«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 2021-07-23ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Հայաստանի սահմանների երկայնքում բռնությունը շարունակում է սաստկանալ։ Ոտնձգությունները սկսեցին մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի շրջան, որտեղ մոտ հազար զինվորներ շրջապատեցին Սեւ լիճը եւ դեռ մնում են այնտեղ խախտելով Հայաստանի ինքնիշխան պետության կարգավիճակը։ Հայկական կողմի բողոքները ոչ մի արդյունք չտվեցին։ Ընդհակառակը` դրանք նույնիսկ խրախուսեցին Ադրբեջանի բռնատեր Իլհամ Ալիեւին դիմելու նոր ոտնձգությունների` հրահրելով բռնարարքներ այս անգամ Գեղարքունիքի շրջանում։ Իսկ վերջերս հակամարտությունները տեղափոխվել են Երասխ, Երեւանին մոտիկ, որտեղ հայկական կողմը կորուստներ է տվել եւ մեկ ադրբեջանական ԱԹՍ խփվել։ Այս բոլոր ռազմական առճակատումների ետին քաղաքական պայքար է գնում Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ։ Վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք գտնում են, որ ղարաբաղյան հարցն ավարտված չէ, որ պետք է վերջնականպաես որոշվի Ղարաբաղի քաղաքական եւ իրավական կարգավիճակը ի հակասություն Ալիեւի պնդումների, որ ուժային միջոցներով արդեն լուծվել է հակամարտությունը, եւ կարգավիճակի հարց գոյություն չունի։ Նախագահ Ալիեւը Հայաստանից պահանջում է ստորագրել խաղաղության նվաստացուցիչ մի պայմանագիր, որով զրկում է նրան որեւէ հավակնություն ներկայացնել Ղարաբաղի վերաբերյալ։ Դրա նպատակն է կանխարգելել կարգավորման ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի, որն ամբողջ ժամանակ կանգնած է հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իր որդեգրած սկզբունքների վրա։ ԵԱՀԿ-ի խմբի համանախագահները ապրիլի 13-ին հայտարարությամբ կոչ էին արել կողմերին վերսկսել բանակցությունները, բայց ոչ մի քայլ այդ ուղղությամբ չէր կատարվել։ Նրանք հուլիսի 29-ին երկրորդ անգամ կոչ արեցին, որն ողջունվեց Հայաստանի արտգործնախարարության կողմից։ Այս անգամ նրանք կողմերից պահանջում էին թուլացնել լարվածությունը, հրաժարվել սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից, եւ գործադրել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության դրույթների պահանջները։ Եթե բանակցությունները վերսկսեն ԵԱՀԿ Մինսկի խումբը ստիպված է լինելու մշակել օրակարգի մեծ քանակությամբ նոր հարցեր, որոնք Ադրբեջանն իր գործողություններով առաջադրել է։ Այդ պատճառով էլ Ղարաբաղի հարցը վերջում է քննարկվելու, որովհետեւ Բաքուն թեժացրել է կացությունը` հրաժարվելով ազատ արձակել ռազմագերիներին, կեղծ դատավարություններ կազմակերպելով, հրադադարից մինչ օրս մոտ 60 հայ զիվորներ սպանելով եւ անգամ հողային պահանջներ ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան հանրապետությանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Մոսկվա շտապ խորհրդակցություններ անցկացնելու եւ նրանից խնդրելու, որ «ցավագին զիջումների» գնա։ Հետաքրքրական է իմանալ, թե զիջումներն, ի վերջո, ավարտ ունենալո՞ւ են, այն բանից հետո, երբ պատերազմում հայկական կողմը հինգ հազար զոհ տվեց, ունեցավ 10 հազար վիրավոր զինվոր եւ կորցրեց Ղարաբաղի 75 տոկոսը։ Ըստ երեւույթին, խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, որ Փաշինյանը պնդում է, թե քննարկման նյութ չէ, իսկ Ալիեւը