրապես մեծ հետք են թողել իմ` որպես երգչի ու դերասանի ձեւավորման վրա: Ներկայացումներ, հանդիպումներ, զրույցներ ու վարպետության դասեր եմ ունեցել արտիստների հետ, որոնցով ոգեշնչված եմ եղել միշտ, եւ որոնց երբեւէ հանդիպել անգամ չեմ երազել: Նրանցից մի քանիսը հանրահայտ անուններ են, ինչպես կոլեգաներն են հումորով անվանում` Խաղաղ Կիրակին (իսպաներենից Պլասիդո Դոմինգո անվան բառացի թարգմանությունն է), Բռին Թըրվել, Անջելա Գեորգիու, Աննա Նետրեբկո, Դմիտրի Խվարաստովսկի, Ռոբերտո Ալանյա, Սեմյոն Բիչկով, Սայմոն Ռաթըլ եւ այլք: Ի դեպ, նշված մարդկանցից շատերը հայերեն մեկ-երկու բառ, եթե ոչ մի ամբողջ նախադասություն գիտեին, եւ շատ հաճելի էր, երբ բարեւում էին հայերեն: Ինձ անչափ երջանիկ ու հաջողակ եմ համարում, որ աշխատում եմ մի այնպիսի թատրոնում, որն աշխարհի ամենաճանաչված, հարգված, ստեղծագործապես ակտիվ թատրոններից մեկն է, որտեղ ամեն քայլափոխի կհանդիպես մի աշխարհահռչակ արտիստի, լինի բալետի ոլորտում, թե օպերայի, եւ կա՛մ բեմական ռեժիսոր կարող է լինել, կա՛մ մոդայի աշխարհում հայտնի աստղ, որն աշխատում է ընթացիկ ներկայացման դիզայնի վրա եւ այլն: Աննկարագրելի ներքին հրճվանքն ապահովված է ամեն աշխատանքային օր: - Ի՞նչ համերգներ, ելույթներ ունեցար, որոնք հիշարժան դարձրին լոնդոնյան աշխատանքային առաջին տարին: - Առաջին դերս Արքայադստեր դերերգն էր ժամանակակից իսպանացի կոմպոզիտոր Քսավյե Մոնտսալվաժի «Կոշկավոր կատուն» օպերայում: Մամուլի քննադատություններն ու արձագանքները շատ տպավորիչ էին: Opera Now ամսագիրը գրեց . «Անուշ Հովհաննիսյան- Արքայադուստրը հանդիսատեսին ներկայացրեց ամենանուրբ լիրիկ երգեցողություն: Նա թատրոնի ծավալից ավելի մեծ ձայն ունի: Սա մի երգչուհի է, որին շատ շուտով կլսենք ամենամեծ եւ բարդ դերերով»: Անցյալ տարին լի էր էմոցիոնալ պահերով ու հարուստ փորձով: Թագավորական օպերային թատրոնում դեբյուտ, հանդիպումներ ու զրույցներ նշանավոր անհատականությունների հետ, մասնագիտական շարունակական առաջընթաց: Քովենթ Գարդենում համերգաշրջանի առաջին դերերգս Լուչիլլան էր` Ռոսսինիի «Մետաքսյա սանդուղքը» կատակերգական օպերայում: Բացի իմ դերերգերից, մենահամերգ ունեցա թատրոնի ամենաշքեղ սրահներից մեկում, եվրոպական դասական կոմպոզիտորների գործերին զուգահեռ ընտրել էի Ռոբերտ Պետրոսյանի, Էդուարդ Աբրահամյանի եւ էդվարդ Միրզոյանի ռոմանսներից: Համերգի սկզբում հանդիսատեսին ներկայացրի ծրագիրը, բացատրեցի` մեկ համերգի մեջ այդպիսի բազմազան գործեր համադրելու պատճառները: Համերգը նվիրեցի հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի պայծառ հիշատակին: Ներկաները հուզված էին, երբ հիշողություններ պատմեցի, նաեւ խոսեցի այն մասին, որ իմ մասնագիտական հաջողությունների համար պարտական եմ մեծ վարպետին` իմ կարողություններին հավատալու եւ ոգեւորելու համար: Համերգից հետո երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ բեմից, բոլորն իրենց պարտքն էին համարում գալ եւ շնորհակալություն հայտնել հայկական երգերի կատարման համար: Երկրորդ մենահամերգն արդեն պլանավորված է այս տարվա դեկտեմբերին: 2014-15 օպերային համերգաշրջանը ավարտեցի օգոստոսին Շվեցարական «Էռնստ Հեֆլիգերի» (The Concours Suisse Ernst Haefliger) մրցույթով` գրավելով առաջին պատվավոր մրցանակը: (Այդ մասին «Ազգ»-ը ժամանակին իրազեկել է Ասատուր Գյուզելյանի գրչով): Առաջիկայում, բացի Քովենթ Գարդենի ելույթներից, պլանավորված է դեբյուտ Լոնդոնի Ֆիլհարմոնիկ կամերային նվագախմբի հետ, Լոնդոնի «Քադոգան Հոլում»: Վստահ եմ, որ առաջիկայում եւս սպասվում են անակնկալներ, անհավանական հանդիպումներ ու արկածներ, ինչպես նախորդ տարի: https://www.archive.azg.am/AM/2014121906 © AZG Daily, 2008 |