«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 2013-06-06ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ԿՊԱՐԳԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՄինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը կպարգեւի 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչիցՙ առավելության հասնելով Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆաիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցն ադրբեջանցի Սամիր Մամադովն էր: Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվել էին ադրբեջանցուն, իսկ հաջորդ 2 ռաունդներում Ավագյանը հաղթեց ու շահեց մենամարտը: Արամ Ավագյանը մտավ կիսաեզրափակիչՙ իր համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչում նա կմրցի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ, որը պարտության էր մատնել իտալացի Ալեսիո դի Սավինոյին: Պայքարից դուրս մնաց Արման Հովնիկյանը (75 կգ), որն իր 2-րդ մենամարտումՙ 1/8 եզրափակիչում պարտվեց հունգարացի Զոլթան Հարկսային: Մեդալների համար պայքարը շարունակում է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը, որն առաջին մենամարտում հաղթել էր Հովհաննես Դանիելյանին: Քառորդ եզրափակիչում Դավիթը պարտության մատնեց իտալացի Մանուել Կապային եւ մտնելով կիսաեզրափակիչ, նվազագույնն իր համար ապահովեց բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչում Հայրապետյանը կմրցի անգլիացի Ջեկ Բատեսոնի հետ, որը հաղթել էր ուկրաինացի Վադիմ Կուդրյակովին: Մինչեւ 64 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանը եւ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Հարությունյանը մտնելով կիսաեզրափակիչ, նվազագույնն իրենց համար ապահովել են բրոնզե մեդալները: Արմենը քառորդ եզրափակիչում հաղթեց անգլիացի Սամուել Մաքսվելին, իսկ Արտյոմը պարտության մատնեց թուրք Հուսեյն Կառսլիօղլուն: Կիսաեզրափակիչում հաջողության դեպքում հայ բռնցքամարտիկները միմյանց հետ կհանդիպեն վճռորոշ մենամարտում: https://www.archive.azg.am/AM/2013060622 © AZG Daily, 2008 |