«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#0, 0000-00-00 | #148, 0000-00-00 | #1, 2001-01-09


ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐԸ

ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՍՆԱՐՔ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հունվարի 9-ից Բաքու կատարելիք պաշտոնական այցի ծրագիրն առավելագույնս կրճատվել է: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրազեկ դիվանագիտական աղբյուրը, դեռ հայտնի չէ, կայցելի՞ արդյոք Վլադիմիր Պուտինը Շեհիդների ծառուղի, որտեղ թաղված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության եւ Բաքվում 1990 թ. հունվարյան իրադարձությունների ընթացքում զոհվածները, երբ հայկական ջարդերը կանխելու համար ադրբեջանական մայրաքաղաք են մտցվել խորհրդային զորքերը: Հայտնի չէ նաեւ, կհանդիպի արդյոք Պուտինը Ղարաբաղի փախստականների հետՙ չնայած արձանագրության այդ երկու կետերն առկա են Բաքու այցելող բոլոր պետությունների ղեկավարների ծրագրերում:

Առայժմ միայն հայտնի է, որ այցը կսկսվի այսօր հունվարի 9-ինՙ օրվա առաջին կեսին: Օդանավակայանից Պուտինը եւ Ալիեւը կժամանեն նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա նրանց գլուխ-գլխի հանդիպումը, որը կշարունակվի ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտից հետո տեղի կունենա երկկողմ համաձայնագրերի ստորագրում եւ մամլո ասուլիս:

Հունվարի 9-ի երեկոյան պետք է տեղի ունենա Ալիեւի եւ Պուտինի եւս մեկ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է երկկողմ հարաբերությունների քննարկում ոչ պաշտոնական իրադրությունում:

Ինչպես հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից, մինչեւ վերջին պահը պահպանվում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի կարգավիճակը որոշող փաստաթղթի առնչությամբ կողմերի տարաձայնությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4