«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 0000-00-00 | #1, 2001-01-09 | #2, 2001-01-10


ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԸ

Հայ ազգային հեռուստաալիքների առանձնահատկությունները

Ավարտելով ամանորյա բոլոր գնումները, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր տարեմուտի օրերին ամեն ինչ թանկացրել էին, մեկ տարում վաստակածը ծախսելով խոզի ապխտած ազդր գնելու համար, անցած հազարամյակի վերջին օրը նստեցինք հեռուստացույցների դիմաց, պատրաստվեցինք ընտանիքով ու ազգովին հետեւելու ամանորյա մեր ազգային առանձնահատկություններին: Այս իմաստով, իհարկե, նախընտրելի կլինեին հատկապես Հ1_ի, այսինքն Ազգային հեռուստատեսության ծրագրերը: Անշուշտ, այս ծրագրի հաղորդումներն սկսվեցին «Բարի լոտոյի» խաղարկությամբ (հետո պիտի «Բարի ակնթարթ» լիներ, հետոՙ «Ընտանեկան լոտո», հետոՙ «Ընտանեկան ակնթարթ», հետոՙ «Համով լոտո»...): Այսպես, ընտանիքներով, բարեկամներով, ազգովին ոչինչ չշահելով, ծանոթացանք Քվազիմոդոյի, Ասթերիքսի, Օբելիքսի եւ Կեսարի արկածներին: Եվ որպեսզի չմոռանանք, որ հայկական, ազգային հեռուստատեսության ծրագիր է եթերում, Հ1_ի աշխատակիցները երկու րոպեն մեկ գովազդային հեռուստահոլովակներ էին հրամցնում մեզՙ «Գնեցեք «Գեղարդ» մսի կոմբինատի արտադրանքներն ամենաթանկ գներով», «Թանկից էժանը չկա» եւ նմանատիպ այլ տեքստերով: Ամեն ինչ կատարյալ լինելու համար պակասում էին «Մորենա Կլարա», «Մեղքերի թողություն» եւ այլ սերիալները: Օգնության եկան հանրահայտ Շուրիկն ու Նինան: Կովկասյան այս գերությունը Հայաստանի հեռուստատեսային քսանվեց հազար հեռուստալիքներով ցուցադրվեց քսանյոթ հազար անգամ: Այնուհետեւ Հայաստանի ազգային հեռուստատեսության խոսնակն ազդարարեց. «Սկսում ենք քրիստոնեության ընդունման 1700-ամյակի սկիզբն ազդարարող հանդիսության ուղիղ հեռարձակումը Սուրբ Էջմիածնից»: Անշուշտ, կարող են լինել խոսնակներ, որոնք շփոթում են «քրիստոնեության ընդունման 1700-ամյակ» եւ «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակ» պարզ հասկացությունները: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մի գրագետ մարդ հետեւի խոսնակների խոսքին:

Անհետաքրքիր, անհամ, անալի բազմաթիվ հաղորդումների շարքում զարմանալիորեն ուրախացրեց Վարդան Պետրոսյանըՙ շնորհաշատ մի արտիստ, որի բեմադրությունները միշտ էլ աչքի են ընկնում մեծագույն խստապահանջությամբՙ նախ եւ առաջ իր նկատմամբ:

