«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#0, 0000-00-00 | #148, 0000-00-00 | #1, 2001-01-09


ԻՆՔԸ ՄԻՇՏ ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԻՐՈՒՄ ԷՐ ԱՄԵՆ ՄԵԿԻՆ

Մհեր Մկրտչյանին հիշելով

Մհեր Մկրտչյանի մասին այնքան շատ է գրվել: Ու այնքան քիչ: Անշուշտ, հայ բեմի ու կինոյի այս ինքնատիպ երեւույթը դեռ շատ է ուսումնասիրվելու, թատերագիտական (մասնագիտական) բազում հոդվածներ ու գրքեր են տպագրվելու: Ու հիմա, երբ մոտենում է նրա մահվան հերթական ամյակը, չես կարող պրոֆեսոր Ռազմիկ Մադոյանի նման չասել. «Հանճարները մահ չունեն. Կյանքի 63-րդ տարում, ձմեռվա մի ցուրտ օր մարեց Մհերի Աստղը: Բայց ոչ, ցուրտ ու գորշ ամպերի տակից դարձյալ փայլեց մի Աստղ: Մհերը ոչ թե «քարանձավ» էր վերադառնում, այլ գնում էր դեպի Պառնաս: Այնտեղ, ուր բազմած են Պետրոս Ադամյանն ու Սիրանույշը, Հովհաննես Աբելյանն ու Հովհաննես Զարիֆյանը. Սալվինին ու Օլիվիեն: Բոլոր այդ եւ մյուս աստղերի մեջ Մհեր Մկրտչյանն ունի իր Աստղը, որը նույնքան պայծառ է ու անմար.»:

- Նրա կյանքի վերջին երեք տարիներին բախտ ունեցա հաճախակի շփվել նրա հետ, զրուցել, վիճաբանել, համաձայնվել-չհամաձայնվել, նրա մասին լսել իր ծանոթ-ընկեր-բարեկամներից. Բայց շատ ավելի լսեցի իրեն, իր խոսքը գրի առա: Պատմում էրՙ հաճախ մեկ մտքից անցնելով մյուսը, ընդմիջում էր խոսքն ամենակարեւոր տեղերում: Բայց նրա խոսքը շատ բան է ասում, ասում է ոչ միայն իր, այլեւ իր ծանոթ մարդկանց, թատրոնի, աշխարհի մասին, մարդու բնույթի մասին ընդհանրապես: Այս մի հրապարակման մեջ փորձելու եմ մի փոքր եւս տեսանելի դարձնել իր խոսքը, իր բնույթը.

«Մեջս տագնապ կա...»

1992-ի հունիսին, երբ դեռ նոր-նոր ստեղծում էր իր թատրոնը, երկար զրույց ունեցանք: Թատրոնն ստեղծվում էր «դատարկ տեղում». ոչ արտիստ ուներ, ոչ ծրագրված պիեսներ, շենքն էլ տվել էինՙ ոտքից գլուխ նորոգման կարիք զգացող շենք: Չէր վհատվում, որովհետեւ նպատակ ուներ.

- Ինչո՞ւ ստեղծեցի այս թատրոնը. Իմ մեջ այս միտքը 7-8 տարի շարունակ եփվում էր: Առաջներում էլ բեմադրություններ անելու փորձ կար: Բայց ես ուզում եմ իմ թատրոնն ստեղծել, որովհետեւ թատրոնի, արտիստի հոտառությունն է կորել, որովհետեւ 1988-ից մեջս տագնապ կա, որ իմ հոտառությունն էլ է կորչելու: Պետք է հաշվի առնենք, որ դարը վերջանում է, նոր դար ենք մտնելու: Իսկ հիմա միջակությունը գլուխ է բարձրացրել, միջակությունն ուզում է տեր ու տիրական դառնալ նաեւ թատրոնում: Ես ուզում եմ թատրոնը, արտիստին փրկել. Ես կկանչեմ բոլոր արտիստներին, բեմադրիչներին: Թող գան, իրենց փորձեն: Ոչ մեկին ոչինչ չեմ պարտադրի, որովհետեւ ես ինքս էլ պարտադրանքի չեմ սիրում ենթարկվել: Ես ուզում եմ, որ իմ թատրոնում մնան նրանք, ովքեր բան ունեն ասելու, թատրոնի համար բան: Քաղաքականությունը ինձ չի հետաքրքրում: Ես չեմ ուզում, որ իմ թատրոնում քաղաքականություն խաղան. Էն ա, ամեն տեղ խաղում են: Դա իրենց խաղն է, թող խաղան: Իմ թատրոնում ճշմարիտ արվեստը պիտի լինի: Ես ուզում եմ, որ հանդիսատեսը բանալու անցքով նայելու նման նայի մեր ներկայացումները եւ հրաշք տեսածի տպավորությունն ունենա. Ես կանեմ այս ամենը, կստեղծեմ այս թատրոնը, կտամ իրենց ձեռքն ու կգնամ.

«Մարդուն պետք է պեղել»

- Չեմ պատկերացնում, երբ ասում են կոմիկ դերասան, ողբերգական դերասան: Էդպիսի բան չկա: Արտիստը շատ բան չգիտի, բայց շատ ու շատ բան գիտի ավելի լավ: Արտիստը գիտի մարդուն, գիտի մարդու մեջ կատարվող ամեն ինչ: Մարդը չի կարող կոմիկ կամ ողբերգական լինել, չէ՞: Մարդու մեջ ամեն ինչ կա: Ու ահա մարդուն պիտի պեղես, գտնես: Մարդուն պիտի սիրես: Եթե չսիրեցիրՙ արտիստ չես: Ես մարդուն սիրող արտիստներ պիտի բերեմ թատրոն.

