Այսօր «Անի» հյուրանոցում Tourism Developement International կազմակերպության նախաձեռնությամբ եւ EU BISTRO PROGRAMM (TACIS) ծրագրի շրջանակներում տեղի կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրներին նվիրված համաժողով:
Այստեղ կքննարկվեն ոլորտի զարգացմանը նպաստող առաջնահերթ քայլերը, դրանց հաջորդականությունը, ինչպես նաեւ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Բացի դրանից, համաժողովում կամփոփվեն անցյալ տարվա հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված երկշաբաթյա ուսումնական դասընթացների արդյունքները: Հիշեցնենք, որ այդ դասընթացները վարում էին Իռլանդիայից ժամանած փորձագետները դոկտոր Մայքլ Մաքնալթիի գլխավորությամբ:
Ունկնդիրների թվում են եղել զբոսաշրջային ընկերությունները, պետական կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ: Դասընթացների ընթացքում նրանք ուսուցանել են զբոսաշրջության կազմակերպման եւ կառավարման հիմունքները, ուսումնասիրել են այս ոլորտի միջազգային փորձը եւ անցկացրել գործնական պարապմունքներ: Այսօր բացվող համաժողովը հավակնում է ավելի ներկայացուցչական լինել: Հրավիրված են շուրջ 40 զբոսաշրջային ընկերությունների, պետական կառավարման մարմինների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ա. Մ.