«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 2014-12-26 ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸՀայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանում դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած տարվա «Լավագույն ընթերցող» միջոցառումը, որն այս տարի նշվում էր 5-րդ անգամ: Միջոցառումը մեկնարկեց Տեր-Թորգոմ վարդապետի օրհնությամբ ու տերունական աղոթքով: Հատկանշական է, որ Գիտական գրադարանի գործունեությանն «Ազգը» բազմիցս անդրադառնում է, ավելինՙ այս տարի անդրադարձել է ավելի քանի 14 անգամ, որի համար «Գրադարանի բարեկամ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ազգ» շաբաթաթերթը: Իսկ ահա բուհի «Լավագույն ընթերցող» մրցանակին արժանացավ Միշա Թադեւոսյանը, որը նվեր ստացավ պլանշետ, ինչպես նաեւ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի եւ Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» ալբոմը, իսկ մնացած լավագույնները գրքեր եւ Աղավնաձորում ձմեռային հանգիստն անցկացնելու հնարավորություն: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մրցանակաբաշխությունը համարեց կարեւոր իրադարձություն, քանի որ յուրաքանչյուր համալսարանի որակը որոշվում է նրա գրադարաններով եւ ընթերցողների թվով. «Բուհի այցելուները մշտապես իրենց հիացմունքն են հայտնում մեր լեփ-լեցուն ընթերցասրահներով: Ժամանակը գնում է առաջ, ընթերցողների թիվը մնում է նույնը, ինչը լավագույն ապացույցն է, որ գիրքը սիրված է»: Նշենք, որ բուհն ընթերցողների համար ստեղծել է բոլոր պայմանները ընթերցանության, ինքնազարգացման համար, ինչպես վերազինված գրադարանով, այնպես էլ նորագույն տեխնիկայով: 2014 թվականի լավագույն ընթերցողները հայտնի են դարձել բակալավրիատի, մագիստրատուրայի առկա եւ հեռակա բաժինների տարվա ընթացքում 150-ից ավելի տպագիր նյութերից օգտված ուսանողներ: 2014 թվականի «Լավագույն ընթերցող»-ը Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի լավագույն ընթերցողներն են Թեհմինե Մակոյանը, Գայանե Պողոսյանը, Հասմիկ Պետրոսյանը, Ռուզաննա Հունանյանը, Քնքուշ Սիմոնյանը, Հայկանուշ Շարոյանը, Հասմիկ Հովսեփյանը, Մանուշակ Մարկոսյանը, Անի Այվազյանը, Անի Հարությունյանը, Նարե Մուրադյանը, Գոհար Նիկողոսյանը, Մերի Դալլաքյանը, Հերմինե Սերոբյանը, Լուսինե Մաճկալյանը, Քնարիկ Հովհհանիսյանը եւ Անի Հովսեփյանը: Հոբելյանական տարում առաջին անգամ պարգեւներ հանձնվեցին նոր անվանակարգերում եւս. «300 օր ընթերցասրահում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի երիտասարդ դասախոս Անի Բադալյանը: Բուհի դասախոսներ, պրոֆեսորներ Աելիտա Դոլուխանյանի, Լաուրա Ասատրյանի ու Յուրի Գասպարյանի դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները պահանջվել են 11. 000-ից ավելի անգամ: Ի դեպ, 3-րդ տարին անընդմեջ բուհից դուրս ամենապահանջված հեղինակ է ճանաչվել անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը, իսկ 10 ֆակուլտետներից հաղթող ճանաչվեց Սկզբնական կրթության ֆակուլտետը, որի 1450-ից ավելի ուսանողներ պարբերաբար օգտվել են ընթերցասրահից: Ի դեպ, օրերս տպագրվել է գրքույկ, որում ամփոփված են 5 տարիների լավագույն ֆակուլտետային ընթերցողների լուսանկարները: Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ուրախությամբ փաստեց, որ 5 տարիների ընթացքում ընթերցողների թիվը չի նվազել. դրան նպաստել է նաեւ բուհի ղեկավարության ընթերցասրահների թվի ընդլայնման քաղաքականությունը: ՀՊՄՀ գիտական գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 606.613 միավոր գիրք, որոնց մի մասը նվիրել են ՀՀ կրթության Ազգային ինստիտուտը, Մայր աթոռը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատները եւ այլք: Գրադարանն այսօր ունի 19.287 ընթերցող: ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ https://www.archive.azg.am/AM/2014122623 © AZG Daily, 2008 |