ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 2019-03-08ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԿԱՄ «ՍԵՎ ԹՈՒՂԹ»Նաիր ՅԱՆ Արդեն երկրորդ շաբաթն էՙ վիրտուալ եւ ոչ վիրտուալ ամենաթեժ քննարկումները ծավալվում են մշակույթի նախարարության փաստաթղթաշրջանառությունից դուրս սպրդած ու լրատվամիջոցների ձեռքին հայտնված փաստաթղթի շուրջը: Համազգային թատրոնը եւս «սեւ ցուցակում» է: Համազգայինցիները պատասխան հայտարարությամբ հանդես եկանՙ իրենք կուսակցական թատրոն չեն, ինչպես գրված է նախարարության փաստաթղթում, ձեռագիր ունեն, ինչը հերքում է նույն փաստաթուղթը եւ չեն հիմնվել Սոս Սարգսյանի կուրսի ուսանողների ուժերի վրա: Գալյա Նովենցը, Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը եւ Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի կուրսը չեն ավարտել, բայց Համազգային թատրոնի հիմնադիրներն են: Համազգայինը շուտով սեփական շենք է ունենալու. կառուցապատողն է այն նվիրել թատրոնինՙ ի նշան Սոս Սարգսյանի հանդեպ ակնածանքի: Թատրոնը տարեկան 7 պրեմիերա է ունենում, որոնցից եւ ոչ մեկին մշակույթի նախարարությունից ներկա չեն լինում: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը եւս ոչ մի պրեմիերայի ներկա չի եղել, հիմնվել է տարբեր վարչությունների, փորձագետների կարծիքի վրա ու նպատակահարմար գտել 28 տարվա Համազգային թատրոնը դարձնել ուսանողական հարթակ: Թե ինչ տրամաբանությամբ է նա մտադիր Սպենդիարյանի տուն-թանգարանը միացնել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին, կամ Կամերային թատրոնըՙ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին, ոչ մեկին հայտնի չէ: Մտավորականների ու հանրության շրջանում առաջացած վրդովմունքից, աղմուկից հետո Նազենի Ղարիբյանը հայտարարեց, թե ի՜նչ փաստաթուղթ, ի՜նչ բան, դա ընդամենը սեւագրություն է եղել:Կառավարությունից հանձնարարական է եկել, որ ՊՈԱԿ-ների գործունեությունը վերլուծվի, ստուգվի. արդյունքում կազմվել է աշխատանքային սեւագրություն, որը, այնուամենայնիվ, կառավարությանը ներկայացվել է: Սրան էլ պատասխան կա. կառավարությունից է հանձնարարականն իջեցվել, կառավարությանն էլ հանձնվել է ՊՈԱԿ-ների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքը: Եթե անգամ ընդունենք, որ այն սեւագրություն է, ոչ թե նախագիծ, օրինագիծ կամ որոշում, միեւնույն է, մշակութային 15 հաստատությունների լուծարման, օպտիմալացման, միավորման մասին խոսակցություն եղե՛լ է: Այսինքնՙ այսպես թե այնպես մշակույթի ոլորտը կառավարողների մտքով դա անցել է: Առանց ՊՈԱԿ-ների ղեկավարներին տեղյակ պահելու, առանց նրանց հետ խնդիրը քննարկելու, ուղղակի փաստաթուղթ է կազմվել: Եթե ինֆորմացիոն արտահոսքի հետեւանքով այն դուրս չսպրդեր նախարարության տիրույթից, ոչ ոք «սեւ ցուցակի» մասին չէր իմանա եւ չէր պատրաստվի հակահարձակման: Իսկ միգուցե ՊՈԱԿ-ների ղեկավարներին մի գեղեցիկ օր հրավիրեին նախարարություն ու լայն ժպիտով ասեինՙ մենք երկար ենք ուսումնասիրել ձեր անիմաստ գոյությունն ու գործունեությունը եւ որոշել, որ դուք կա՛մ պետք է փակվեք, լուծարվեք, կա՛մ էլ միավորվեք, ինչպես արվեց մի քանի նախարարությունների դեպքումՙ աշխատողներին ուղղակի լուծարման պայմանագիր դեմ տալով ու գործազուրկ դարձնելով: Նազենի Ղարիբյանը նշեց, որ մեր հարկատուների փողերը խնայողությամբ ծախսելու, վարչարարությունը հեշտացնելու նպատակով է սեւագիր տեղեկանքը ստեղծվել: Մի դեպքում նա ասում էր, որ ոչ մի ՊՈԱԿ չի փակվելու, մյուս դեպքում, թեՙ հրավիրելու ենք ՊՈԱԿ-ների տնօրեններին, նրանց ներկայացնենք մեր հիմնավորումները, նրանք պետք է մեզ հակառակը համոզեն, իրենց գործունեությունն արդարացնող հիմնավորումներ բերեն, բայց մենք ոչ մի բռնի ուժ նրանց նկատմամաբ չենք կիրառելու, չենք ասելու փակվեք ու վերջ: Այս բառախաղը հասկանալու համար լեզվի հարաբերական տեսության կամ համամետական լեզվաբանության մասնագետ պետք չէ լինել: Ոչ մի ՊՈԱԿ չի լուծարվելու, մինչեւ նրանց այլընտրանք չառաջարկվի. այս թեզը եւս պաշտոնյանի ելույթի անկյունաքարն էրՙ դարձյալ երկիմաստ ենթատեքստով: Այլընտրանք. օրինակ, Համազգային թատրոնին առաջարկվում է միանալ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտին, Սպենդիարյանի տուն-թանգարանին եւս առաջարկվում է միանալ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին, Խամաճիկների թատրոնինՙ վերամիավորվել տիկնիկային թատրոնի հետ եւ այսպես շարունակ: Հետաքրքրական էՙ կարո՞ղ են նույն նախարարության փորձագետները նշել մի պատճառ, թե ինչու պետք է փակեն Համազգային թատրոնը եւ չփակեն Խորեոգրաֆիայի թատրոնը, որի մասին հանրությունն ու ԶԼՄ-ներն իմացան երկու ամիս առաջվա սկանդալային դեպքից հետո: Թող նշեն մի պատճառ, թե ինչու պետք է լուծարվի Սպենդիարյանի թանգարոնը եւ չլուծարվի Դերենիկ Դեմիրճյանի թանգարանը, ինչու չփակել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, բայց փակել Համազգայինը կամ Խամաճիկների թատրոնը: Ո՞րն է սկզբունքը, հիմնավորումը, պատճառը: Արվեստագետներն ու հանրությունը իշխանությունների մոտեցումներում կամայականություն ու քմահաճություն են տեսնում, որը տարակուսանքի, հիասթափության, սեփական երկրում անպաշտպան լինելու զգացում է առաջացնում: Այս տարերային փոփոխությունները անկայունության տրամադրություն են առաջացնում, ինչը դեպրեսիայի հիմքն է: Նախարարության փաստաթուղթը «գաղտնազերծվել է», հանրությունը ցասումով սպասում էՙ ինչ ընթացք ու շարունակություն է ունենալու ՊՈԱԿ-ների թեման: Իսկ «սեւ ցուցակում» հայտնվածներն արդեն ռազմավարություն են մշակելՙ չեն լռելու, չեն հանդուրժելու եւ անհրաժեշտության դեպքում պայքարի տարբեր միջոցների են դիմելու: https://www.archive.azg.am/AM/2019030801 © AZG Daily, 2008 |