Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
«ՍԱԳԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀՌՈՄԸ», ԻՍԿ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՁԿՆԵՐԸՙ «ԿՈՐԾԱՆԵՑԻՆ ԵՄ-Ն» | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 2016-07-01

ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍԱԿԱՆ

«ՍԱԳԵՐԸ ՓՐԿԵՑԻՆ ՀՌՈՄԸ», ԻՍԿ ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՁԿՆԵՐԸՙ «ԿՈՐԾԱՆԵՑԻՆ ԵՄ-Ն»

Մինչդեռ Հայաստանը դեռ շարունակում է Եվրոմիության հետ ասոցիացում աղերսել

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ասում էին «սագերը փրկեցին Հռոմը», նկատի ունենալով, որ այդ թռչուններն առաջինը նկատեցին քաղաքին թաքուն մոտեցող թշնամուն եւ սկսեցին աղմկել, այնպես էլ ապագայում կարող են ասել, որ «ձկները կործանեցին Եվրոմիությունը»: Ավելի քան մեկ տարի առաջ, ձկնարդյունաբերության համար ԵՄ սահմանած քվոտաների հետ չհամաձայնելու պատճառով, Իսլանդիան հրաժարվեց Եվրոմիություն մտնելուց, հիմա էլ բրիտանացի ձկնորսներըՙ նույն ձկնորսության քվոտավորման պատճառով քվեարկեցին ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օգտին:

Ի տարբերություն Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի պարագայում, ձկնարդյունաբերության համար սահմանված քվոտաները ԵՄ-ից դուրս գալու բազմաթիվ պատճառներից միայն մեկն ու ամենագլխավորը չէին իհարկե: Այն, որ ԵՄ-ում առկա գործընթացները տանում էին դրան, գրել էինք հենց Իսլանդիայի կողմից այդ միությանն անդամակցելուն հրաժարվելուց անմիջապես հետո («Ինչո՞ւ Իսլանդիան հրաժարվեց ԵՄ-ից եւ ո՞րն է Հայաստանի տարբերակը» 20.03.2015 թ.):

Ահավասիկ, մի մեջբերում այդ հրապարակումից. «Դեռեւս վաղ է ասել, թե Եվրոմիությունը կազմաքանդման եզրին է, բայց որ այս պահին տեղի ունեցող գործընթացները դրան են տանում, երեւում է անգամ անզեն աչքով ... ԵՄ հանդեպ անվստահության եւ չարդարացված դրական ակնկալիքների փլուզման վերջին ակնառու օրինակը` մարտի 12-ին Իսլանդիան պաշտոնապես հայտարարեց ԵՄ անդամակցության իր դիմումը հետ վերցնելու մասին: Սա սառը ցնցուղ էր եվրոչինովնիկների համար, որքան էլ որ նրանք փորձեն անվրդով կեցվածք ընդունել եւ ԵՄ ազդեցության ընդլայնման քայլեր անել»:

Ավելի քան մեկ տարի առաջ արված մեր կանխատեսումը ԵՄ կազմաքանդման սկզբի մասին, Brexit-ի օգտին քվեարկությունից հետո արդեն իրականություն է, իսկ եվրոչինովնիկների համար սառը ցնցուղն արդեն վերածվել է իսկական Ice Bucket Challenge-ի (երկու տարի առաջ ամիոթրոֆիկ սկլերոզով հիվանդներին օգնության համար կազմակերպված եւ լայն տարածում գտած դույլով սեփական գլխին սառցաջուր լցնելու ակցիա): Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի շփոթվածությունը կամ հիասթափությունը բրիտանական քվեարկությունից այն աստիճանի էր, որ պարզապես ոչինչ չկարողացավ կամ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ եք կարծում, հաջորդը ո՞ր երկիրն է դուրս գալու ԵՄ-ից:

Անդրադառնանք այն հիմնական պատճառներին, որոնք ստիպեցին բրիտանացիների մեծ մասին հանդես գալ ԵՄ-ից դուրս գալու օգտին :

