«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մնում է, որ վերանայվեն նրա մոտեցումները Հայոց ցեղասպանության հարցին

2000 թ. հարուստ էր միջազգային իրադարձություններով: Կարեւորը սակայն հարստության փաստը չէ, այլ դրանց զարգացման ընթացքը: Ցավոք, այդ իրադարձությունները զարգացան ոչ առկա հակամարտությունների կարգավորման, ոչ էլ տարբեր տարածաշրջաններում հակամարտություններով պայմանավորված արյունահեղությունների դադարեցման ուղղությամբ: Ականատես լինելով այս ամենին, համայն մարդկությունը հերթական անգամ համոզվեց, որ միանգամայն սին են միաբեւեռ աշխարհի հետ կապված բոլոր հույսերը: Ինչ վերաբերում է գերիշխող բեւեռից աշխարհին ուղղություն տալու ԱՄՆ-ի նկրտումներին, ապա Հարավսլավիայում, ամենայն հավանականությամբ նաեւ Իրաքում, խաղաղ բնակչության դեմ ուրանային զենքի օգտագործման բացահայտումն իր հերթին բացահայտեց դրանց հակամարդկային էությունը:

Կարգավորման փոխարեն հակամարտությունների գիտակցված սրումը միաբեւեռ աշխարհի գլխավոր օրինաչափությունն է: Հատկանշական է, որ միաժամանակ սրվում են նաեւ արեւմտյան տերությունների հակասությունները: Եթե եվրոպական երկրները փորձում են Եվրամիության արագ արձագանքման զորամիավորումների կազմավորման անհրաժեշտությամբ կասկածի տակ դնել ՆԱՏՕ-ի գոյությունը, ապա ուրանային զենքի սառեցման վերջիններիս պահանջները, որոնք կտրականապես մերժվում են ԱՄՆ-ի կողմից, լուրջ տարաձայնությունների տեղիք են տալիս ռազմական այս կառույցի ներսում: Այս տարաձայնությունները, հակասությունները նմանապես, աշխարհին ուղղություն տալու ամերիկյան նկրտումներին ԵՄ-ի հակազդեցության անուղղակի արձագանքն են: Հակասությունների սրումը դեռ չի կարող ստիպել ԱՄՆ-ին, որ նա հրաժարվի իր նկրտումներից կամ հանգեցնել որպես ռազմական կառույց ՆԱՏՕ-ի դերի սպառմանը: Այնուամենայնիվ, դա դրական տեղաշարժ է, որովհետեւ գոնե միաբեւեռ աշխարհից բազմաբեւեռին անցման նախադրյալներ է ստեղծում: Ակնհայտ է, որ անցման դեպքում ԱՄՆ-ն ակամա սպառում է համաշխարհային ժանդարմի իր դերը: Այդ ընթացքում զգալի սահմանափակվում են թե՚ միանձնյա քաղաքական նախաձեռնություններ ցուցաբերելու եւ թե՚ այդ նախաձեռնությունների միջոցով աշխարհի տարբեր ծայրերում նոր հակամարտություններ հրահրելու, ինչպես նաեւ միջնորդական այսպես կոչված առաքելությամբ հրահրվող հակամարտությունները հետեւողականորեն սրելու ԱՄՆ-ի հնարավորությունները:

Սրելու առումով ղարաբաղյան հակամարտությունն ամենեւին բացառություն չէր: Ահա թե ինչու ԱՄՆ_ը դեռ 1991-ին դրա լուծումը տարածաշրջանում իր լիազոր ներկայացուցչիՙ Թուրքիայի միջնորդությամբ էր պայմանավորում, որպեսզի վերջինս էլ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գերիշխանությամբ, պահանջելով Հայաստանից ապահովել դրա հաստատումն արցախահայության վրա: «Ազգը» բազմիցս անդրադարձել է թուրքական այս միտումներին: Պարզապես նշենք, որ դրանք հետզհետե իրենց տեղը զիջում են «Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու» միտումներին, ընդ որում, նորմալացումն այլեւս ղարաբաղյան հիմնահարցով չի պայմանավորվում: Այլ կերպ Թուրքիան, ինչպես այդ մասին վկայում է «Ջումհուրիեթը» հունվարի 11-ի համարում, Հայաստանի նկատմամբ նոր քաղաքականություն է մշակում, հիմքում, ըստ ամենայնի, դնելով նոր մոտեցումներ:

Թուրքիայի հայկական նոր քաղաքականությունն, իր մոտեցումներով հանդերձ, քննարկման առանձին խնդիր է, հետեւաբար մասնավոր վերաբերմունք է պահանջում: Դա հայ-թուրքական հարաբերությունները տեղաշարժերի կհանգեցնի՞, թե՞ ոչ, դժվար է ասել: Բայց որ Թուրքիան բախվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստերին, դրանց կասեցման մղումով աստիճանաբար հանգում է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը մասնակի վերանայելու եզրակացությանը, ակնհայտ է: Թերեւս այդ առումով պատահական չէր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեկտեմբերի 26-ի տարեվերջի ամբողջ ասուլիսը: Առավել եւս նա չէր կարող պատահականորեն «2000 թ. բավականին ակտիվ եւ արդյունավետ տարի» համարել, նշելով հանդերձ, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում «առանձնակի առաջընթաց չկա»: Ուրեմն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար անցած տարվա արդյունավետության ցուցանիշներից է դառնում, իսկ գործընթացի ծավալումը մասամբ մեր ԱԳՆ-ի ակտիվությամբ է բացատրվում:

ՀՀ արտգործնախարարի մոտեցումն անհիմն չէ: Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանում 1998-ի իշխանափոխությունից հետո պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել, Ֆրանսիայի Սենատը, Իտալիայի խորհրդարանը, ինչու չէՙ նաեւ Վատիկանը, անտեսելով Թուրքիայի հակազդեցությունը ճանաչման ուղղությամբ նշանակալից քայլեր են կատարել: Ինչպիսիք էլ լինեն այդ քայլերի դրդապատճառները, այնուամենայնիվ, դրանք եկել են արդարացնելու Հայաստանում Հայոց ցեղասպանության հարցի պետական քաղաքականության մակարդակի բարձրացումը: Ստիպելով միաժամանակ Թուրքիային, որպեսզի նա մեր հանրապետության հետ հարաբերությունները նորմալացնելու միտումներ հանդես բերի եւ դրանք, թեեւ մասնակի, բայց պարտադրված բնույթ կրեն: Թվում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալումը թուրքերին կստիպի վերանայել իրենց դիրքորոշումը պատմական ճշմարտության վերականգնման հարցում, այսպիսով կստեղծվեն Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելու անհրաժեշտ նախադրյալներն ու այս պայմաններում հայ-թուրքական հարաբերությունները, այսպես կոչված, նորմալացման թուրքական միտումներով սահմանափակվելու փոխարեն կդրվեն առողջ հիմքերի վրա:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4