«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 2020-06-12ԿՈԼԻՆ ՓԱՈՒԵԼ. «ԹՐԱՄՓԸ ՔՇՎԵԼ-ՀԵՌԱՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ»Մ. Նահանգների նախկին պետքարտուղարՙ գեներալ Կոլին Փաուելը կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրող Ջեյք Թեփըրի հարցինՙ հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը «քշվել-հեռացել է Սահմանադրությունից»: Այդպիսով, փաստորեն, Փաուելն այդ հայտարարությամբ մեծացրեց ցուցակը նախկին այն բարձրաստիճան զինվորականների, որոնք ոստիկանության կողմից Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությանը հետեւած լայնածավալ բողոքի ցույցերի նկատմամբ խստորեն քննադատեցին ու շարունակում են քննադատել երկրի նախագահի հակազդեցությունը: «Մենք ունենք Սահմանադրություն, որին պետք է հետեւենք, մինչդեռ Թրամփը հեռացել-խոտորվել է նրանից», ասաց Ջորջ Վ. Բուշի ժամանակ պետքարտուղարի պաշտոն վարած հանրապետական սեւամորթ գեներալը: Նա հայտարարեց, որ ինքը հպարտ է նախկին բարձրաստիճան զինվորականների, ծովակալների եւ դիվանագետների կեցվածքով, որոնք խստորեն դատապարտում են նախագահի վերաբերմունքը բողոքի ցույցերի նկատմամբ: Թրամփին նա բնութագրեց իբրեւ «ազգային անպատվություն եւ միջազգային պարիա (մերժված, իրավազուրկ)»: Նա ավելացրեց նաեւ, որ Թրամփը «վիրավորում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են խոսել իր դեմ»: «Դա շատ վտանգավոր է մեր երկրի համար», եզրափակեց նա: Արդարեւ, նույն օրն իսկ նախագահ Թրամփը, կարծես հաստատելու համար վերը ասվածը, թվիթերում Կոլին Փաուելին անվանեց «մերժված մարդ, դիակ», չմոռանալով վիրավորանքից բաժին հանել նաեւ իրեն քննադատած մյուս նախկին բարձրաստիճաններինՙ նրանց անվանելով «թոշակառու բյուրոկրատներ»: Ավելացնենք նաեւ, որ միեւնույն հարցազրույցում Կոլին Փաուելը հայտարարեց, որ նախագահական առաջիկա ընտրություններում քվեարկելու է դեմոկրատ Ջո Բայդենի օգտին, ինչպես որ նախորդ ընտրություններում քվեարկել էր հօգուտ Հիլարի Քլինթոնին: Ի դեպ, Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պետական առաջին դեմքեր, ինչպես նախագահ Ջորջ Բուշ կրտսերը եւ սենատոր Միթ Ռոմնին ասել են, որ առաջիկա ընտրություններում չեն աջակցելու Թրամփին: Մյուս կողմից, օգտվելով այն հանգամանքից, որ մի շարք «քյոհնա» հանրապետականներ չեն աջակցելու գործող նախագահի վերընտրությանը, նախագահական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական ճամբարում մտածում են ստեղծել «Հանրապետականներՙ Բայդենի համար» շարժում: Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախկին քարտուղար Ջիմ Մաթիսը , որը 2018-ին հրաժարվել էր Թրամփի կառավարությունիցՙ նախագահի սիրիական քաղաքականությանը անհամաձայն լինելու պատճառով եւ որը շատ կողմնակիցներ ունի թե հանրապետական, թե դեմոկրատական ճամբարներում, «Նյու Յորք Թայմս» թերթում գրում է. «Դոնալդ Թրամփը առաջին նախագահն է իմ կյանքում, որը չի փորձում միավորել ամերիկացի ժողովրդին, նույնիսկ չի ձգտում անել դա: Մենք կարող ենք միավորվել առանց նրա, հենվելով մեր քաղաքացիական հասարակության ներուժի վրա: Դա հեշտ չի լինի, ինչպես անցնող օրերը ցույց տվեցին, սակայն այդ առումով մենք պարտք ենք մեր համաքաղաքացիներին, մեր նախորդ սերունդներին, որոնք արյուն են թափել պաշտպանելու համար մեր խոստումը, եւ մեր երեխաներին: https://www.archive.azg.am/AM/2020061215 © AZG Daily, 2008 |