Ամանորի գիշերը Խոր Վիրապում վառված Գրիգոր Լուսավորչի կանթեղի լույսը հատուկ ինքնաթիռով հասավ Ամերիկա: Հունվարի 6-ին Նյու Յորքի Ս. Վարդան մայր տաճարում տեղի ունեցած սուրբծննդյան պատարագին հայրենիքից բերված լույսը փոխանցվեց Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի բոլոր 67 ծխերի ներկայացուցիչներին: Այնուհետ թեմի յուրաքանչյուր հայկական եկեղեցում առանձնացված հատուկ խորանում մշտավառ կպահպանվի Լուսավորչի կանթեղի լույսը:
ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հետ խորհրդանշական կանթեղը Հայաստանից Ամերիկա տանելու առաքելության պատիվը բաժին էր ընկել նաեւ ամերիկահայ երկու երիտասարդներիՙ մեկը Ուստըրի հնագույն, մյուսըՙ Լենսինգի նորակազմ հայկական համայնքներից: Մինչ այդ «Նյու Յորք թայմսն» ու ամերիկյան այլ ազդեցիկ թերթեր արդեն անդրադարձել էին Հայաստանում քրիստոնեության սկզբին: «Սա լավագույն առիթն է ցույց տալու, թե ո՞վ է Լուսավորիչը, ովքե՞ր ենք հայերս, օտարներին ներկայացնելու մեր հայրենիքը», նշեց Խաժակ սրբազանը եւ ավելացրեց, որ եկող կիրակիՙ հունվարի 14-ին, ԱՄՆ-ի արեւելյան ափի յուրաքանչյուր հայ հավատացյալ ընտանիք հատուկ մոմերով Գրիգոր Լուսավորչի կանթեղից վառած լույսը կտեղափոխի իր ընտանեկան հարկի տակ: Այդպիսով կսկսվի հայերիս համար նորՙ հոբելյանական 2001 թվականը Նոր աշխարհամասում, որի ընթացքում տեղի կունենան բազմապիսի ու բազմաբնույթ շատ այլ միջոցառումներ:
ՀՕՖ-Ի ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