Փոխարինելով Բիլ Ալեքսանդրին Հարավային Պորտլենդի (ԱՄՆ) գրադարանի տնօրեն է նշանակվել հայազգի Մարիան Աղազարյան-Պետերսոնը, որը մինչ այդ գրադարանի խորհրդակցական վարչության անդամ է եղել: Հաղորդելով այս մասին «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ տկն Աղազարյանը Պորտլենդի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անգլերեն լեզվի բակալավրի աստիճան է ստացել Օրոնոյի Մեն համալսարանից, իսկ գրադարանային եւ ինֆորմատիկայի ասպարեզում մագիստրոսի կոչումՙ Սիմոնզ քոլեջից: 1968-ին Սքարբորոյի միջնակարգ դպրոցում գրադարանավար է եղել, իսկ 1972-ինՙ Ուեստբրուք քոլեջի գրադարանի տնօրենը:
«Չափազանց գրավիչ պաշտոն է: Անելու շատ բան, ընդարձակվելու մեծ հնարավորություններ կան», ասել է նա իր նոր նշանակման առթիվ, շեշտելով, որ իր երազանքներն իրականացնելու համար ամբողջ անձնակազմի օժանդակության կարիքը կզգա, մի բան, որ նրանք արդեն սկսել են ցուցաբերել: Իսկ երազանքներից է նորագույն տեխնոլոգիաների կիրառումով գրադարանն ավելի հասանելի դարձնել հանրությանը: «Մենք կարդացող համայնք ունենք այստեղ», եւ դա օգնելու է գործին, հավատացած է Մարիանը:
Հ. Ծ.