«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆ Է

Առաջինը պահանջվում է 24-ժամյա ջրամատակարարում ունեցողներից

«Էյ Յութիլիթիի» տնօրեն Ռիչարդ Վոլքինգի երեկվա հանդիպումը լրագրողների հետ ընկերության անցած տարվա գործունեության արդյունքների ամփոփմանն էր վերաբերում: Տնօրենը ընդգծեց, որ ընկերության գործունեությունը Հայաստանում սկսվեց շատ ծանր ժամանակ, երբ Երեւանում ամենաշոգ ամառներից մեկն էր: Այդուհանդերձ, կատարվել են որոշակի աշխատանքներ, որոնցից առավել արժանահիշատակը ջրամատակարարման համակարգում էներգախնայողության ցուցանիշների որոշակի առաջընթացն է: Ըստ այդմ, ներկայումս Երեւանին ջուր մատակարարելու համար տարեկան ծախսվում է 12 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա, ինչը թույլ է տալիս մոտավոր հաշվարկներով տնտեսել շուրջ 1 մլն դոլար:

Կարեւորագույն խնդիրը, որ այսօր ծառացած է «Էյ Յութիլիթիի» եւ Երեւանի ջրմուղ-կոյուղու առջեւ, վարձավճարների հավաքումն է, որից ածանցվում են մյուս խնդիրները: Ճիշտ է, ըստ Ռ. Վոլքինգի, հավաքման ցուցանիշը հասել է 30 տոկոսի, սակայն դա անբավարար է ոչ միայն համակարգը շահագործելու, այլ գոնե նույն էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու համար: «Էյ Յութիլիթիի» տնօրենը, վկայակոչելով Երեւանի էլեկտրացանցիՙ հունվարի 17-ից չվճարվող բաժանորդներին հոսանքազրկելու սպառնալիքը, հավանական համարեց դրա իրականացումը: Նա նշեց, որ մինչ այժմ նման սպառնալիքները մնացել են անհետեւանք, բայց ներկայումս իրավիճակը փոփոխվել է: Այդ պատճառով էլ կոչ արեց հանդիպմանը ներկա լրագրողներին, որպեսզի նրանք աջակցեն իրենց եւ պարզաբանեն բնակչությանը, որ ջրամատակարարումը նույնպես ծառայություն է, որի դիմաց պետք է վճարել: Այդ ուղղությամբ արդեն ընկերությունն առավել գործնական քայլեր է ձեռնարկել: Սկսել են սահմանափակվել այն շենքերի ջրամատակարարումը, որոնք 24 ժամ ջուր ունեն, բայց չեն վճարում: Նրանց նաեւ ուղարկվել է ծանուցումներ ջրի դիմաց վճարելու պահանջով, այլապես ջրամատակարարումը կամ կհասցվի մինչեւ 2 ժամի, կամ կդադարեցվի: Անշուշտ, ողջունելի կարելի է համարել այն մոտեցումը, որ վարձավճարները նախեւառաջ պահանջվում են ջուր ստացողներից, սակայն անընդունելի է, երբ նրանք, ինչպես եւ սահմանափակ ժամանակահատվածում ջուր ունեցողները կամ ընդհանրապես չունեցողները պարտավոր են վճարել նույն սակագինըՙ 1 շնչին 420 դրամ:

Պրն Վոլքինգը մեր ունեցած հետասուլիսային զրույցի ժամանակ համաձայնեց, որ դա անարդար է, սակայն այլ մեխանիզմներ առայժմ չկան: Ինչ վերաբերում է ջրաչափերի տեղադրմանը, ապա իտալական ընկերությունը պարտավորվել է ստանձնել (ինչը նախատեսված է վարկատուի կողմից տրամադրված գումարով) շենքերի համար ջրաչափերի տեղադրումը: Այդ թիվը կազմելու է շուրջ 6 հազար: Իսկ առանձին բնակարանների համար ջրաչափեր պետք է տեղադրեն արդեն սպառողները: Իսկ մեր այն հարցին, թե հնարավոր չէ՞, որ ընկերությունն ստանձնի գոնե պարտաճանաչ բաժանորդների համար ջրաչափերի տեղադրման ծախսերը, Ռ. Վոլքինգը պատասխանեց, որ անգամ ցանկության դեպքում դա հնարավոր չէ, քանզի վարկային միջոցները շատ ավելի սուղ են այդ նպատակի համար պահանջվող գումարներից: Նա տեղեկացրեց, որ Երեւանում իրենք մոտ 180 հազար բաժանորդ ունեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4