դրան հետամուտ է լինում իր բոլոր հայտարարություններում։ Ի դեպ, նախագահ Պուտինը Փաշինյանին հանդիպելուց հետո խոսել է նաեւ նախագահ Ալիեւի հետ, որին շնորհակալություն է հայտնել «լուծումներ կամ զիջումային տարբերակներ գտնելու» համար։ Քաղաքական այս կեղծ բարեպաշտությունը բխում է այն փաստից, որ Ալիեւը դեռ չի ստորագրել Ադրբեջանի տարածքում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու մանդատը։ Այդ պատճառով էլ այդ ուժերի ներկայությունը չափազանց փխրուն իրավական հիմքերի վրա է, եւ Ալիեւը որեւէ ժամանակ կարող է դուրս հրավիրել նրանց առանց սպասելու, որ ավարտի նրանց հնգամյա ժամկետը։ Փաշինյանը խնդրել էր, որ ռուս վերահսկող զինվորների խումբը տեղակավի Հայաստանի սահմաններում, բայց նրա խնդրանքը մերժվեց։ Ավելին, Ռուսաստանի խորհրդարանում ԱՊՀ-ի հարցերով զբաղվող հանձնախմբի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նրան հանդիմանեց ասելով. «Ապահովության նման հարցերը հաճախ լռելյայն են վճռվում։ Մամուլի ներկայությամբ հայտարարությունները սովորաբար արվում են, երբ կարիք է զգացվում քաղաքական միավորներ վաստակել կառավարությունում կամ այլ կառույցում ինքնահաստատման համար»։ Այդուհանդերձ, Փաշինյանի խնդրանքը անուշադրության չմատնվեց, եւ Ֆրանսիան արձագանքեց։ Երեւանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում առաջարկեց իր երկրի զինվորական աջակցությունը տրամադրել պաշտպանելու համար Հայաստանի սահմանները։ Այս հայտարարությունը լուրջ քննարկման նյութ դարձավ լրատվամիջոցներում եւ վերլուծական լսարաններում, եւ հույսեր արթնացրեց։ Բայց բոլոր քաղաքական մեկնաբաններն ու փորձագետները անտեսեցին առաջարկության հետ կապված պայմանները, քանի որ Հայաստանն ու Ֆրանսիան տարբեր դաշնակցությունների են անդամակցում եւ այդ օգնությունից օգտվելու համար Հայաստանը պարտավոր է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Բացի դրանից ֆրանսիական ռազմական ներկայությունը կարող է տեղի ունենալ միայն ՄԱԿ-ի Ապահովության խորհրդից համապատասխան մանդատ ստանալու պարագայում, որը դժվար է ձեռք բերել։ Քառասունչորսօրյա պատերազմի թեման հանվել էր ՄԱԿ-ի օրակարգից Ռուսաստանի կամ Չինաստանի վետոյի հետեւանքում։ Առայժմ դեռ պարզ չէ կոնկրետ ո՞ր երկրի, այնպես որ դժվար է պատկերացնել, թե ողբերգության հետ կապված որեւէ հարց հետագայում տեղ կգտնի այդ կազմակերպության օրակարգում։ Մնում է, որ Հայաստանն ու հայերը շնորհակալություն հայտնեն Ֆրանսիային իր տեսական առաջարկի համար։ Բանակցությունների ձախողման պատճառը պետք է փնտրել միջազգային հարաբերություններում ստեղծված անելանելի կացության մեջ։ ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի կամ ՄԱԿ-ի կողմից ներկայացված որեւէ առաջարկ դիտարկվում է որպես սպառնալիք ուղղված Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կայացած շտապ կարգադրություններին։ Արեւմուտքին ուղղված Հայաստանի կոչերը Բաքվի համար դարձել են վախեցնելու իր մարտավարության գործիքներ։ Ալիեւը Ռուսաստանին զգուշացնում է, որ Հայաստանն իր այդ քայլերով նպաստում է տարածաշրջանում արեւմտյան ազդեցության ընդարձակմանը։ Մեկնաբանելով իրադրությունը վերլուծաբան Պավել Դալլաքյանը գրում է. «Մոսկվան Բաքվին է սպառնում Երեւանով, իսկ Բաքուն, իր հերթին, սպառնում է Մոսկվային Երեւանով։ Իսկ Երեւանը պարտավոր է ինքն իրենից չվախենալ»։ Ռուսաստանի ձախողումը ի կատար ածելու նոյեմբերի 9-ին հայտարարված հրադադարի իր բաժինը եւ անկարողությունը կատարելու իր պայմանագրային պարտավորությունները ՀԱՊԿ-ի եւ Հայաստանում տեղակայված իր ռազմաբազայի միջոցով չեն կարող առանձին վերցրած բացատրել այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանում։ Կան առավել գլոբալ ռազմագիտական զարգացումներ, որոնք սպառնում են Ռուսաստանի գոյությանը։ Խոսքը թուրանա-մահմեդական կայսրության առաջացման մասին է, որ Թուրքիան ծրագրում է, իսկ Արեւմուտքն էլ խրախուսում։ Թուրքիան ոչ մի հիմնավորում չուներ միանալու Ռուսաստանին` Ադրբեջանում «Մոնիտորինգի կենտրոնի» կազմավորմանը, բայց Մոսկվան ընդառաջ գնաց այդ պահանջին, որպեսզի ճանապարհ հարթի տեղակայելու իր խաղաղապահ ուժերը։ Թուրքիան, մյուս կողմից, Կրեմլից թույլտվություն չխնդրեց իր զորքերը Նախիջեւան մտցնելու համար, մինչդեռ Մոսկվան, որպես 1921 թվի Կարսի պայմանագիրը ստորագրողի, պատասխանատվություն էր կրում այդ էքսկլավի հանդեպ։ Ռուսաստանի լռությունը տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ դերակատարության եւ Ադրբեջանի ռազմատենչ գործողությունների նկատմամբ աղետաբեր ազդանշան է իր իսկ թուլության։ Այս կոնտեքստում Ադամ Շիֆի հայտարարութունը հույսի նոր դուռ է բացում Հայաստանի առաջ։ Նա նշեց, որ Հայաստանը մեծապես կախյալ է Ռուսաստանից, «ուստի ես ցանկանում եմ էլ ավելի սերտացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որպեսզի Հայաստանը դառնա ավելի անկախ ինչպես տնտեսական, այնպես էլ ապահովության տեսակետից»։ Սակայն, ժամանակն ավելի արագ է ընթանում, քան այս զարգացումները, եւ Թուրքիան այնպիսի իրողություններ է ստեղծում, որոնք անշրջելի են թվում։ Նախ, նախագահ Էրդողանն այցելեց Շուշի, որտեղ նախագահ Ալիեւի հետ ստորագրեց մի հայտարարություն, որի բովանդակությունը շատ ավելի վտանգավոր է, քան երեւում է առաջին հայացքից։ «Շուշա-ի հայտարարությունը» հիմքը դրեց ստեղծելու դաշնակցային (ֆեդերալ) մի պետություն «մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի ներքո։ Սա նշանակում է, որ Ալիեւը թույլ է տալիս Թուրքիային կլանելու երկիրը նավթահորերի եւ տնտեսական հնարավորությունների իր ամբողջ պաշարով։ Էրդողանի այցելությանը հետեւեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենտոպի այցը։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել թյուրքական մի բանակ` ի հավելումն այն ռազմաբազայի, որ նախագահ Էրդողանը նշել էր ավելի վաղ։ Թյուրքական բանակ ստեղծելու այս ծրագիրը պետք է դիտարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի Կենտրոնական Ասիա կատարած հաճախակի այցելությունների կոնտեքստում։ Այդ տարածաշրջանի երկրները իրենց նավթադոլարներով թուրքական ռազմամթերք են գնում, իսկ զինվորները վերապատրաստվում են թուրք սպաների կողմից։ Եթե որեւէ մեկը դեռեւս կասկածում է պանթուրանական կայսրության ստեղծման հնարավորությունների մասին, պետք է հաշվի առնի այս գործողությունները եւ հանգի համապատասխան եզրակացությունների։ Նմանատիպ գործողությունները, անշուշտ, նախապատրաստական մարտահրավերներ են ուղղված Ռուսաստանի եւ իր ազդեցության տակ գտնվող տարածքների դեմ։ Վերջնական նպատակը Ռուսական դաշնության փլուզումն է եւ հարավում թուրքական գոտու ստեղծումով շրջափակել նրա առաջխաղացումը։ Էրդողանի աշխատակազմի ղեկավար Իբրահիմ Կալինն արդեն զգուշացրել է, որ պայթեցնելու է Ռուսաստանը ներսից, զինելով այնտեղ բնակվող 25 միլիոն մահմեդականներին։ Նման գլոբալ պատերազմական հնարավոր իրավիճակի պայմաններում առաջին տուժողները լինելու են (եւ դա ապացուցված է) Հայաստանի նման երկրները։ Թվում է, թե Ռուսաստանը անզոր հետեւում է իր սահմաններում ընթացող այս զարգացումներին։ Դա ակնհայտ է դառնում Կրեմլից ստացված հաղորդագրություններից։ Հունիսի 18-ին, օրինակ, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Կերմլը ուշի-ուշով հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու տեղեկություններին։ Ըստ իրեն, Ռուսաստանը Թուրքիայի հետ համագործակցում է «կայունացնելու համար կացությունը Անդրկովկասում»։ Եթե Ռուսաստանի եւ ապագա թուրանական կայսրության միջեւ հնարավոր հակամարտությունը հեռավոր խնդիր է մնում, ապա Ադրբեջանն ու Պակիստանը արդեն իսկ իրենց սպառնալիքն են հասցրել Հայաստանի սահմաններին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահներին միացել էր նաեւ Պակիստանի ԱԺ նախագահ Ասադ Քայզերը, որ նույնպես ստորագրել էր Բաքվի հայտարարությունը։ Այդ առիթով Ադրբեջանի ԱԺ նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը դառնալու էր նոր միավորող ճանապարհ եղբայրական Պակիստանից ձգվելով դեպի Թուրքիա եւ Ադրբեջան»։ Այնպես որ Զանգեզուրը որպես պատերազմական ավար ծառայելու է ոչ միայն Թուրքիային եւ Ադրբեջանին, այլեւ Պակիստանին, որ իր ջիհադիստների անկախ ջոկատներով եւ օդուժով գործուն մասնակցություն էր ունեցել 44-օրյա պատերազմում։ Զանգեզուրին մասնակից դառնալու դեպքում, Պակիստանն իր միջուկային ռումբերն է տրամադրելու եռամիապետերին։ Բաքվի հայտարարությունը Հայաստանին է մեղադրում Ադրբեջանից ականապատված տարածքների քարտեզները ձեռք բերելու մեջ եւ շնորհավորում է Ադրբեջանին «Հայաստանի տիրապետությունից» ազատագրելու համար իր սեփական տարածքները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանային ներխուժումների ետեւում հսկայական աշխարհամարտավարական մի կառույց է կազմավորվել, որ պաշտպանում է Ալիեւի ամբարտավանությունները։ Երբ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմեց Ադրբեջանի նախահարձակումը զսպելու խնդրանքով, խնդրանքը մերժվեց, իսկ ներխուժումները նվազեցվեցին «սովորական սահմանային միջադեպերի»։ Հայաստանի վերջին հույսը ԵԱՀԿ-ի նախաձեռնությունն է։ Ամերիկայի պետքարտուղարությունը միանալով Ֆրանսիային վերջերս կողմերին դարձյալ կոչ արեց վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Ալիեւը դանդաղում է արձագանքել վերոնշյալ պատճառներով։ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը նույնն է. գտնել բանակցային կարգավորում եւ սահմանել Ղարաբաղի կարգավիճակը, մի պահանջ, որ Ալիեւը մերժում է կտրականապես։ Հայաստանը պետք է շարունակի պահանջել, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի ուժի գործադրումով խախտելու համար ԵԱՀԿ-ի սկզբունքներից մեկը։ Տեսականորեն Հայաստանը դեռ հույս ունի վերագրավելու Ղարաբաղը, բայց տարածաշրջանի երկնակամարում կուտակվող փոթորկալից ամպերը դժվար թե այդ նպատակը իրագործելի դարձնեն։ Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Arm. Mirror-Spectator) https://www.archive.azg.am/AM/2021072343 © AZG Daily, 2008 |