ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 2017-09-01ԳԱՐԵԳԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ. ՆՎԱՃԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՆՍոնա ՊՈՂՈՍՅԱՆ Քսանամյա Գարեգին Պողոսյանն արդեն նախանձելի կարիերա ունի: Լիոնի Երաժշտության եւ պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում ուսանելուց եւ 2014 թ. Լոզանի մրցանակը շահելուց հետո նա այժմ պարում է «Ամերիկյան բալետի թատրոն» նշանավոր պարախմբում: Երիտասարդ տաղանդն անդրադառնում է իր կարիերային եւ Նյու Յորքում իր նորՙ ֆրանս-հայկական կյանքին: - Ինչպե՞ս է պարը մտել ձեր կյանք: - Արվեստագետների ընտանիքից եմ: Հայրս երգիչ է, մայրսՙ դասական պարի ուսուցչուհի եւ խորեոգրաֆ, իսկ քույրսՙ պարուհի: Դժվար խուսափեի այդ ամենից: - Ե՞րբ է պարը դարձել լուրջ զբաղմունք ձեզ համար: - 13-14 տարեկանում, երբ պարտավորված եղա ուսմանս ուղղությունն ընտրել: Ունկնդրության գնացի Լիոնի Բարձրագույն կոնսերվատորիա եւ ընդունվեցի: Դրանից առաջ չէի պատկերացրել, որ մի օր լրջորեն կզբաղվեի դրանով: Հետո հանդիպեցի Ֆիլիպ Լորմոյին, որն ամբողջովին փոխեց իմ մոտեցումը պարի հանդեպ: Այն ժամանակ հասկացա, որ պարը կարող է ավելի լուրջ զբաղմունք դառնալ իմ կյանքում: - Վերջին հայը, որը մրցանակ էր շահել Լոզանի դասական պարի մրցույթում, Դավիթ Կարապետյանն էր 1999-ին: Ձեզ համար ի՞նչ էր Լոզանի մրցույթը: - Բացառիկ հնարավորություն եւ կրկնակի հպարտություն, որովհետեւ այնտեղ միանգանից երկու երկիր ներկայացրիՙ Հայաստանը եւ Ֆրանսիան: Այդ մրցույթում Ֆրանսիան նույնպես վաղուց մրցանակ չէր շահել: Լարվածությունը մեծ էր: Ամբողջ արձակուրդս անցկացրի աշխատելով: Տարբեր պրակտիկաներ անցա Սանկտ Պետերբուրգում եւ Փարիզում: Մասնավոր պարապմունքի գնացի տարբեր հայտնի դեմքերիՙ Պատրիկ Դյուպոնի եւ Ալեքսանդր Աստիեի մոտ: Պետք է հաջողեի, ուրիշ տարբերակ չկար: - Որտեղի՞ց է գալիս ձեր այս համառությունը: - Դե հայ եմ, չէ՞ (ծիծաղում է): Չգիտեմ... Իրականում տարբեր բաներիցՙ իմ դաստիարակությունից, իմ ուսուցիչներից: Ինձ սովորեցրել են միշտ 200 տոկոսով նվիրվել գործին, կարգուկանոն պահպանել եւ սիրել աշխատանքը: Միշտ պետք է հիշել, որ պարողի կարիերան նման է կայծակի: Պետք է հենց հիմա նվիրվել, քրտնել, պարել: Այս ոլորտում զարգանալը պահանջում է խստություն, կասեիՙ նույնիսկ համառություն: - Ինչպես է ընթանում սովորական օրը «Ամերիկյան բալետի թատրոնում»: - Օրը սկսվում է դասական պարի դասովՙ ժամը 10.15-ից մինչեւ 11.45-ը, հետո փորձերը իրար են հաջորդում մինչեւ մոտավորապես ժամը 19-ը: Մեր պարախումբը հատուկ է այն բանով, որ բազմաթիվ ներկայացումներ է տալիս, այդ պատճառով էլ սովորական օր չի լինում մեզ համար: «Նուվել դ’Արմենի», Փարիզ, Ֆրանսերենից թարգմանեց ԱՇՈՏ ՓԱՓԱԶՅԱՆԸ https://www.archive.azg.am/AM/2017090105 © AZG Daily, 2008 |