Դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն արտաքին քաղաքականության առումով 2000 թ.-ը համարել էր բավականին ակտիվ եւ արդյունավետ տարի: Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունն անցած տարում ընթացել էր ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, տարածաշրջանում համագործակցության ծավալման եւ անմիջական հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ուղղություններով:
Ինչ խոսք, վերոհիշյալ երեք ուղղություններն էլ Հայաստանի համար չափազանց կարեւոր են: Բայց որ Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի ծավալմանը Թուրքիայի հակազդեցությունն առանձնակի կարեւորություն է հաղորդում «անմիջական հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», ակնհայտ է: Ահա թե ինչու պրն Օսկանյանը երրորդ ուղղության առնչությամբ իր պարտքն է համարել ընդգծել, չնայած Հայաստանի ջանքերին, Թուրքիայի հետ հարաբերություններում լուրջ տեղաշարժերի բացակայությունը:
ՀՀ արտգործնախարարը բնութագրելով ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշումը «կոշտ եւ ծայրահեղական», այնուամենայնիվ, արտահայտել էր նրա հետ համապարփակ երկխոսություն սկսելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա ասուլիսում ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական համագործակցության նախապայման չէր համարել: Բայց եւ այնպես, ելնելով Եվրախորհրդարանի հատուկ զեկուցմանՙ ցեղասպանությունը ճանաչելու, Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ նրա հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելու դրույթներից, Վարդան Օսկանյանը նկատել էր, որ դրանք պետք է նախապայման դառնան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար:
Վերոհիշյալ խոսքերը պատահական չեն: Թուրքիայի դիրքորոշման գնահատականնՙ առավել եւս: Խոսքերը գնահատականի հետ համադրելու պարագայում ակամա հանգում ենք հետեւյալ եզրակացության. որքան էլ ՀՀ արտգործնախարարը ցեղասպանության ճանաչումը չդիտարկի հայ-թուրքական համագործակցության նախապայման, միեւնույն է, դա ակամա Թուրքիայի հետ Հայաստանի հետագա երկխոսության նախապայման է դառնում: Այդ առումով ամենեւին չի կարող պատահական լինել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ցեղասպանության ճանաչման պայմանավորումը Օսկանյանի կողմից: Հատկանշական է, որ Թուրքիան էլ հայ-թուրքական երկխոսությունն է պայմանավորում Հայոց ցեղասպանության հարցի միջազգային հանրության օրակարգից դուրսմղումով եւ պատմության հետ հաշտվելը որպես նախապայման առաջադրում է Հայաստանին:
«Ազգը» նախորդ համարներում պարբերաբար անդրադառնալով ցեղասպանության ճանաչման օրինագծերին, ցույց էր տվել դրանց հակազդելու թուրքական ծրագրերի սնանկությունը: Թերեւս դա բխում է պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու Թուրքիայի մոտեցման սնանկությունից: Թուրքական իշխանությունները կվերանայե՞ն ցեղասպանության փաստն ուրանալու իրենց մոտեցումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը Մեջլիսի ամբիոնից արդարանալու մղումով ստիպված խոստովանեց այդ սնանկության մասին: Դեկտեմբերի 5-ին նաՙ ի պատասխան պատգամավորական հարցումներին, ասաց. «Եվրոպական երկրների խորհրդարաններում այսպես կոչված Հայոց ցեղասպանության օրինագծերի ընդունումը մեզ համար մտահոգիչ է եւ ցավալի: Մեր նախարարությունն այդ առումով հնարավոր ամեն ինչ արել է, ցեղասպանության հարցին նվիրված առավելագույն հրատարակությունները մենք ենք հրապարակել: Մեր հրատարակած գրքերի քանակն անհամեմատ մեծ է, քան երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններինը միասին: Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 100 երկրում հազարից ավելի միջոցառումներ են կազմակերպվել: Հարյուրավոր գիտաժողովներով փորձել ենք երեւան հանել «Հայերի ցեղասպանության» շուրջ ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով խիստ ցավալի ենք համարում քննադատությունները, հատկապես երբ քննադատության առարկան այն նախարարությունն է, որի լավագույն զավակներից 24-ը հայկական ահաբեկչության զոհն են դարձել»:
Ջեմի խոստովանությունն ինքնանպատակ չէ: Եթե նա դրանով ակամա վկայում է պատմական ճշմարտությունն ուրանալու Թուրքիայի մոտեցման սնանկության մասին, ապա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալումն էլ դառնալու է «Հայկական հարցին հակազդելու» թուրքական ծրագրերի սնանկության վկայությունը: Համենայն դեպս, ցեղասպանության ճանաչման օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգում է եւ կքննարկվի հունվարի 18-ի նիստում: Անկախ արդյունքից քննարկումն ինքնին փաստ է, թերեւս դրանով Թուրքիան հերթական անգամ կկանգնի փաստի առջեւ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