«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 0000-00-00 | #1, 2001-01-09 | #2, 2001-01-10


ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՙ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՇՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Միջուկային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ Ծաղկաձորում

Հայկական ատոմակայանին համանման միջուկային ռեակտորները գործում են աշխարհի շատ երկրներում եւ դեռ կարող են աշխատել երկար ժամանակ, հայտարարեց Գերմանիայի միջուկային անվտանգության ինստիտուտի տնօրեն Ադոլֆ Բերկհոֆերը: 1996 թ. հուլիսիցՙ ստեղծումից ի վեր, նա գլխավորում է Հայաստանի նախագահին առընթեր միջուկային էներգետիկայի անվտանգության խորհուրդը: Խորհրդակցական այդ մարմինը երեկ հերթականՙ 5-րդ նիստին էր հավաքվել Ծաղկաձորում: Խորհրդի կազմի մեջ մտնող Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից հեղինակավոր գիտնականներ ու մասնագետներ էին եկել արեւով լի ձյունածածկ ամառանոցային այդ ավանը, որպեսզի քննարկեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման միջոցառումները: Խորհրդի նախագահն իր գոհունակությունը հայտնեց անցած տարում ԱԷԿ-ում կատարած աշխատանքների համար: Սկսած 1995 թվականից, երբ գործարկվեց ատոմակայանը, մինչ այսօր այնտեղ աշխատանքների հսկայական ծավալ է կատարված եւ ձեռք է բերվել լուրջ հաջողություններ, փաստեց գիտնականը: Ադոլֆ Բերկհոֆերի կարծիքով, հայկական, ինչպես նաեւ ցանկացած այլ ԱԷԿ-ի շահագործման տեւողությունը կախված է նրանից, թե ինչ միջոցառումներ կձեռնարկվեն, ինչ գումարներ կծախսվեն, որքանով կբարելավվի կառավարման համակարգը: Ինչ վերաբերում է ատոմակայանի փակմանն ու նորի կառուցմանը, այստեղ անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը, ասաց խորհրդի նախագահը:

Խորհրդի նիստը բացեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անցյալ տարվա ընթացքում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքը գտնվել է իմ անմիջական վերահսկողության ներքո, հայտարարեց նա: Կանոնավոր վերահսկվել է կատարվող աշխատանքների ընթացքը: Նախագահը հիշեցրեց, որ 2000 թ. Ռուսաստանի Դաշնության հետ կնքվել է համաձայնագիր միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառումՙ գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ:

Նախագահը նշեց միջազգային հանրության դերը Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման գործում: Արդեն ավարտվել է Եվրամիության ՏԱՍԻՍ ծրագրի եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կողմից ֆինանսավորման աշխատանքը: Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում ՏԱՍԻՍ ծրագրով հաստատվել է 10 մլն եվրո արժողությամբ ֆինանսական օգնության նոր ծրագիրը: Որոշակի ծրագրեր են քննարկվում Եվրամիության ֆինանսավորմամբՙ առկա հիդրոէներգետիկ հզորությունների վերականգնման եւ նորերի կառուցման ուղղությամբ:

Անցած տարվա կարեւորագույն ձեռքբերումներից մեկը նախագահը համարում է Իրան-Հայաստան գազատարի ծրագրի իրականացման սկիզբը, որի շինարարությունը կսկսվի ամենամոտ ապագայում: «Դրանով իսկ երկրի ղեկավարությունը հաստատում է իր հավատարմությունը պետական էներգետիկ քաղաքականության այնպիսի սկզբունքին, ինչպիսիք են էներգետիկ մատակարարումների անընդհատությունը եւ անվտանգությունը», նշեց նա: Մեր բոլոր տնտեսական ծրագրերի հիմքում ընկած են Հայաստանի էներգետիկ համակարգի կենսունակությունն ու անվտանգությունը, ընդգծեց նախագահը: Մենք սկսել ենք էներգետիկ ցանցերի մասնավորեցում, ինչն, անկասկած, կբարձրացնի տնտեսության էներգետիկ ողջ հատվածի աշխատանքի արդյունավետությունը, ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանը բաց է ցանկացած ֆորմատի միջազգային համագործակցության համար, շարունակեց հանրապետության նախագահը: Նրա կարծիքով, տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունն իրեն հատուկ պայմաններն է թելադրում միջպետական էներգետիկ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Պատասխանելով լրագրողներիս հարցերին, նախագահը շեշտեց, որ Հայկական ԱԷԿ-ի փակման հարցը կապված է էներգակիրների կայուն առաքումների ապահովման եւ էլեկտրաէներգիայի մշակման այլընտրանքային հզորությունների ստեղծման հետ: Այդ հարցը նիստում չի քննարկվել, այն խորհրդի իրավասության մեջ չի մտնում ատոմակայան բացելու կամ փակելու մասին որոշում կայացնելը: Քննարկվել են ԱԷԿ-ի անվտանգության հետագա բարձրացման, միջազգային մակարդակին հասցնելու հարցեր: Անցյալ տարվա համար նախատեսված ծրագիրն առաջին անգամ լիովին կատարվել է, ասաց ՀՀ նախագահը:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4