«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 2019-03-29 ՀԵՏԱԳԻԾ ՊԱՏԻՎ ԵՎ ՊԱՏԻԺՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երբ բանակում գողական կարգախոսներ են վանկարկում, ուրեմն բանակում ուզում են տարածել գողական բարքեր: Երբ բանակում քաղաքական կարգախոսներ են տարածում, կնշանակի ուզում են բանակը քաղաքականացնել: Երբ բանակում գողական եւ քաղաքական կարգախոսների համար չեն պատժում ու դրանց վերաբերյալ քաղաքական ու իրավական գնահատական չեն հնչեցնում, ուրեմն բանակը լրջագույն խնդիր ունի: Ագարակի զորամասում տեղի ունեցած միջադեպն ու դրաՙ իրավա-քաղաքական գնահատականի բացակայությունը ցույց տվեց, որ մեր բանակը ունի լրջագույն խնդիր: Առաջ էլ ուներ, հիմա, սակայն, այն այնքան ցցուն է դարձել, որ զինվորն իրեն իրավունք է վերապահում չսափրվելՙ շեշտելով, որ այդպես է անում, քանի որ մեր վարչապետը չի սափրվում: Ինչպես գիտենքՙ Ագարակի զորամասում բունտ է եղել, ըստ տեղեկությունների սպան պատռել է զինվորի սպայական համազգեստը, հետո զինվորներից մեկը կազմակերպել է ապստամբություն, մի խումբ զինծառայողներով դուրս են եկել զորամասի տարածքից, քայլել են փողոցումՙ բղավելովՙ կյանքՙ գողերին, մահՙ ոստիկաններին, եւ դըմփ-դըմփ-հո՛ւ: Դըմփ-դըմփ-հու-ն, ինչպես գիտենք, քաղաքական կարգախոս է: Ըմբոստության կազմակերպիչը հենց փողոցում, ըստ ականատեսների, դիմել է զինակիցներին ու ասելՙ Տղերք, դուխով, ես նստած տղա եմ, որտեղ էլ նստեմ, սաղիդ կողքին եմ: Այս միջադեպին վարչապետը չի անդրադարձել: Փոխվարչապետներից ոչ մեկն էլ: Չնայած Տիգրան Ավինյանը , որն իմիջիայլոց սափրվել է, չնայած մեր վարչապետը սափրված չէ, ՊՆ-ում օրերս դասախոսություն կարդաց, ինչը շատ ուշագրավ էր, քանի որ շատ հետաքրքրական է, թե ի՞նչ կարող է ասել բանակում չծառայածըՙ բանակի հրամանատարներին: Ագարակի զորամասի մասին խոսեց միայն ՊՆ մամուլի խոսնակը: Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ միջադեպի մեղավորները, կոնկրետՙ տասը զինծառայող, կպատժվեն. նրանք կուղարկվեն առաջնագիծ: Այսի՞նքն: Առաջնագիծը պատի՞ժ է, թե՞ պատիվ: Ո՞վ է ասել եւ ինչո՞ւ է ասել, որ կարգազանց, դասալիք, դըմփ-դըմփացնող եւ գողերինՙ կյանք, ոստիկաններինՙ մահ մաղթող զինվորական համազգեստով ու կասկածելի վարքով տղաները ավելի ապահով են դարձնելու մեր սահմանը: Գուցե ՊՆ-ն նման ուսումնասիրություն-վերլուծություն ունի՞ եւ վստա՞հ է, որ դասալիքները առաջնագծում այնպես են դըմփացնելու, որ ադրբեջանցիները վազեն մինչեւ Կասպից ծով... Առաջարկում եմ, որ երբ հաջորդ անգամ ՊՆ-ում փակ հավաք լինի, Տիգրան Ավինյանը դասախոսություն կարդաՙ Առաջնագիծ. պատի՞վ, թե՞ պատիժ թեմայով: Իսկ սահմանին այս պահին կանգնած պատվավոր տղերքին խաղաղություն եւ ամրություն եմ մաղթումՙ ապրիլից առաջ, ապրելո՛ւ համար: https://www.archive.azg.am/AM/2019032910 © AZG Daily, 2008 |