Մի քանի խոսք սիրո մասին

- Սերը մի քիչ կորել է: Սերը շատ է կորել: Մարդը շատ մաքուր բան է: Պիտի սիրես էս մաքրությունը: Ասում ենՙ էսինչ մարդն իրեն շատ է երեւակայում: Ի՞նչ երեւակայել, ի՞նչ բան: Մարդն ինքն իրեն այդ պահին սիրում է: Ես էդ սերն եմ տեսնում: Ես օրեր շարունակ կանգնել եմ Սայաթ-Նովա փողոցում, նայել եմ մարդունՙ կոշկակարին, թերթ ծախողին, սիրահարված աղջկան, տրանսպորտի սպասող մարդուն: Նայել եմ ու տեսել, որ մարդը մենակ է, որ մարդն ուզում է փրկվել մենակությունից. Մարդու վախը. Մարդը շատ բանից է վախենում, բայց ավելի շատ վախենում է մենակությունից, մենակ մնալուց. Տես, է, թե Չարլի Չապլինն ինչպես լավ է հասկանում մարդուն, ինչքան շատ է սիրում մարդուն. Ինքը կոմիկ արտի՞ստ է. Չէ, չէ. Շատ տխուր մարդ է, որովհետեւ մենակ մնացած մարդուն է պատկերում. Մեր Պաղտասար աղբարի կերպարը ծիծաղելի՞ է: Չէ: Շատ, շատ տխրություն կա մեջը, որովհետեւ մենակ մարդ է, որովհետեւ իր կողքի մարդիկ իրեն չեն հասկանում, չեն սիրում, չեն փորձում փրկել մենակությունից: Էս է.

«Շատ հետաքրքիր բան է արտիստը»

- Արտիստը. Շատ հետաքրքիր բան է արտիստը. Չկա հասկացող եւ չհասկացող արտիստ: Արտիստը պիտի սիրի էն մարդուն, որի կերպարն ստեղծում է, որի շապիկի մեջ մտել է: Եթե արտիստը չսիրի, ոչ մի բան էլ չի ստացվի. Էնքան նուրբ բան է արտիստը, ասենք, նման է նկարչին: Պետք է բացել նրան: Գաղտնիքներ շատ ունի: Էդ գաղտնիքը պիտի իմանանք: Չիմացար, ուրեմն արտիստ չես: Ուրիշ գործ արա. Գիտե՞ք, ես իմ ձախ կիսադեմը չգիտեմ: Աջը գիտեմ, ձախը չգիտեմ.

Մհեր Մկրտչյանը... բանաստե՞ղծ

- Գիտե՞ս, բանաստեղծություն էլ եմ գրել:

- Չէ, մի չէ. Էդ էլ եք արե՞լ:

- Հա, դեռ Լենինականում. Լենինական ասեմ, Գյումրի չասեմ: Մի օր Էդիկ անունով ընկերս եկավ, ասաց. «Ֆրունզ, դու գիտեի՞ր, որ մեր Լենինականը Լենինի անունով է»: Զարմացա: Էդ ո՞նց: Մեր Լենինականը մեր Լենինականն էր, Լենինն ի՞նչ գործ ուներ. Հա, ասացի, որ բանաստեղծություն եմ գրել, չէ՞: Լսիր. «Սիրելիս, մի հուզվիր դուն. /Միշտ ունեցիր համբերություն, /Գնա տունդ, քեզ անուշ քուն, /Համբերությո՜ւն, համբերությո՜ւն.»: .Լավ է, չէ՞: Հատկապես հանգերը. Ո՞նց եմ բռնացրել. Մի հատ էլ ունեմ գրած: Լսիր. «Երբ իմ սրտի խորքը մութ է, /Ո՞ւմ համար ես վառվում, լույս, /Երբ նա չափից դուրս անգութ է, /Ո՞ւմ ես լուսավորում, լույս.». Էս լսիր, էս. «Այժմ գնա, ցանիր բրոնզը /Ուրիշ սրտերի մեջ լույս, /Քեզանից գոհ է Ֆռոնզը.». Էս բանաստեղծությունը գրեցի, երբ տուն, բնակարան չունեի: Հենց բնակարան ստացա, մուսաս փախավ.

Նամակագիրը

Միայն բանաստեղծությամբ չի սահմանափակվել: Նամակներ էլ է գրել: 1982-ի դեկտեմբերի 17-ին Բոստոնից գրել է. «Էստեղ լավ է: Թատրոնի տղաներն ու աղջիկներն ինձ ֆիստուշկա են բերում: Անտենա ուզեցիՙ չտվին: Չեն տալիս, թող չտան. Պաղտասար աղբարը շատ լավ խաղացի, էնքան լավ խաղացի, որ ժողովրդի կեսը դուրսը մնաց: Մյուս անգամ շատ ավելի լավ կխաղամ, որ մյուսը կեսը դուրսը մնա.».

Այնքան շատ բան է պահպանվել իր պատմություններից: Ավելի շատՙ նաեւ իր մասին: Այս անգամ ուզում եմ վերջացնել եղբորՙ Ալբերտ Մկրտչյանի խոսքով. «Ֆրունզն իմ հերն էր, իմ մերն էր, իմ տղեն էր: Ֆրունզն ամեն ինչ էր. Ու հիմա չեմ կարող հավատալ, որ ինքը չկա»: Ինքըՙ Մհեր Մկրտչյանը, կա, միշտ կա ու կլինի: Քանի դեռ մենք կանք ու չենք փրկվել մենակությունից:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4