Այնուամենայնիվ ամերիկյան ամենաանիմաստ ֆիլմերով, Սինդի Կրոուֆորդի շեյփինգներով, դավաճանված Ռոջեր ճագարով եւ, հարկավ, 38 հազար գովազդով անցանք երրորդ հազարամյակՙ հույս ունենալով, որ հունվարի 1-ին գոնե Ազգային հեռուստատեսությունը կհիշի, որ ազգային է: Այդպես էլ եղավ: Հիշեց: Ու նորից պտտվեցին գովազդներըՙ «երկուսի համար ինտիմ միջավայր» ստեղծող ճանապարհային պանդոկների, հյուրանոցների ու մոթելների, Մարլբորո երկրի ձյուների ու ձիերի մասին: Անհավանական արկածներ ցուցադրեցին Բիլը եւ Թեդին, աճպարարներն ու ձեռնածու կենդանիները Մոնտե Կառլոյի կրկեսային միջազգային 23-րդ փառատոնում: Ամերիկյան մի անտաղանդ կինոռեժիսոր եւ ավելի անշնորհք մի խումբ արտիստներ մեկուկես ժամ մեզ վախեցրին նրանով, որ կվերադառնան Ծննդյան տոներին, իսկ իտալացիները կրկին անգամ հաստատեցին, որ Հռոմում կարելի է զգալ այնպես, ինչպես տանը: Եվ քանի որ այս տարի պղպեղն ու չամանը թանկ էին, հավելյալ մի հեռուստաընկերություն որոշեց մեզ պատվել «Բանդա» սուր զգացողության կինոնկարով: «Բլյում-բլյում» պատմություններ լսեցինք մի ուրիշ հեռուստաալիքով, վախեցրինք տատիկներինՙ «Պահ մտիր, տատիկ, մենք արդեն գալիս ենք», մերկ ատրճանակներ ցուցունեցինք համայն ազգին, հասկանալի է, յանկիները նոր արկածներ ունեցան, այս անգամՙ Աֆրիկայում, եւ քանի որ սառնամանիք կարելի էր համարել օրը, կարմրաքթիկ եղնիկ Ռուդոլֆը մեզ խորհուրդ տվեց լսել ու դիտել Գլորի Էսթեֆանին: Մեզ սպառնում էր Ջեմի Լի Քերթիսի «Տնային կալանք» կատակերգությունը, ուստի անմիջապես մոռացանք ամեն մի հայկական ու հայեցի եւ ուղեւորվեցինք Փարիզ-Դակար ավտոուղիով:

Այս ընթացքում ազգային իր դիմագիծը պահեց Համլետ Ղուշչյանըՙ իր «Բարի երեկո, Երեւան» տոնական թողարկումով: Բայց Վարդան Պետրոսյանն ու Համլետ Ղուշչյանը ոչինչ չէին կարող անել այն հզոր հարձակման դեմ, որ սկսել եւ շարունակում էր Ազգային հեռուստատեսությունը: Ամերիկյան «Իմ եղբայր Բեյբը» Մեծ Բրիտանիայում ճամփորդություններ էր կատարում ժամանակի մեջ, Մոնտե Կառլոյի կրկեսային արտիստներն իրենց երկրորդ մասն էին ցուցունում, ֆրանսիացիները եւ ֆրանսուհիներըՙ իրենց «Վեներա» գեղեցկության սրահը»: Եվ որպեսզի սոված չմնանք եւ չմնանք նաեւ «Գեղարդ» մսամթերքների կոմբինատի ապխտած առասպելական գներ ունեցող խոզի ազդրերի հույսին, Ազգային հեռուստատեսությունը հրավիրում էր «Ամերիկյան խոհանոց»: «Պրոմեթեւսը» մեկ անգամ եւս մեզ մերկ ատրճանակ ցուցունեց, այս անգամ «2 1/2» կալիբրի: «Գավ» անունով փիսիկը, որը բնավ էլ «Մեծ սեքսի փոքր հսկան» չէր, անվերջ շեշտում էր, որ «Ֆելիքսը տան լավագույն ընկերն է»: «Ավետիս» հեռուստածրագիրը մեզ «Բարի ճանապարհ» մաղթեց, որպեսզի հաջորդ օրը Ազգային հեռուստատեսությունը կրկին (70-րդ անգամ) մեր մեղքերին թողություն տար, որպեսզի իմանայինք ամերիկյան «Ճշմարտությունը կատուների եւ շների մասին»...

Այսպես տանջելով ամերիկյան, նիկարագուական, բրազիլական չարչարանքներով, մերՙ հայկական հեռուստածրագրերը մեզ հասցրել են երրորդ հազարամյակի շեմին, ավելին, այդ շեմից ներս են հրել, որպեսզի հայկականի ու հայեցիի հետ ոչ մի կապ չունեցող նորանոր ֆիլմերի ու հաղորդումների ականատեսը լինենք...

Հա, էսպես էլ ապրում ենք...

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4