Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 8-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին: Համաձայն հրամանագրի, տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը վերակազմավորվել է քաղաքաշինության նախարարության, եւ կառավարության կառուցվածքում ընդգրկվել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:
Ռոբերտ Քոչարյանը նույն օրը հրամանագիր է ստորագրել Դավիթ Լոքյանին ՀՀ քաղաքաշինության նախարար նշանակելու մասին:
Դավիթ Լոքյանը 1999 թ.-ի մայիսից ԱԺ պատգամավոր է, ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարՙ ազատվելով տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 8-ին հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մադաթյանին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:
Երվանդ Զախարյանը 1998- 1999թթ. եղել է ՀՀ տրանսպորտի նախարարը:
Մինչ նոր նշանակումը, Ե. Զախարյանը զբաղեցնում էր պետական եկամուտների փոխնախարարի պաշտոնը: