Ֆոլկեր Զայթց, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան
Սեպտեմբերի 25-ից սկսեց գործել Հայաստանի ֆրանսիական մասնավոր համալսարանը (ՀՖՀ): Համալսարանում ուսանում են 151 ուսանողներ, որոնցից երեսունը (յուրաքանչյուր ֆակուլտետից տասական ուսանող) կրթաթոշակ են ստանում: Համալսարան ընդունվելու համար դիմում էին ներկայացրել 214 դիմորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Ուսումնական ծրագիրը դեռեւս 1997 թ. համատեղ նախաձեռնել են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Բաղդասարյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ համալսարանին տրամադրվեց Երեւանի ոսկու գործարանի անավարտ շինությունը: Բազմաթիվ հայ ներդնողներ պատրաստակամություն հայտնեցին զորակցելու կառույցն ավարտին հասցնելու եւ արդիականացնելու աշխատանքին: Նկատի առնելով Երեւանում գերմանական եւ ֆրանսիական դեսպանությունների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ ակնկալելով համալսարանի ծրագրին Գերմանիայի մասնակցությունը, համալսարանի վարչական խորհրդի կազմում ընտրվել է նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Ըստ համալսարանի հայ եւ ֆրանսիացի հիմնադիրների հղացման, համալսարանը հետագայում դառնալու է բիզնեսի եվրոպական դպրոց: Ուսումնառության ընթացքում առանձնապես կկարեւորվի կրթության որակը, ինչպես նաեւ որակի ապահովման վերահսկողությունը:
Գերմանիայի մասնակցությունը սկզբից եւեթ հավաստելու նպատակով «Գերմանական ալիք» ռադիոկայանը 100 օրինակ տնտեսագիտության բնագավառի գերմաներենի ձեռնարկ է տրամադրել ֆրանսիական համալսարանին: Որպես արդի ուսումնական ձեռնարկ Գերմանական ակադեմիական փոխանակության ծառայության (DAAD) կողմից Հայաստան գործուղված դասախոս Թոմաս Բլումենռատն ընտրել է «Գումարած գերմաներեն» դասագիրքը, որի առաջին երկու դասերը նա պատճենել է գերմաներեն լեզվի դասավանդման համար: Անշուշտ, ցանկալի կլիներ, եթե գերմաներեն լեզվի բոլոր դասախոսներն իրենց սեփական ձեռնարկն ունենան, առավել եւս, եթե թվով 151 ուսանողների առնվազն երկու խումբն ապահովվի ուսումնական ձեռնարկով: Սկզբնական շրջանում միանգամայն հնարավոր է դասավանդել նաեւ առանց դասագրքերի: Սակայն երկրորդ դասից սկսած հարկ է ուսանողներին ուսուցողական նյութ տրամադրել: Ապագայում հարկ է նաեւ բառարաններ ձեռք բերել: Հետագայում անհրաժեշտ կլինի նաեւ առնվազն մեկ ձայնագրիչ ունենալ:
Ֆինանսաբանկային քոլեջը, որը Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերության իրականացվող ծրագրերից էՙ տարբեր բնագավառների առնչվող, իր կողմից հայերեն լեզվով մշակված ուսուցողական եղանակների 18 նախօրինակ (մոդուլ) է տրամադրել Հայաստանի ֆրանսիական համալսարանին (ֆինանսներ, բանկեր, տնտեսության հիմքեր, հաշվապահություն առարկաների դասավանդման համար): Համալսարանում առկա ֆակուլտետների (ժողովրդական տնտեսությանՙ 50 ուսանող, մենեջմենթիՙ 47 ուսանող, իրավունքիՙ 54 ուսանող) դասախոսների վերապատրաստումը ստանձնել է Լիոնի Առեւտրաարդյունաբերական պալատի առեւտրական դպրոցը: Ուսումնական ծրագրերը մշակվել են Լիոնում: Լիոնի Առեւտրաարդյունաբերական պալատը մասնակից կլինի նաեւ ծրագրի իրականացմանը: Եվ, անշուշտ, տրամաբանական է, որ Լիոնի Առեւտրաարդյունաբերական պալատը կճանաչի համալսարանի ավարտական դիպլոմները: Համալսարանի տնօրենի եւ դասախոսական կազմի վարձատրությունը կֆինանսավորի ֆրանսիական Սենատը: Յոհան Գոտֆրիդ Հերդերի նախաձեռնած հիմնադրամը, ինչպես նաեւ Միգրացիայի եւ զարգացման միջազգային կենտրոնը լիովին հնարավոր են համարում աջակցել ֆրանսիական համալսարանինՙ դասախոսներ գործուղելով:
Daimler Chrysler Rail Systems ՍՊԸ Ադտրանց ֆիրմայի ներկայացուցիչ պարոն Ֆրանց Վեբերն անմիջապես արձագանքեց համալսարանին ջեռուցիչ սարքերով օգնելու կոչին եւ տարադրամով գումար հատկացրեց, որի շնորհիվ դասասենյակներն այժմ ջեռուցվում են:
