Չեխիայի մայրաքաղաքում մեկ տարուց ի վեր լույս տեսնող «Օրեր» ամսագրին կյանք պարգեւած գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը 9_10 համարներում խոստանում է հավատարիմ մնալ ամսագրի ոճին ու բովանդակությանը: Մնալ այնպիսին, ինչպիսին ընդունել ու գնահատել է «Օրերի» ընթերցողը, որոնց ջերմ արձագանքներն ու մաղթանքները հրապարակվել են տարելիցի համարում: Խմբագիրը հայտնում է, որ կայուն խորագրերին այս տարի կավելանա եւս մեկըՙ «Հայաստան-սփյուռք»:
«Հայ դատի ու Ղարաբաղի հետ մեկտեղ մեր քննարկումների խնդիրը պետք է լինի հայի ինքնության պահպանության հարցը, որն այսօր առավել քան կարեւոր է հեռանկարի իմաստով: Ահազանգել է պետք: Վերջին արտագաղթածներից շատերի համար լուծված է հարցըՙ այլեւս չվերադառնալ Հայաստան, մի զանգված էլ սպասում է, թե երբ Հայաստանում աշխատատեղեր կբացվեն, որ ետ գնան: Այս խոսակցությունը պետք էՙ պարզելու սպասելիքները թե՚ Երեւանից, թե՚ սփյուռքից», խորագրի կարեւորությունն այսպես է բացատրում ամսագրի գլխավոր խմբագիրը:
Հայությանը վերաբերող բազմակողմանի ու տարատեսակ լրահոսքից խմբագրակազմը շարունակում է առանձնացնել եվրոպական ճամբարներում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսպես, Համբուրգում մահացել են հայ երեխաներ, Սոֆիայում զոհվել են ՀՀ քաղաքացիներ, Բրիտանիան Ցեղասպանության օրը նշում է առանց Հայոց ցեղասպանությունը հիշատակելու, Թուրքիան ստեղծում է «Հայկական հետազոտական ինստիտուտ» եւ այլն: «Օրերի» թղթակից Անահիտ Հովսեփյանն արտագաղթի թեման շարունակում է Վատիկանի համալսարանի հայ եկեղեցու պատմության եւ աստվածաբանության դասախոս Լեւոն Զեքյանի հետ:
Անահիտ Հովսեփյանը հարցազրույցի է հրավիրել նաեւ Գերմանիայի Հեսսեն քաղաքում գտնվող թուրքագիտության կենտրոնի տնօրեն Ֆարուք Շենին, որը հայերին խորհուրդ է տալիս մոռանալ պատմությունը: «Գերմանաբնակ ամենահեղինակավոր թուրքի» տեսակետները հայ-թուրքական փոխհարաբերությունների, Հայաստանի նախորդ եւ ներկա նախագահների, Ցեղասպանության ճանաչման մասին բավականաչափ հետաքրքրական են:
Հոդվածների առատությամբ նախորդին չեն զիջում քրիստոնեության 1700-ամյակի խորագրի ներքո զետեղված նյութերը, որոնց հեղինակները հիմնականում հոգեւորականներ են: Հայերս արտերկրում ապրող մեր նշանավոր հայրենակիցներով հպարտանալու թուլություն ունենք, որից լավագույնս է օգտվում «Օրերի» խմբագրակազմը: Այս համարում ծանոթությունը ամերիկահայ «եղունգների թագուհի» Ջեսիկա Վարդուղյանի հետ է, որի ծառայությունից օգտվում են առաջին տիկինները, աշխարհահռչակ դերասանուհիները.
Մշակույթի եւ սպորտային բաժինները ներկայացնում են հայ եւ հայաստանցի մշակութային գործիչներին ու մարզիկներինՙ սկսած «հրաժեշտի համերգների» բացումը կատարող Շառլ Ազնավուրից, վերջացրած օտար բեմերում առաջին հաջողությունը գտած հայաստանցի արվեստագետով:
«Ազգի» խմբագրությունը միանում է այն բազում շնորհավորանքներին ու գնահատականներին, որոնք «Օրերն» ստացել է տարբեր երկրներում գտնվող հայերից, եւ հաջողություն է մաղթում իր աշխատակից Հակոբ Ասատրյանինՙ կարեւորագույն ու շնորհակալ աշխատանքում:
Ս. Պ.