ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 2019-03-08

ԲԱՐՁՐԱՑՈՂ ԱՍՏՂԵՐ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԸՙ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻ ԱՍՏՐԻԴ ՊՈՂՈՍՅԱՆ

201900901.jpg

«Ավելի լավ է փորձել եւ ձախողվել ու ափսոսալ, քան բոլորովին չփորձել», համոզված է անորոշ ապագայի ակնկալիքով 10 տարի առաջ Չինաստան ոտք դրած եւ այսօր Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր ջութակահարուհին դարձած տաղանդավոր հայուհին, որին թարգմանաբար ներկայացնում ենք AGBU Insider հանդեսի էջերից:


Կյանքում լինում է մի պահ, երբ մեր առաջ հառնում է կարիերայի անակնկալ մի հնարավորություն, որը կկանխորոշի մեր ամբողջ ապագա մասնագիտական ուղին: Ընտրություն կատարելը ռիսկ է պարունակում իր մեջ, որովհետեւ այն ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ ուղին քեզ հաջողության կառաջնորդի: Աստրիդի կյանքում նման հնարավորությունը վաղ հայտնվեց, անմիջապես ավագ դպրոցն ավարտելուց հետո: Նա հասկացավ, որ իր երաժշտական ունակությունները զարգացնելու համար անհրաժեշտ է ուսումը շարունակել արտասահմանում: Դիմեց ուսանողների փոխանակման պետական ծրագրերից մեկին եւ ամիսներ անց ստացավ մի հեռախոսազանգ, որով նրան հայտնում էին, թե միայն մի երկիր թափուր տեղ ուներ երաժշտի համար: Ակնկալելով, որ այդ երկիրը կա՛մ Եվրոպայում կլինի կա՛մ էլ Հյուսիսային Ամերիկայում, Աստրիդը ցնցվեց իմանալով, որ դա... Չինաստանն էր:

«Մտածեցի, որ սխալ լսեցի: Մայրս հետաքրքրվեց. «ո՞ր երկիրը», ասացի «Չինաստանը»: Խորհեցանք, որ հաստատ հալյուցինացիայով ենք տառապում», հիշում է Աստրիդը:

Չինաստանի վերաբերյալ դեռատի աղջկա գիտելիքները սահմանափակվում էին Դիսնեյի նկարահանած «Մուլան» ֆիլմով, որի ուժեղ կամքի տեր հերոսը շատ էր տպավորել նրան: «Ինձ դուր էր եկել «Մուլանը», որը դիտել էի 5-6 անգամ: Մորս ասացի, որ սա «Մուլանի» երկիրն է, արի գնանք»:

Ծնողների համար դժվար է եւ խիստ անհանգստացնող թողնել 16 տարեկան աղջկան մենակ մեկնել Չինաստանի նման հսկայական մի երկիր եւ հաշվի առնելով դստեր հաստատակամությունն ու նախասիրությունները, Աստրիդի մայրը համաձայնվում է մեկնել նրա հետ Շանհայ 2009 թվին:

«Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ինձ մենակ թողնելով այդ քաղաքում մայրս վերադարձավ Հայաստան: Ողջագուրվելուց նա ինձ ասաց, որ հավատում է իմ ուժերին եւ վստահ է, որ կհասնեմ իմ նպատակին»:

Նա չսխալվեց: Այսօր Աստրիդ Պողոսյանը բարձրացող աստղ է համարվում ոչ միայն Շանհայի սիմֆոնիկ նվագախմբում, այլեւ տեղական հեռուստատեսությունում, որտեղ իր երաժշտական բացառիկ ունակություններն է ցուցադրել բազմիցս: Իր ոլորտում նա առաջին օտարերկրացին է, որ հասել է նման բարձունքի: Խիստ կազմակերպված եւ մարդամոտ Աստրիդը այսօր զբաղեցնում է նվագախմբի տնօրենի օգնականի պաշտոնը, նվագելուց բացի հոգ տանելով նրա կարգուկանոնի եւ հեղինակության պահպանմանը:

«Դա իմ բնավորության հետ է կապված: Միշտ ցանկացել եմ նոր հորիզոններ բացահայտել ինձ համար: Երբեք չեմ բավարարվել միայն ջութակ նվագելով», խոստովանում է Աստրիդը: Նա ուրախ է ու ոգեւորված, որ ինքն էլ է մասնակցում նավագախմբի վերազարթոնքին: Նվագախումբն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում մեծացնելով տարբեր տարիքի մարդկանց հաճախումը համերգներին: Իսկ այն ինչ մեծապես գնահատում է իր նվիրվածությամբ ու արհեստավարժությամբՙ կարողանալ Հայաստանը ներկայացնելն է չինացիներին եւ հատկապես Շանհայի հանդիսատեսին:

Առաջին օրերին նա վրդովվում էր, երբ նրանց հարցին, թե ո՞րտեղից է, պատասխանում էրՙ Արմենիայից: «Նրանք կարծում էին, թե նկատի ունեմ Ալբանիան կամ Ռումինիան: Մեծամասնությունը չէր լսել Հայաստանի մասին, եւ ես որոշեցի մնալ այստեղ եւ աշխատել այդ ուղղությամբ: Իմ երաժշտությամբ ես պետք է նրանց հասցնեի իմ ինքնությունը», պատմում է Աստրիդը:

Օգտագործելով շուրջ 15 հազար գաղափարագրեր եւ պատկերագրերՙ նա թեզ է գրել հայկական երաժշտության պատմության մասին, որն էլ համարվում է չինարենով գրված առաջին գիտական աշխատությունը այդ թեմայի վերաբերյալ: Կազմակերպել է հայկական թեմաներով բազմաթիվ համերգներ, հեռուստատեսային հանրամատչելի շոուների ժամանակ ներկայացրել է հայկական ավանդույթներն ու մշակույթըՙ բարձրացնելով չինացիների շրջանում իրազեկվածութունը Հայաստանի եւ հայերի մասին:

