ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 2015-03-13

«ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԵՂԱՇԱՐԺԵՐ, ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐ»

Մոնրեալի համալսարանի համեմատական գրականագիտության դոկտոր Նելլի Հոջիկյանը «Harmattan» հրատարակչությունում լույս տեսած իր աշխատության մեջ ընթերցողին առաջարկում է հայոց հետեղեռնյան մշակույթը քննության առնել կանադահայ նշանավոր կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի անընդհատական փոխանցման արվեստի ուսումնասիրության միջոցով:

Հեղինակը իր գրքում սփյուռքահայության մշակութային արտադրանքի վերաբերյալ հարցադրումներ է անում դեպի Կանադա կատարված գաղթի համատեքստում: Այդ նպատակով նա վերլուծում է Ատոմ Էգոյանի չորս լիամետրաժ ֆիլմերՙ «Մերձավոր ազգականը», «Ընտանեկան ստուգատեսը», «Օրացույցը» եւ «Արարատը», որոնցում կինոբեմադրիչը բացահայտորեն, իսկ երբեմն էլ փոքր-ինչ անուղղակի կերպով սփյուռքյան ինքնությունների տարատեսակ դրսեւորումներ է նկարահանել Կանադայի բազմամշակութային միջավայրում:

Հեղինակի բնորոշմամբ, Ատոմ Էգոյանի «ընտրաքաղային, հատվածական եւ բազմամշակութային ֆիլմերը, անասկած, սփյուռքյան մտայնության լավագույն մարմնավորումն են»: Ի դեպ, սփյուռքի մշակութային իրականության այդ գերհատվածայնության արտացոլման շնորհիվ է, որ նրա կինեմատոգրաֆիական աշխատանքները պահպանում են ապշեցուցիչ ներդաշնակություն եւ հարատեւություն, նշում է Նելլի Հոջիկյանը: Արտառոց երեւույթների ուսումնասիրման միջոցով կինոբեմադրիչը նոր ժանր է գործի դնում հետտարագրային երեւույթների վրա ուշադրության բեւեռման շնորհիվ:

Գրքում խոսվում է նաեւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Հայաստանի, Կանադայի կերպարվեստի, կինոյի, լուսանկարչության մասին:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Ֆրանսերենից ամփոփեցՙ Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2015031302

© AZG Daily, 2008