Մեր թերթն արդեն գրել է, որ մի քանի տարի առաջ մոսկվայաբնակ ղարաբաղցի ճանաչված բիզնեսմեն, «Արտիկո» բազմապրոֆիլ ֆիրմայի նախագահ Արթուր Բաղրյանը սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով, Հայաստանից բերած շինանյութերով ու հայաստանցի շինարարների ձեռքով Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցել է գողտրիկ մի մատուռ, որը, ցավոք, սուբյեկտիվ պատճառներով չէր գործում, թեեւ իր գեղատեսիլ տեսքով հիացնում էր «Արտիկո» այցելող մարդկանց:
Առաջին անգամ լինելով եկեղեցում եւ սքանչանալով Բաղրյանի մտահղացմամբ, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդի պաշտոնակատար Եզրաս աբեղա Ներսիսյանը մատուռին հոգեւոր շունչ հաղորդելը մտցրեց իր նորընծա առաքելության լայն ծրագրի մեջ: Եվ օրերս նրա իսկ օրհնությամբ եկեղեցում մկրտվեցին մոսկվացի երկու եղբայրներՙ Արմեն եւ Արսեն Մուրադյանները: Եղբայրները եկվորյակ են, եւ պետք էր տեսնել, թե կիսված խնձորի երկու կտորի պես իրար նման պատանիներն ինչ հուզմունքով ու սպասելի շփոթվածությամբ էին լսում հայր սուրբի օրհնանքն ու խոնարհվում խաչի առջեւ: Իր բերկրանքը չէր թաքցնում նաեւ կնքահայր Թագվոր Թորոսյանը, որն այդ կապակցությամբ հատուկ եկել էր Ֆրանսիայից: Եվ առհասարակ բոլոր ներկաներըՙ ռուսահայերը, ֆրանսահայերը, հայաստանցիները համակված էին հավատի ու վսեմության ոգով:
Մատուռի հոգեւոր երախայրիքը, որը հիրավի կենդանացրեց Աստծո հետ հաղորդակցության օջախը, տպավորում ու ոգեւորում էր. բոլորը հույս էին հայտնում, որ այստեղ կանոնավոր կդառնան եկեղեցական արարողությունները, որ հայր Եզրասը Ս. Պետերբուրգից հետո արդեն Մոսկվայում նորեն կհաստատի իր եկեղեցանվեր, ազգանպաստ հոգեւոր գործչի անունը:
Ուզում ես հավատալ, որ Մոսկվայի բոլոր աչքի ընկնող հայ բիզնեսմենները, եթե առանձին հայկական եկեղեցի չկառուցեն էլ, ապա նոր պայմաններում, նոր հոգեւոր առաջնորդի հովանու ներքո կնպաստեն Ռուսիո մայրաքաղաքում արդեն կառուցվող, բայց ներկայումս ֆինանսական խնդիրների առջեւ կանգնած խոշոր տաճարի կառուցման աշխատանքներին:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա