«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #197, 2013-11-14ԴՈԿՏ. ՖՐԻԶԸՙ Ռ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակիցներից Թալին Բաբայանը տեղեկացնում է, որ Կոլումբիա համալսարանի Բաթլեր գրադարանում հոկտեմբերի 2-ին «Ռաֆայել Լեմկին. Հայոց ցեղասպանությունը եւ հաստատակամ մարգարեի ինքնակենսագրությունը» թեմայով դասախոսություն է կարդացել Հրեական պատմության կենտրոնի ավագ գիտաշխատող եւ Մելբուռնի Ալֆրեդ Դիկին հետազոտական ինստիտուտի այցելու դասախոս Դոննա-Լի Ֆրիզը, ով վերջին չորս տարիները անցկացրել է խմբագրելով եւ հրատարակության պատրաստելով Լեմկինի անավարտ ինքնակենսագրությունըՙ ի պահ դրված Նյու Յորքի հանրային գրադարանում: Կարեւորելով Լեմկինի «Totally Unofficial» գրքի հրատարակումըՙ դոկտ. Փիթեր Բալաքյանը նշել է, որ Ֆրիզը «հայտնաբերել եւ փրկել է մարդու իրավունքների վերաբերյալ պատմության մեջ ամենակարեւոր գրքերից մեկը»: «Ցեղասպանություն» եզրը ստեղծած Լեմկինը կրթություն ստացել է եւ երաժշտության եւ գրականության հետ ծանոթություն հաստատել հիմնականում տանը, չափազանց զարգացած մոր ջանքերի միջոցով: Ցեղասպանությանն առաջին ծանոթությունը եղել են Սողոմոն Թեհլիրյանի դատավարության մասին լրատվությունները, որոնք փոխել են նրա աշխարհայացքը: «Ես իրական կյանք եմ ապրել այն ժամանակ, երբ պայքարել եմ ինչ-որ գաղափարի համար: Կյանքիս մնացյալ մասն էլ կնվիրեմ ժողովուրդների ոչնչացումը անօրինական դարձնելու գործին», գրել է նա ինքնակենսագրական գրքում: 1941-ին Լեմկինը ժամանել է Մ. Նահանգներ, որտեղ շարունակական հետապնդումների է ենթարկվել: Նրան «պարզամիտ, մոլեռանդ եւ հումորի զգացումից» զուրկ անձնավորություն են համարել; Համենայն դեպս, նա հաստատակամ է եղել իր գաղափարների իրագործման գործում: Մահացել է 59 տարեկանում Նյու Յորքում, սրտի կաթվածից, կիսատ թողնելով իր ինքնակենսագրությունը, որը դոկտ. Ֆրիզի անձնուրաց ջանքերով ամբողջացել է եւ հրատարակվել: Հ. Ծ. https://www.archive.azg.am/AM/2013111417 © AZG Daily, 2008 |