«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 2016-02-05ԴՈԿՏ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՃՅԱՆԻՆՙ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎԱռ ի գնահատանք իր բազմամյա կրթական-հասարակական գործունեության եւ ծննդյան 80-ամյակի առթիվ դոկտ. Արշավիր Գյոնճյանին ՀՀ Սփյուռքի նախարարությունը ոսկե մեդալով է պարգեւատրել, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սրբազան կոնդակով է օրհնել նրան: Պարգեւն ու կոնդակը նրան է հանձնել Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը: Դոկտ. Գյոնճյանը հարգված ու սիրված անձնավորություն է Կանադայի ինչպես հայկական, այնպես էլ կառավարական շրջանակներում: Իր բեղուն եւ նվիրված աշխատանքների համար նա բազմաթիվ մրցանակների է արժանացել տարիների ընթացքում: Դեռ 1978-ին ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան վարժարանի կառուցման մտահղացման եւ իրականացման գործում ներդրած ջանքերի համար նրա եւ տիկնոջըՙ Նադիայի անունով է կոչվել այդ վարժարանի մարմնամարզական դահլիճը: 1985-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.ը Սբ. Գրիգոր Լուսավորչի մեդալն է շնորհել նրան: 1993-ին առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի եւ թեմական խորհրդի որոշմամբ ընտրվել է կանադահայերի թեմական խորհրդի պատվավոր նախագահ: 2009-ին արժանացել է Հայաստանի ԹՄՄ-ի ադամանդակիր Արարատ մրցանակին: 2011-ին ավելի քան երեք տասնամյակ ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ եւ վերջին շրջանում կազմակերպության փոխնախագահը լինելու կապակցությամբ նշանակվել է ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի պատվավոր անդամ: 1988-1995 թթ.ին եղել է Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, շուրջ 30 տարի արդեն ցմահ անդամ է ԹՄՄիության Կենտրոնական վարչության: Իսկ 2012-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմնադիր խորհրդի անդամն է եղել, նրան պարգեւատրել է «Իսկական հայրենասերի» ոսկե մեդալով: Դոկտ. Գյոնճյանի ծառայությունները բազմաթիվ են եւ բազմաբնույթ: Ջերմորեն շնորհավորում ենք նրան իր ութսունամյակի եւ շնորհված պարգեւների համար, մաղթելով քաջառողջություն եւ երկար կյանք: https://www.archive.azg.am/AM/2016020509 © AZG Daily, 2008 |