ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 2019-11-15 ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԱՆԳԱՐԴԻ ՀԱՅԱԶԳԻ ՓՐԿԻՉԸ. ՆԻԿՈԼԱՅ ԽԱՐՋԻԵՎԱրծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հայազգի ռուս գրող, նորագույն գրականության եւ արվեստի պատմաբան, տեքստաբան, հավաքորդ Նիկոլայ Խարջիեւին անվանել են խորհրդային ժամանակաշրջանի ամենից ողբերգական եւ չհասկացված կերպարներից մեկը: Նա լեգենդ էր իր կենդանության օրոք, որին մեղադրել են գողության մեջ, անվանել են «պլեբեյ, որը ցանկանում է մտավորական երեւալ», «ռուսական ավանգարդի ժլատ ասպետ», մինչդեռ ուրիշները նրան համարել են ռուս գրականության եւ ավանգարդ արվեստի «փրկիչ»: Օսիպ Մանդելշտամն առաջինը նրա համար է կարդացել իր «Ուղեւորություն դեպի Հայաստանը», Մանդելշտամի այրին նրան անվանել է «ներքինի եւ դիակապուտ», թեեւ հետագայում խոստովանել է, որ միակ տեղը, որտեղ նրան թույլ են տվել մտնել ամուսնու ձերբակալությունից հետո, եղել է Խարջիեւի փայտյա կոմունալ բնակարանը... Նա եղել է չափազանց տպավորիչ արտաքինով տղամարդ, գեղեցիկ անգամ 90-ամյա հասակում. Իլֆը եւ Պետրովը իրենց հռչակավոր հերոսինՙ Օստապ Բենդերին պատկերել են Նիկոլայ Խարջիեւի արտաքինով... Նա ծնվել է 1903-ին, Կախովկայում (այժմՙ Խերսոնի մարզ, Ուկրաինա): Հայրըՙ Իվան Խարջիեւը, հայ էր, մայրը հույն էր Զմյուռնիայից: Նրանք վաղ են ամուսնալուծվել: Ինչպես վկայել է Խարջիեւը հայազգի բանաստեղծուհի Ելիզավետա Մնացականովային գրած նամակում, իր մեջ եղած բոլոր լավ բաներն ինքը ժառանգել է մորից, իսկ վատըՙ հորից... Նրա արտակենտրոն լինելն ի հայտ է եկել դեռ վաղ մանկուց: Երեք տարեկան հասակում, երբ մի անգամ մորաքույրը դաշնամուրով Բրամս է նվագել, Նիկոլայը երաժշտության ազդեցության տակ մտել է դաշնամուրի տակ եւ քնել երկու օր ու գիշեր: Բոլորը խուճապահար են եղել, սակայն երրորդ օրը երեխան արթնացել է ու նախաճաշից հետո ցանկացել է նորից մտնել դաշնամուրի տակ... Արդեն 19 տարեկանից Նիկոլայ Խարջիեւը սկսել է տպագրվել, սրբագրիչ է աշխատել «Մորյակ» թերթում: Այդ շրջանի նրա կերպարը Խարիտո անվամբ երգիծաբար հանդես է բերված Կոնստանտին Պաուստովսկու «Սեւ ծով» պատմվածքում: 1925-ին Խարջիեւն ավարտել է Օդեսայի համալսարանի իրավաբանական բաժինը եւ տեղափոխվել է նախ Լենինգրադ, ապաՙ Մոսկվա, որտեղ ծանոթացել եւ մտերմացել ժամանակի գրողների ու արվեստագետներիՙ Դանիիլ Խարմսի, Օսիպ Մանդելշտամի, Կազիմիր Մալեւիչի, Վիկտոր Շկլովսկու եւ շատ ուրիշների հետ: Հետագայում Մանդելշտամն ասել է, որ Խարջիեւը «բացարձակ լսողություն ունի բանաստեղծության հանդեպ»: Խարջիեւը հատկապես մտերիմ է եղել Աննա Ախմատովայի հետ, որը նրան է ձոնել երկու բանաստեղծություն եւ մի անգամ մակագրել էՙ «Թող այս գիրքը լինի հուշարձան ոչ մի բանով չմթագնած մեր երեսնամյա Բարեկամության»: Ախմատովան Խարջիեւի ութ մետրանոց սենյակը համարել է «բանաստեղծների ապաստարան», որտեղ այցելել են ժամանակի գրեթե բոլոր նշանավոր գրողներն