Հավաստում է նրա կինը
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «21-րդ դար» միջազգային անկախ ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանին ազատ արձակելու դիմաց վերջինից պահանջել են գնալ «փոխզիջումների»: Ինչպես հունվարի 9-ի ասուլիսին հայտարարեց Ա. Վարդանյանի կինըՙ Ելենա Վարդանյանը, դեկտեմբերի կեսերին ոմն բարձրաստիճան պաշտոնյայի ազգական իրեն միջնորդություն է առաջարկել ամուսնուն կալանքից ազատելու գործում: Միջնորդն ակնարկել է, թե Վարդանյանը պետք է համաձայնի որոշակի փոխզիջման տարբերակիՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցի զգալի գումար:
Առանց իր խնդրանքի տրամադրված երկու տեսակցությունների ընթացքում Ելենա Վարդանյանը խորհրդակցել է ամուսնու հետ, որն արդյունքում գրավոր հավաստել է, որ պատրաստ է հիմնադրամին փոխանցել իր բանկային հաշվում եղած 1 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարը: Միջնորդի հետ հերթական հանդիպմանը Ելենա Վարդանյանը պահանջել է հանդիպում կազմակերպել հենց այդ ազդեցիկ այրի հետ, որը խոստացել էր ազատել Ա. Վարդանյանին: Հանդիպումը տեղի է ունեցել նշված պաշտոնյային պատկանող շքեղ ամառանոցում, որը գտնվում է Երեւանի արվարձաններից մեկում: Ծանոթանալով Ա. Վարդանյանի կողմից ստորագրված փաստաթղթին, պաշտոնյան իբր հեռախոսով խորհրդակցել է ինչ-որ մեկի հետ, այնուհետեւ հայտարարել է, թե Վարդանյանի կողմից առաջարկվող փոխզիջման տարբերակը բավականաչափ ծանրակշիռ չէ: Ի պատասխան Ելենա Վարդանյանի այն հարցի, թե ո՞ր տարբերակը կարող է գոհացուցիչ լինել, պաշտոնյան առաջարկել է զիջել Չարենցի փողոցի վրա գտնվող «21-րդ դար» ասոցիացիայի գրասենյակի շենքը: Ելենա Վարդանյանի այն առարկությանը, թե նշված շենքը գնահատվում է առնվազն 5 մլն ԱՄՆ դոլար, զրուցակիցը պատասխանել է, որ Արկադի Վարդանյանի «ձեռքը քարի տակ չէ, դուրս կգա, նորից կստեղծի»:
Այն բանից հետո, երբ Արկադի Վարդանյանը հրաժարվել է նշված առաջարկից, Երեւանի Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշում է կայացրել նրա կալանքը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ, ոչ միայն արգելվել են կալանավորի հետ տեսակցությունները, այլեւ չի թուլատրվում նրան փոխանցել գրքեր, թերթեր, անգամ խաչբառեր:
Ելենա Վարդանյանը հրաժարվեց հրապարակել վերը նշված պաշտոնյայի անունը, հայտարարելով, որ չի ցանկանում վտանգի ենթարկել իրեն եւ իր երեխաներին:
Նշենք, որ Արկադի Վարդանյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ ՔՕ 65 հոդվածի երկրորդ մասով, որով սահմանվող պատիժը ենթադրում է 7 տարի ազատազրկումից մինչեւ տուգանք նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով (մոտ 73 ԱՄՆ դոլար):