«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 2016-07-01 ՀԵՏԱԳԻԾ ՍԻՄՈՆԸՙ ՎԱՐՉԱՊԵՏ, ՊՈՂՈՍԸՙ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՀաջորդ խորհրդարանական ընտրություններն արդեն կայացել են ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Իսկ եթե Հանրապետականը հաղթի՞: Նկատի չունեմ Թրամփը, մանավանդ որ նրա հնարավոր հաղթանակը ԱՄՆ հանրապետականներից շատերն իրենց պարտությունն են որպես գրանցելու: Այլ նկատի ունեմՙ մերոնց, մերը: Եթե հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի, ի՞նչ է լինելու: Սերժ Սարգսյանը անցնող շաբաթ Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե ինչ է լինելու, երբ ՀՀԿ-ն չհաղթի: «Դա կնշանակի, որ քաղաքականության մեջ ես անելիք չունեմ եւ ես կհեռանամ քաղաքականությունից», միեւնույն ժամանակ նա վստահեցրել է, որ «ՀՀԿ-ն հաջորդ ընտրություններում կհաղթի՛»: Հաղթելը, հասկանում ենք, ՀՀԿ-ի պարագայում ուրիշ բան է, ՕԵԿ-ի կամ Հայկական վերածնունդի պարագայումՙ այլ: Եթե վերջինիս համար 5 պատգամավորական տեղը հաջորդ խորհրդարանում արդեն հաղթանակ է, ապա այդքան տեղըՙ ՀՀԿ-ի համար խայտառակ պարտություն է: Վերջինիս համար ընտրություններում հաղթելը խորհրդարանական մեծամասնություն կազմելն է, ինչպես Սահմանադրությունում է գրվածՙ կայուն: Սա շատ կարեւոր է, քանի որ փաստորեն Հանրապետության նախագահը, ընտրություններից մեկ տարի առաջ միջազգային լրատվամիջոցին վստահեցնում է, որ այդ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է: Թե ի՞նչ է լինելու դրանից հետո, ավելի կոնկրետՙ ինքն ի՞նչ է անելու, Սերժ Սարգսյանը չի ասել, մինչդեռ դա ամենահետաքրքրական բանն է, մանավանդ, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը հետաքրքրական չէ, քանի որ սովորական է: Ավելի ուշ, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հայտարարեց, թե եկեք դանդաղ շտապենք եւ թե ինքը հիմա կոռեկտ չի համարում ասել, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը հաջորդ ընտրություններից հետո, քանի որ Սերժ Սարգսյանը գործող նախագահն է ու դեռ պաշտոնավարման համար երկու տարի ունի: Հիշեցնեմ, որ նախագահ Սարգսյանն ավելի վաղ, սահմանադրական հանրաքվեից առաջ, հայտարարել էր, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին: Այսինքն երկիրը չի ղեկավարելու, հիմա նա հայտարարում է, որ քաղաքականությունից հեռանալու է, եթե ՀՀԿ-ն չհաղթի հաջորդ ընտրություններում: Չէ, հակասություն չկա, Սարգսյանը կարող է ոչ վարչապետ աշխատել, ոչ էլ ԱԺ նախագահ, ոչ էլ խորհրդարանի նախագահ, բայց ՀՀԿ-ի հաղթանակից հետո վերընտրվել ՀՀԿ-ի նախագահ: Այսինքն ինքը որոշի, թե ո՞վ է ղեկավարելու երկիրը, դե ո՞վ է լինելու հանրապետական վարչապետը, ԱԺ նախագահը եւ այլն: Ղեկավարի ղեկավար, արքայից արքա: Հանգիստ, առանց պատասխանատվության, Նժդեհի նկարով առանձնասենյակում, կուզիՙ փողկապով աշխատանքի կգնա, կուզիՙ փողկապ չի կապի այդ օրը, ու բոլորը կգան իր մոտ «խնդրվելու»: Ինքն էլ կընտրիՙ Սիմոնը վարչապետ, Պողոսըՙ ԱԺ նախագահ... Այսպես չի՞ լինելու: Հնարավոր է, բայց ինչպե՞ս է լինելու, քաղաքականության մեջ մնալը, իշխանություն լինելը, բայց ղեկավար պաշտոն չկրելը, բա էլ ինչպե՞ս է լինում: Հո ՀՀԿ-ական պատգամավոր չի՞ ընտրվելու Սերժ Սարգսյանը, կամ մարզպետ, առավել եւսՙ գյուղապետ... Այնպես որ Հանրապետականը կարողացավ այնպես անել, որ մենք ավելի հետաքրքրությամբ սպասենք ՀՀԿ-ի հաղթանակին, քան պարտությանը: Ասենքՙ զուտ հետաքրքրության համար հաջորդ ընտրություններում գնանք եւ ընտրենք ՀՀԿ-ին, քանի որ չգիտենք, թե Սերժ Սարգսյանը հետո ինչ է անելու: Սա ավելի հետաքրքրական է մեզանից շատերի համար, քան այն, թե հետո ի՞նչ է լինելու... Այսինքն գիտենք, թե հետո ինչ է լինելու, բայց չգիտենք, թե Սերժ Սարգսյանն ինչ է անելու, ով Ռոյթերս գործակալությանը, փաստորեն, խոստովանել է, որ ինքը իր քաղաքական գործունեությունը տեսնում է բացառապես իշխանության կազմում եւ եթե ՀՀԿ-ն նորից իշխանություն չձեւավորեց, ինքը կհեռանաՙ քաղաքականությունից: Ինչո՞ւ, կարեւոր չէ, ո՞ւրՙ առավել եւս, երկրի՞ց էլՙ չի բացառվում: Բայց այս ամենը կարեւոր չէ: Բանն այն է, որ կարեւոր չէ, որ Սերժ Սարգսյանն ասել է, թե եթե ՀՀԿ-ն չհաղթի, ինքը հեռանալու է, կարեւորն այն է, որ Սերժ Սարգսյանը ընտրություններից մեկ տարի առաջ ասել է, որ ՀՀԿ-ն հաղթելու է: Բա էլ ինչո՞ւ ենք ընտրություն կազմակերպում, միեւնույն է, եթե ընտրությունները որոշիչ են, ապա մեզ թույլ չէին տա մասնակցել քվեարկությանը: Սատանան հուշում է, որ ասեմՙ Իյա, իրո՞ք, բայց Սերժ Սարգսյանն ավելի լավ բան է հուշումՙ «Տենց եք անում էլի, որ խիյարը թարս է բուսնում»: https://www.archive.azg.am/AM/2016070113 © AZG Daily, 2008 |