ու արվեստագետները: Այստեղ էլ 1941-ին կայացել է Ախմատովայի եւ Մարինա Ցվետաեւայի միակ հանդիպումը... Պատերազմի ժամանակ Խարջիեւը էվակուացվել է Ալմա-Աթա, որտեղ աշխատել է «Մոսֆիլմի» սցենարական բաժնումՙ հռչակավոր Սերգեյ Էյզենշտեյնի մոտ: Վերադառնալով Մոսկվաՙ բնակվել է երկսենյականոց մի բնակարանում: Ժամանակակիցներից մեկի վկայությամբՙ Խարջիեւի այդ բնակարանում անգամ փոշեհատիկ չի եղել, տանը պահել է միայն աշխատանքային գրքեր: Դռան վերեւում կախված է եղել Մալեւիչի «Սեւ քառակուսին»: Տանտիրոջ հպարտության առարկան եղել է հսկայական կաշվե բազկաթոռը, որի վրա նստել են բազմաթիվ այցելուները, եւ առաջին հերթինՙ կիմոնո հագած Ախմատովան... Սկսելով գեղարվեստական գրականությունից («Ենիչերի» վիպակը (1933), բազմաթիվ փորձարարական եւ երգիծական բանաստեղծություններ)ՙ Խարջիեւն այնուհետ որոշել է նվիրվել միայն գրականագիտությանը եւ արվեստաբանությանը: «Իրավացի էր Խարմսը, երբ տխրեցՙ իմանալով, որ դուք որոշել եք դառնալ գիտնական: Իսկ դուք արվեստագետ եք»,- ասել է ընկերներից մեկը: Խարջիեւը հրատարակել է «Մայակովսկին եւ գեղանկարչությունը» (1940) եւ «Նկարչի ճակատագիրը» (1954) աշխատությունները եւ բազմաթիվ հոդվածներ տարբեր ժողովածուներում: Հետագայում, 1990-ականներին Ռուսաստանում եւ արտերկրում սկսել են հրատարակվել նրա աշխատությւոնները ռուսական ավանգարդի մասին, որոնցում կան չափազանց համարձակ մտքեր եւ արտահայտություններ. օրինակ, ըստ Խարջիեւի, «ռուսական Արծաթե դարը միֆ է»... Նա նախ ամուսնացել է ժամանակի ռուս մտավորականների շրջանում որպես «ճակատագրական կին» հայտնի Սերաֆիմա Սուոկի հետ (հետագայումՙ Շկլովսկու կինը), ապաՙ նկարչուհի, բալետի պարուհի, տիկնիկագործ Լիդիա Չագայի հետ, որը թղթից քանդակներ էր պարտրաստում եւ Խարջիեւի պես վառ անհատականություն էր: Ասում էին, որ ինչի որ Խարջիեւը ձեռք էր տալիս, դարձնում էր «կյանքի երաժշտության» թանկարժեք աղբյուր եւ շրջապատին շռայլում էր իր ներկայությունը... Խարջիեւին պատկանել է մի հազվագյուտ հարուստ արխիվՙ կազմված ռուս ավանգարդ արվեստի նմուշներից, գրքերից եւ ձեռագրերից: Նա պարծեցել է, որ անգամ Լենինի անվան գրադարանը եւ պետական հավաքածուները չունեն նման հարուստ նյութեր: Նա գիտեր, թե ինչպես պետք է հմայել այն մարդկանց, որոնք ունեն ռուսական ավանգարդին առնչվող որեւիցե բան: Ձեռագրեր հայթայթելու համար Խարջիեւը դիմել է ամենատարբեր միջոցների. Միխայիլ Վռուբելի հիվանդության պատմությունը ձեռք բերելու համար հրշեջների աստիճաններով բարձրացել է հոգեբուժարանի վերեւի հարկ, իսկ Մայակովսկու նամակագրությունը ստանալու համար մի ամբողջ գիշեր է անցկացրել Լիլի Բրիկի պատուհանների տակ: Բավական էր, որ ինչ-որ նյութ ընկներ Խարջիեւի ձեռքը, այլեւս հնարավոր չէր այն վերադարձնել հանգուցյալ գրողի կամ նկարչի հարազատներին: Միայն Նադեժդա Մանդելշտամը, տեսնելով, որ Խարջիեւը չի վերադարձնում ամուսնու ձեռագրերը, նրա տուն է ուղարկել երեք մկանուտ տղամարդու, որոնք կոտրել