Warning: ini_set(): Cannot change zlib.output_compression - headers already sent in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3049

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3050

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/azg/public_html/analytics.php:9) in /home/azg/public_html/programs/_functions_14.php on line 3051
ԵՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ | AZG Daily
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 2017-06-16

ԵՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մերկել-Մակրոն համակարծություն

Եվրոպական լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության առաջացրած հիասթափության կապակցությամբ գրում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված են, որ Եվրոմիությունը ստիպված է ինքնուրույնաբար լուծել իր խնդիրները:

ԵՄ երկու առաջատար երկրների ղեկավարները վճռականորեն են տրամադրված, նշում է իսպանական El Confidencial թերթի բեռլինյան թղթակից Անտոնիո Մարտինեսը: Նրա կարծիքով, եվրոպացի ղեկավարները պետք է լուծեն ինը կարեւոր խնդիր:

Դրանցից առաջինը վերաբերում է ԵՄ բյուջեին եւ եվրոգոտու ֆինանսների նախարարությանը: Դեռ նախագահական ընտրարշավի ժամանակ Մակրոնը խոսում էր եվրոգոտու երկրների միասնական բյուջեի անհրաժեշտության մասին: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահության թեկնածուին կարելի էր մեղադրել ԵՄ երկրները խտրականորեն երկու մասիՙ եվրոգոտու մասնակից եւ մնացյալ երկրների բաժանելու մեջ: Բայց դա ոչ ոք չարեց. միակ բացառությունը Ֆրանսիայում Ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենն էր: Այսօր թե՛ Մերկելը, եւ թե՛ նրա ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հաղթահարել են Մակրոնի հանդեպ իրենց ունեցած թերահավատությունը եւ ընդունում են նրա առաջարկությունների օգտակարությունը:

Հեղինակը ընդգծում է, որ 2004 թ. Հռոմում ստորագրված Եվրոսահմանադրության նախագծի ձախողումը Մերկելին ստիպեց զգուշավոր լինել նախագծերի հարցում: Ըստ հեղինակի, Մակրոնի գաղափարները գուցեեւ անհանգստություն էին պատճառում Մերկելին, բայց լը Պենի հանդեպ ունեցած վախը ավելի ուժեղ գտնվեց: Եվ հիմա կանցլերը գտնում է, որ եվրոգոտու երկրների առանձին բյուջեի եւ դրանց ֆինանսների նախարարության գոյությունը կնպաստի ամբողջությամբ վերցրած ԵՄ ամրապնդմանը:

Երկրորդ խնդիրը բարեփոխումներն են եւ հարկային ճշգրտումները: Վերոհիշյալ ընդհանուր բյուջեն կարող է օգտագործվել եվրոգոտու տարածքում հարկային բարեփոխումներ իրականացնող երկրներում ներդրումներ կատարելու նպատակով: Ներարկումները բարեփոխիչներին կօգնեն իրենց երկրներում մեղմացնել տոկոսադրույքների վերանայման հետ կապված բյուջետային հնարավոր կորուստները:

Երրորդ խնդիրը ահաբեկչությունն է: Մերկելը եւ Մակրոնը համոզված են, որ իսլամական ահաբեկչությունը համընդհանուր գերակայություններից մեկն է եւ որ այդ վտանգի դեմ կարելի է պայքարել միայն միջազգային համատեղ գործողություններով: Ահաբեկչության դեմ ուղղված ջանքերի միավորումը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպման գլխավոր թեմաներից մեկն էր: Բացի դրանից, Գերմանիայի ներքգործնախարար Թոմաս դե Մեզյերը չի բացառում համագործակցությունը Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ, չնայած որ առաջինը դուրս է գալիս ԵՄ-ից, իսկ երկրորդի հետ Եվրոպան ունի սուր տարաձայնություններ:

