«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#0, 0000-00-00 | #148, 0000-00-00 | #1, 2001-01-09


ՍԵՐԲ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սերբ-հայկական ընկերությունը վերսկսեց իր գործունեությունը: Այդ ուրախ լուրը մեծ արձագանք գտավ Հարավսլավիայի հայ գաղութում, ինչպես նաեւ արժանացավ սերբ մտավորականության ջերմ հովանավորությանը: Սերբ-հայկական ընկերությունը հիմնվել է 1990 թվականին, նախագահը մինչ օրս պրն Բոդա Մարքովիչն է: Ընկերությունն ունի մշակութային բազմատեսակ ծրագրեր, հետեւապես մեծ դեր կխաղա հայ եւ սերբ ժողովուրդների մշակութային կապերն ամրապնդելու ուղղությամբ: 1993 թ. գրեթե երկու ամիս Հարավսլավիայի մի շարք քաղաքներով, այդ թվում Բելգրադում շրջում էր 1915 թ. ապրիլի 24-ի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որն արժանացել էր տեղի մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության ուշադրությանը: Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները վարում էր Սերբ-հայկական ընկերությունը:

Սերբ-հայկական ընկերությունն իր աշխատանքները վերսկսելու առիթով դեկտեմբերի 28-ին Բելգրադի քաղաքային գրադարանում կազմակերպեց ամանորյա հանդես, որտեղ Հարավսլավիա ամուսնության նպատակով վերաբնակեցված հայ կանայք, իրենց մանկահասակ երեխաների հետ, հայկական երաժշտության մեղեդիների տակ տոնեցին 2001 թ. գալուստը: Հանդեսին մասնակցում էին նաեւ սերբեր եւ սերբուհիներ, ինչպես նաեւ ընկերության նախագահ Բոդա Մարքովիչը, գրադարանի տնօրեն Սիմյոն Բաբիչը, մտավորական խավի այլ ներկայացուցիչներ: Սերբ-հայկական ընկերությունը պատրաստվում է հայկական կիրակնօրյա դպրոց հիմնել տեղի հայ գաղութի համար եւ պատրաստ է իր աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ հայտնել ոչ միայն Հարավսլավիայի մամուլի միջոցով, այլեւ նրա սահմաններից դուրս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4