Կարեւորագույն պատճառը, թերեւս, Մեծ Բրիտանիայի կախվածության վերացումն էր համաեվրոպական կառույցներից: Այն, որ Մեծ Բրիտանիան ամբողջապես չէր ընդգրկվել ԵՄ-ին, դուրս էր եվրոյի եւ շենգենյան գոտիներից, վկայում է մայրցամաքային Եվրոպային չենթարկվելու նրա ավանդական մոտեցման մասին: Պատահական չէ, որ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները, քվեարկության արդյունքներից հետո, առաջին բանը, որ հայտարարեցին, այն էր, որ իրենց երկիրը հետ վերադարձրեց իր անկախությունը: Դրանից բխող մյուս պատճառըՙ սեփական միջոցները ինքնուրույն տնօրինելու ցանկություն եւ այլ երկրներին կերակրելու ցանկության բացակայություն: Մեծ Բրիտանիան ԵՄ բյուջեին հատկացնում էր 13,5 մլրդ եվրո, ստանումՙ ընդամենը 4 մլրդ: Հաջորդըՙ ապօրինի միգրացիայից պաշտպանություն, որն անհնար է ԵՄ ընդհանուր սահմանների պարագայում: Բրիտանացիներն իրենց անպաշտպան էին զգում այդ վտանգի դիմաց: Մյուս պատճառըՙ բազմաթիվ ապրանքների համար քվոտավորում: Բրիտանացի ձկնորսները հենց դրա դեմ էին ցույցեր անում իրենց նավակներով եւ հայտնում, որ իրենք ստիպված էին լինում իրենց որսած ձկան մի մասը հետ բաց թողնել ծով:

Վերեւում նշված պատճառներն այնքան զորավոր էին, որ չկարողացան խանգարել բրիտանացիների վճռականությանը, չնայած ԵՄ-ում մնալու համար Մեծ Բրիտանիայում մոբիլիզացվել էր այն ամենը, ինչ հնարավոր էր մոբիլիզացնել: Դրանք էին ԵՄ տարբեր տրամաչափի պաշտոնյաների, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կեմերոնի եւ մյուսների ահաբեկումները, թե ինչ սարսափելի հետեւանքներ կունենա Brexit-ը, խոշոր բիզնեսի եւ բանկերիՙ տնտեսական փլուզման մասին սարսափազդու զգուշացումները, հայտնի դերասանների, երգիչների, մարզիկների կոչերը ԵՄ-ում մնալու եւ անգամ պատգամավոր Կոքսի սպանության շահարկումը:

Երբ խոսում ենք Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներից հետո ԵՄ կազմաքանդման մասին, հարկ է հստակեցնել, որ դա չի նշանակում այդ կառույցի ամբողջական լուծարում, չնայած դա էլ հավանական տարբերակներից մեկն է , եթե, օրինակ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Դանիան, Հոլանդիան եւ հատկապես Ֆրանսիան նույնպես որոշեն անցկացնել սեփական հանրաքվեները: Այս երկրներում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները քիչ կամ շատ առավելություն ունեն այդ միության մեջ մնալու կողմնակիցների նկատմամբ, իսկ անջատողական մոտեցումներն արտահայտող կուսակցությունների ղեկավարները արդեն հայտարարել են նման հանրաքվե իրենց երկրում անցկացնելու անհրաժեշտության մասին:

Այսպես թե այնպես ակնհայտ է մեկ բանՙ ԵՄ-ն, այն տեսքով, ինչ եղել էր մինչեւ Brexit-ը, այլեւ չի լինելու: Փոխվելու է նրա թե՛ կազմը, թե՛ քաղաքական դերն ու կշիռը, թե՛ տնտեսական կացությունը, թե՛ նրա կազմում ընդգրկված պետությունների հակասություններն են շարունակելու խորանալ: Բրյուսելյան չինովնիկները պարտադրված են լինելու ջանքեր գործադրել ելքեր գտնելու համար: Որքանո՞վ դրանք հաջող կլինեն, ցույց կտա ժամանակը: Տարօրինակ է, որ այս պահի դրությամբ ԵՄ գլխավոր երկրներըՙ Գերմանիան եւ Ֆրանսիան գնում են տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Նրանք պատրաստել են ԵՄ փոխարեն միասնական Եվրոպական պետության նախագիծՙ ընդհանուր զինված ուժերով, անվտանգության մարմիններով, դատախազությամբ եւ իրավապահ մարմիններով, հարկային եւ մաքսային կառույցներով: Դժվար է ասել, թե սա բրիտանական հանրաքվեի արձագանքն է, թե՞ դրան նախապես հակազդելու գաղտնի քայլերից մեկը, բայց հաստատապես երկու դեպքում էլ ճիշտ ընտրված գործողություն չէ:

ԵՄ-ում անորոշության պայմաններում առավել քան անորոշ վիճակում են այն երկրները, որոնք կա՛մ ցանկանում են առաջիկայում մտնել այդ միություն, կա՛մ նպատակ ունեն ասոցիացման համաձայնագիր ստորագրել, ինչպես օրինակ Հայաստանը:

Արդեն ասոցիացման պայմանագիր ստորագրած Ուկրաինայում հասել են նրան, որ առաջարկում են Մեծ Բրիտանիայի փոխարեն իրենց երկիրն ընդունել ԵՄ: Սա լավագույն դեպքում ժպիտ է առաջացնում իհարկե: Այդուհանդերձ, պարզ չէ, թե ի՞նչ է լինելու այն երկրների հետ, որոնք ընտրեցին այս ճանապարհը: Երկարաժամկետ առումով այդ ճանապարհը հեռանկարային համարողները, երեւի թե պետք է հաշվի առնեին այդ ընթացքում հնարավոր քաղաքական ռիսկերն ու աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնց պատճառով երկարաժամկետ «պայծառ ապագան» այդպես էլ կարող է չգալ, ինչպես չեկավ կոմունիստական «պայծառ ապագան»: Սա ի գիտություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանիՙ Արեւմուտքից սնվող «եվրոպամոլ» քաղաքական առաջնորդների եւ այդ ուղիով Հայաստանը տանել ցանկացող «խելոքների»: Քայքայման վտանգի առաջ հայտնված ԵՄ-ի համար ասոցիացված երկրներով զբաղվելու ժամանակը չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ անցյալ տարի պետք է ԵՄ հետ ասոցիացման փոփոխված պայմանագիր կնքեր, որը միայն քաղաքական մաս կունենարՙ առանց տնտեսականի: Այդ ժամկետը մի քանի անգամ հետաձգվեց, չնայած Հայաստանի նախագահն ամեն ինչ անում է եվրոպական ղեկավարներին եւ եվրոպական կառույցներին դուր գալու համար: Պարբերաբար այցելություններ Եվրոպային ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) համագումարներին, ԵՄ գլխավոր երկիրՙ Գերմանիա կատարած այցելությունՙ ֆրաու Մերկելին Հայաստանի ասոցիացումը «առաջ գցելու» միջնորդության ակնկալիքով, տեղի-անտեղի հղումներ Վենետիկյան հանձնաժողովի եզրակացություններին, որն ավելի քան վերջին ճշմարտութուն է դարձել Հայաստանի համար, քան կոմկուսի պոլիտբյուրոնՙ Խորհրդային Հայաստանի համար, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ, ստեղծված կացության պարագայում հարց է առաջանում. արժե՞ շարունակել ասոցիացում աղերսել մի կառույցի հետ, որն ինքը, մեղմ ասած, մեծ անորոշությունների առջեւ է կանգնած եւ որին ասոցիացվածները ոչինչ, կամ գրեթե ոչինչ չեն շահել, մինչդեռ կորուստներ ունեցել են :


https://www.archive.azg.am/AM/2016070109

© AZG Daily, 2008