Այսօր նա իրավամբ հպարտանում է այն փաստով, որ տեղացի տաքսու վարորդները կարող են որոշ մանրամասնություններ պատմել իր ծննդավայրի մասին:

Ուսանողի կարգավիճակից մինչեւ գնահատված աստղ դառնալու ճանապարհը, սակայն, հեշտ չի եղել: Որպես միակ ոչ-չինացին, երաժշտանոցում նա համառորեն պետք է պայքարեր հասկանալու համար դասավանդված նյութը, որն ամբողջովին չինարենով էր մատուցվում: Նրան 8 ամիս էին տվել պատրաստվելու համար լեզվական մի քննության, որը չհանձնելու պարագայում նա ստիպված էր լինելու վերադառնալ Հայաստան: Ինչպես իր մանկության հերոսը, կուռքըՙ Մուլանը, Պողոսյանը ընդունել է մարտահրավերը, հաջողությամբ հանձնել քննությունը, սովորել սահուն խոսել մանդարիներեն, միաժամանակ շարունակելով շանհայերեն սովորել: Ու մի օր իրեն գտել է հանրային ուշադրության կենտրոնում, երբ գովազդային ցուցանակներն ու լրատվական միջոցները տեղեկացրել են, որ աշխատանքային վիզա ստացող առաջին օտարերկրացին հայաստանցի Աստրիդ Պողոսյանն է:

«Ես չափազանց հպարտ էի: Բայց ամենամեծ նվաճումս այն էր, որ ես դիմացա փորձությանը եւ հաղթահարեցի դժվարությունները», ասում է նա, խոստովանելով, որ այդ ամբողջ ընթացքում նա նմանություններ է հայտնաբերել հայկական եւ չինական մշակույթների միջեւ: Չինացիներն էլ, հայերի նման, մեծ հոգածությամբ եւ նվիրվածությամբ են վերաբերվում իրենց զավակներին, թոռներին: Ավանդական ընտանեկան ճաշի սեղանի շուրջ նստելը նույնպես նման է: «Այս երեւույթները նպաստեցին, որ շատ արագ հարմարվեմ իմ նոր միջավայրին»:

Բայց լեզվին տիրապետելուն, շփման եզրեր գտնելուն եւ երաժշտության ասպարեզում նորանոր բարձունքների հասնելուն զուգահեռ Պողոսյանը ձգտել է ինչ-որ ձեւով վարձահատույց լինել նոր հասարակությանը եւ երաժշտանոցի իր մի քանի դասընկերների հետ կազմակերպել է «Բացեք ձեր սրտերը» խորագրով բարեգործական համերգներ եւ միջոցառումներ աուտիզմով տառապող եւ ֆիզիկական թերություններ ունեցող երեխաների համար: Նա նույնպես նախաձեռնել է «Մեկ գրադարակի ուժը» ծրագիրը, որի նպատակն է գյուղական վայրերի դպրոցներին հայթայթել մեկական գրադարակ, որպես երեխաների ներուժը բացահայտելու խթանիչ: Այս բոլորով նա ինքն էլ է փոխվել ու հասունացել, երբեք չկորցնելով իր կենսունակությունը եւ աճելու ձգտումը: «Մի քաղաքում, որտեղ կյանքի ռիթմը շատ արագ է ընթանում, դու պետք է պատրաստ լինես չմտածելու քո հանգստի մասին, որպեսզի բաց չթողնես որեւէ բան եւ կարողանաս նոր դռներ բացել քո առաջ: Հավատացած եմ, որ ավելի լավ է փորձես ու ափսոսաս, քան ընդհանրապես չփորձես: Սա ինձ սովորեցրել է Շանհայի արագընթաց կյանքը», հաստատում է Աստրիդը:

Բայց միաժամանակ նա խոստովանում է, որ կարոտում է հայկական միջավայրը: Բարեբախտաբար ՀԲԸՄ-ին անդամակցելը որոշ չափով մեղմում է այդ կարոտը: Կատարողական արվեստի բնագավառում ՀԲԸՄ-ից կրթաթոշակ ստանալուց հետո նրան հրավիրել են մասնակցելու Նյու Յորքի Կառնեգի դահլիճում 2014-ին կազմակերպվելիք միության տարեկան գալա համերգին, որի ընթացքում նա հանդես է եկել ե՛ւ որպես համերգի գեղարվեստական ղեկավար, ե՛ւ որպես կատարող: «Անհավատալի էր տեսնել, որ դահլիճում հավաքվածները բոլորը հայեր են: Դա այնքան հուզիչ էր: Ես Նյու Յորքից մեկնեցի չափազանց հպարտ զգալով ինձ որպես հայի»:

Հաջորդ տարի նա Լոնդոնում մասնակցել է ՀԲԸՄ-ի ամառային ուսանողական փորձառության ծրագրին, որի նպատակն էր բացօթյա հայկական փառատոն կազմակերպել: «ՀԲԸՄ-ն միավորում է բոլոր հայերին, աշխարհի որ անկյունում էլ նրանք գտնվեն: Դա է գլխավորը այդ միության համար»:

Չնայած հայկական համայնք չկա, Շանհայը առայժմ դարձել է Պողոսյան Աստրիդի բնակության եւ աշխատանքի վայրը: «Ես Չինաստանը ներկայացնում եմ հայերին, եւ Հայաստանըՙ չինացիներին», եզրակացնում է «Չինաստանի աստղ» հռչակված հայուհին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider: Vol. 9, դեկտ. 2018)


https://www.archive.azg.am/AM/2019030807

© AZG Daily, 2008