Չորրորդ խնդիրը պաշտպանությունն է: Գերմանիայի կառավարությունը հակված է ավելացնելու բյուջեի ռազմական ծախսերի բաժինը, որպեսզի մինչեւ 2024 թվականը հասնի ՆԱՏՕ-ի երկրների միջեւ 3 տարի առաջ ստորագրված համաձայնագրով նախատեսվող ՀՆԱ 2 % մակարդակին: Բեռլինը նաեւ ըստ ամենայնի խրախուսում է ազգամիջյան զինված ստորաբաժանումների ստեղծումըՙ ունենալով Նիդեռլանդների, Ֆրանսիայի եւ Լեհաստանի հետ համատեղ զինված ջոկատներ: Մոտ ժամանակներս կստեղծվեն գերմանա-չեխական եւ գերմանա-ռումինական զորամիավորումներ:

Հինգերորդ խնդիրը արտաքին քաղաքականությունն է: Մերկելը դաշինքի երկրներին արդեն կոչ է արել ինքնուրույն քաղաքականություն վարել Սիրիայի, Ուկրաինայի, Լիբիայի նկատմամբ, ինչպես նաեւ փախստականների հարցում: Բացի դրանից, Եվրոմիությունը պետք է ինքնուրույն դերակատար լինի Ասիայում, ինչի համար հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել Հնդկաստանի եւ Չինաստանի հետ ԵՄ կապերի վրա:

Վեցերորդ խնդիրը Brexit-ն է: Մերկելը եւ Մակրոնը համամիտ են, որ ԵՄ միասնությունը անչափ կարեւոր է Brexit-ի հարցում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ վարելու համար: Այլ կերպ ասած, Մեծ Բրիտանիայից գումարներ կորզելու համար անդամ պետությունները պետք է մի կողմ դնեն իրենց ներքին տարաձայնությունները եւ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարությամբ միասնական ճակատով հանդես գան ընդդեմ Լոնդոնի: Սա է հաջողության գրավականը:

Յոթերորդ խնդիրը վերաբերում է Վայդմանին եւ դե Գինդոսին: Der Spiegel շաբաթահանդեսը անցյալ շաբաթ գրեց, որ Անգելա Մերկելը ԵՄ Կենտրոնական բանկի տնօրենի պաշտոնում Մարիո Դրագիի փոխարեն արդեն առաջադրել է իր մարդուՙ Բունդեսբանկի նախագահ Ենս Վայդմանի թեկնածությունը: Իտալացու պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2019-ին, բայց փոխարինող հարկավոր է գտնել արդեն այժմ, որպեսզի մեկ ուրիշը չառաջադրի կանցլեր Մերկելի անհաճո ինչ-որ անձնավորության թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ Վայդմանի տեղակալը կդառնա Իսպանիայի տնտեսության ներկայիս նախարար Լուիս դե Գինդոսը:

Ութերորդ խնդիրը փախստականներն են: Գերմանիայի կառավարությունն ուզում է կտրուկ նվազեցնել Եվրոպա մուտք գործող փախստականների թիվը եւ համաձայնության հասնել փախստականներին ԵՄ անդամ գործընկեր երկրներում տեղաբաշխելու հարցի շուրջ: Մակրոնը, իր նախորդ Ֆրանսուա Օլանդին հակառակ, հանդես է գալիս տեղաբաշխման տվյալ համակարգի օգտին: Այդուհանդերձ Եվրոմիության որոշ երկրներ (առաջին հերթին Լեհաստանը եւ Հունգարիան) հրաժարվում են ընդունել փախստականներին:

Իններորդ խնդիրը Ֆրանսիայի եւ Գերմանիայի ընտրություններում հաղթանակի ապահովումն է: Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Մակրոնի համար շատ կարեւոր է, որ հունիսի 11-ին կայացած Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլում նախագահական կուսակցությունը ստացավ բոլոր քվեների 1/3-ը: Ինչպես կանխատեսում է France 24 հեռուստաալիքը, երկրորդ փուլից հետո Մակրոնի կողմնակիցները 577 տեղանոց խորհրդարանում կունենան առնվազն 411 տեղ:

Պ. Ք.


https://www.archive.azg.am/AM/2017061623

© AZG Daily, 2008