են Խարջիեւի բնակարանի դուռը եւ սպառնացել են նաեւ կոտրել տանտիրոջ վիզը: Վերջինս վախից վերադարձրել է ձեռագրերը, բայց միեւնույն ժամանակ հաջողեցրել է չվերադարձնել ամենաթանկ փաստաթղթերի մոտ մեկ երրորդը... Ի դեպ, Սերգեյ Գրիգորյանցի «Նիկոլայ Խարջիեւի ողբերգությունը» հոդվածից կարելի է եզրակացնել, որ Խարջիեւը քաջատեղյակ է եղել նաեւ իր ժամանակի հայ նկարչությանը եւ հավանաբար նաեւ կարողացել է հայերեն կարդալ: Խոսելով Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի մասինՙ նա նկատել է, որ, իր կարծիքով, Փիրոսմանին վստահաբար հայ է եղել: «Նրա նկարների մակագրությունները վրացերեն, ռուսերեն եւ հայերեն են, բայց միայն հայերենում նա սխալներ թույլ չի տվել: Վրացիներն առհասարակ նկարչության հանդեպ այնքան էլ հակումներ չունեն»,- ասել է նա: Կյանքի վերջին տարիներին, երբ Նիկոլայ Խարջիեւի հավաքածուն արդեն միլիոններ է արժեցել, որոշ խարդախներ սկսել են նրանից թաքուն գողանալ եւ վաճառել նրա արժեքավոր իրերը: Այդպես անհետացել են Մալեւիչի մի քանի հարյուրի հասնող գծանկարները, Խլեբնիկովի գրքերըՙ հեղինակի ուղղումներով: Նրան թալանողների մեջ է եղել նաեւ շվեդ ճանաչված սլավոնագետ Բենգթ Յանգֆելդթը, որն իր հետ թաքուն Շվեդիա է տարել Մալեւիչի չորս նկարները: 1993-ին Ամստերդամի համալսարանի սլավոնագիտական ինստիտուտի պրոֆեսոր Վիլլեմ Վեստստեյնը 90-ամյա Խարջիեւին կնոջ հետ հրավիրվել է Նիդեռլանդներ: Այդ ժամանակ Խարջիեւի կենսապայմանները գնալով վատթարացել էին, նրան մշտապես տպագրում էին աղավաղումներով, երկրում քաոս էր տիրում, ուստիեւ նա ասել է, որ ցանկանում է հաստատվել Արեւմուտքումՙ դրա դիմաց նվիրաբերելով իր ողջ հավաքածուն ու արխիվը: Եվ քանի որ այդ հավաքածուն անհնար է եղել օրինական ճանապարհով դուրս տանել Ռուսաստանից, Վեստստեյնը կազմակերպել է դրա դուրսբերումը մաքսանենգ ճանապարհով: Նա մի քանի հանցակիցների հետ Խարջիեւների հետ պայմանագիր է ստորագրել, որ վերջիններիսՙ Ամստերդամ գալուն պես նրանց վճարելու է 2.5 միլիոն դոլարՙ ապահովելով նրանց կեցությունը: Դրա դիմաց նրանք վերցնելու էին չորս աշխատանք, սակայն իրականում իրենց հետ տարել են գրեթե ամեն ինչ: Այնպես որ Ամստերդամում ծեր ամուսինները հայտնվել են փաստի առաջ. արխիվն ու հավաքածուն Նիդեռլանդներ չեն հասել, նրանք մնացել են մեկուսացված, իսկ ռուսական իշխանությունները նրանց դեմ դատ են բացելՙ մաքսանենգության մեղադրանքով: Ի վերջո 1995-ին արխիվի եւ հավաքածուի մնացած մասը կանոնակարգելու համար Ամստերդամում գրանցվել է «Խարջիեւ-Չագա» հիմնադրամը: Սակայն նույն թվականին զոհվել է Լիդիան, իսկ մեկ տարի անց Ամստերդամում մահացել է 93-ամյա Նիկոլայ Խարջիեւը: Նրա բազմաչարչար հավաքածուն սկսել են մաս-մաս վաճառել: Միայն 2011-ին Գրականության եւ արվեստի ռուսական պետական արխիվը Նիդեռլանդներից ստացել է Խարջիեւի արխիվից 1427 միավոր, սակայն գեղանկարչական մասը մնացել է Արեւմուտքում... https://www.archive.azg.am/AM/2019111503 © AZG Daily, 2008 |