Ֆրանսիական համալսարանի նախագահը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Բաղդասարյանն է: Հայաստանի խորհրդարանի ընդունած բարեփոխված օրենքների 28 տոկոսը մշակել է նրա գլխավորած փոքրաթիվ խորհրդարանական խմբակցությունը:
Ֆրանսիական համալսարանը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Հայաստանում արդեն իսկ գործում են 89 բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն չկան ուսումնական հաստատություններ, որոնք բարձրորակ եւ գործնական կրթություն են ապահովում տնտեսագիտության բնագավառում: Որպես մասնավոր համալսարան ՀՖՀ-ն կարող է առանց բյուրոկրատական արգելքների նոր ծրագրեր փորձարկել եւ բարձրորակ կրթություն տալ:
Տնտեսության բնագավառում որակյալ մասնագետների պահանջը հետագայում կաճի նաեւ Հայաստանում: Այդ բնագավառի մասնագետներից պահանջվում է արդյունավետ աշխատելու, բարդ ձեռնարկների եւ գործընթացների ծրագրման կարողություն, կառավարման ասպարեզում աշխատակիցներին առաջնորդելու ունակություն: Հայաստանի ֆրանսիական համալսարանը կոչված է լրացնելու այս բնագավառում առկա բացը: Ուսանած մասնագիտության եւ աշխատավայրում առաջադրվող պահանջների միջեւ տարբերությունը պետք է վերանա: Համալսարանում գործում են նաեւ ֆրանսերենի, անգլերենի եւ գերմաներենի արագացված դասընթացներ:
Ըստ կարելվույն բոլոր ուսանողները պետք է պրակտիկայի կամ ամառային արձակուրդների ընթացքում գործնականորեն ծանոթանան իրենց մասնագիտությանը: Համալսարանը լրջորեն է վերաբերվում իր ուսանողների մասնագիտական հեռանկարներին: Սակայն ուսանողները չեն կարող ակնկալել, որ համալսարանն է հաղթահարելու աշխատատեղ տանող ճանապարհին ծագած բոլոր դժվարությունները: Մարդն իր ողջ կյանքում մնում է իր գիտելիքների կառավարիչը: Եվ այս պարագայում կարեւորվում է սեփական պատասխանատվության ըմբռնումը:
Հայաստանի ֆրանսիական համալսարանի շրջանավարտները, ունենալով այսպիսի նախադրյալներ, ոստյուն կգործեն դեպի աշխատանքային գործունեություն եւ կստանան խոստումնալից աշխատատեղեր: Ունենալով հիանալի կրթությունՙ նրանց համար գործազրկության հավանականությունը կրկնակի նվազում է:
Բազում շնորհաշատ երիտասարդներ ներկայումս իրենց միակ ելքը համարում են արտագաղթըՙ Ռուսաստան, Արեւմտյան Եվրոպա եւ ԱՄՆ: Բազում կարող ուղեղներ հեռանում են երկրից: Այսինքնՙ Հայաստանին հոգեւոր ամայացման վտանգ է սպառնում:
Ֆրանսիական համալսարանի օգնությամբ մենք ցանկանում ենք նպաստել այն ջանքերին, որոնք նպատակ ունեն հուսալի ապագայի հավատ ներշնչել երիտասարդներին:
Լուրջ սպառնալիքներ թուրքական ռադիոծրագրին հայկական արվեստին եւ Տարոնին նվիրված հաղորդման համար
Ստամբուլից «Մարմարա» թերթի համակարգչային ծառայությունը հայտնում է, որ թուրքական ռադիոյի «Աչըք ռադիո» (բաց ռադիո) ծրագիրը տեղական ռադիոհեռուստատեսության խորհրդից սպառնալիքներ է ստացել, որ ծրագրի հեռարձակումները կարող են մեկ տարով դադարեցվել կամ նույնիսկ ամբողջովին փակվել, եթե հոկտեմբերի 16-ի հաղորդման նման ուրիշ հաղորդումներ թողարկվեն եթեր:
Հոկտեմբերի 16-ին երգիչ Մուամմար Քեթենջիօղլուն «Աչըք ռադիո» ծրագրով ներկայացրել է հատուկ թողարկումՙ նվիրված հայկական արվեստին, որի ընթացքում խոսք է գնացել ընդհանրապես երաժշտության, աշխարհագրական տվյալների եւ մասնավորապես Տարոնի շրջանի մասին: Քեթենջիօղլուն պնդել է, որ անհրաժեշտ է Տարոն անվանել Սասուն եւ Մուշ քաղաքներն ընդգրկող տարածքը, որովհետեւ դա է եղել պատմական անվանումն ամբողջ նահանգի, որտեղից 1915-ից հետո բնիկ ժողովուրդը տեղափոխվել է Հայաստան եւ պահպանել այնտեղ իր ինքնուրույնությունը: Նա ասել է, որ այդ մարդկանց հետնորդները, առանց այդ շրջանը տեսնելու, պարզապես իրենց նախնիների հիշողությունների հիման վրա անցած 30_40 տարիների ընթացքում ստեղծել են ֆոլկլորային երաժշտության եզակի նմուշներ:
Խորհուրդն իր որոշումը պատճառաբանել է, թե Քեթենջիօղլուի ծրագիրը «երկրի միասնությունը խաթարող վտանգավոր քայլ է» եւ նման հաղորդումները կարող են «թուրք քաղաքացիների միջեւ թշնամանք առաջացնել»: