«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՆՐ ԱՄԲԻՑԻԱՆԵՐ

Ինչի՞ հաշվին է պահպանվում «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը

Այն պահից ի վեր, երբ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ՍԻՄ թեւը հայտարարեց, թե դաշինքը որպես այդպիսին գոյություն ունենալ չի կարող, քանի որ իրենք այլեւս ազատ են իրենց որոշումների մեջ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը գրեթե յուրաքանչյուր պատեհ առիթով կրկնում է, որ խմբակցությունը զուտ ֆորմալ, ձեւական բնույթ է կրում: Հետաքրքրականն այն է, որ ի տարբերություն նման գործընթացի մեջ հայտնված երկու այլ խորհրդարանական ուժերիՙ «Միասնություն» խմբակցության եւ «Կայունություն» խմբի, «Իրավունք եւ միաբանության» անդամները կարծես չեն էլ դժգոհում արդեն երկար ժամանակ ձգվող իրենց անորոշ վիճակից: Եթե «Միասնությունն» ուժ գտավ վերամիավորվելու, իսկ «Կայունությունը» հետեւողական քայքայման ուղի որդեգրեց, ապա ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը միայն հիմա է հայտարարում, որ «եթե անհրաժեշտություն առաջանա, խմբակցությունից դուրս գալու հայտարարություն կարվի»: Ենթադրելով ՍԻՄ-ի պահվածքիցՙ նման անհրաժեշտություն կարող է նաեւ չառաջանալ: Իսկապես տրամաբանական հարց է ծագում, թե ո՞րն է նման կախյալ վիճակի ձգձգման տրամաբանությունը, ինչո՞ւ դաշինքի թեւերը հանդես չեն գալիս վերջնական լուծարման հայտարարությամբ կամ ինչո՞ւ է «Ազգային միաբանություն» կուսակցությունը համակերպվում ՍԻՄ-ի նման պահվածքի հետ:

Ուշադրություն դարձնենք, որ ի սկզբանե այս երկու ուժերը միավորվելու ընդհանուր գաղափարական հիմք չպիտի ունենային, քանի որ հանդես էին գալիս տարբերՙ աջ եւ ձախ ճամբարներում, իհարկե, ոչ այդքան ընդգծված դրսեւորումներով: Ներքաղաքական զարգացումներն այնուհետեւ հաստատեցին, որ գաղափարապես չհամընկնող ուժերի միությունը ավելի շատ «կատվի եւ շան» ամուսնություն է հիշեցնում:

Մինչ Արտաշես Գեղամյանը վարչապետ դառնալու անթաքույց նկրտումներ էր դրսեւորում, որոնց չիրականացումից հետո կտրուկ փոխեց դիրքորոշումը գործադիր իշխանության եւ նրա վարած քաղաքականության նկատմամբՙ համարժեք վերաբերմունքի արժանանալով վերջիններիս կողմից եւ վերջին հաշվով ընկնելով կղզիացած վիճակում, ՍԻՄ թեւը բավականին հանգիստ, առանց ցուցադրականության կառավարման միջին եւ ներքին օղակներում տեղեր էր զբաղեցնում: Հասկանալի էրՙ կողմերը միմյանց հասկանալ չէին կարող, ինչի դրսեւորումներն ակնհայտ դարձան խմբակցության շրջանակներում, երբ կողմերից որեւէ մեկը որոշում կայացնելիս կամ դիրքորոշում ընդունելիս նախօրոք հիշեցնում էր, թե «մենք մյուս կողմի համար պատասխանատվություն չենք կրում»: Իհարկե, խորհրդարանը նման պրակտիկան երբեք թաքցնելու միտումներ չի ունեցել, անգամ եթե դա ընտրողների իրավունքների շահագործման հաշվին է կատարվում: Արդյոք այս ուժերը չե՞ն ըմբռնում, որ առանց դաշինքի գոյության խմբակցությունը պահպանելը ոչ միայն ավելորդ, այլեւ վտանգավոր է: Հազիվ թե:

Չպետք է մոռանալ, որ հենց դաշինքի ստեղծմամբ է պայմանավորված ե՚ւ ՍԻՄ-ի, ե՚ւ ԱՄ-ի մուտքը խորհրդարան: ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրենց համար որեւէ խնդիր չկա խմբակցությունից դուրս գալու: Այդ դեպքում ո՞րն է պահպանման նպատակը. հավանաբար իրեն ընտրազանգվածը չկորցնելու դիտավորությունը, ինչպես նաեւ մեկ ձեռքով «ե՚ւ նալին, ե՚ւ մեխին» հարվածելու հնարավորության պահպանումը, ինչն այդքան էլ տարօրինակ չէ հայկական քաղաքական մենթալիտետի շրջանակներում:

Եթե ներկայումս խմբակցության քայքայման հայտարարություն արվի, ապա ՍԻՄ-ը, որը պառլամենտում ընդամենը երկու անդամ ունի, հաջորդ ընտրությունների ընթացքում օրենսդիր մարմին մտնելու ոչ մի հավակնություն չի կարող ունենալ: ՍԻՄ-ի համար առավել նախընտրելի է նման կախյալ վիճակի պահպանումը գոնե մինչեւ հաջորդ ընտրությունների նախօրյակը:

ԱՄ-ի պարագան փոքր-ինչ այլ է: Այս կուսակցությունը վերջին շրջանում բավականին մեծ պատվար ձեռք բերեց համակիրների շրջանում: Պատահական չէ, որ խորհրդարանում խմբակցության ընդհանուր դիրքորոշումը հայտնելիս, որը պարտադիր է ԱԺ կանոնակարգի համաձայն, վերջին շրջանում ներկայանում էին բացառապես այս թեւի ներկայացուցիչները: «Ազգային միաբանության» համար խմբակցությունը պահպանելու կամ չպահպանելու խնդիրը կոնկրետ դրված չէ: Եվ ավելորդ տհաճ աղմուկ բարձրացնելու նպատակ էլ նա չի կարող ունենալ, իհարկե, մինչեւ այն պահը, երբ հնարավորություն կունենա առավել հարմար պոտենցիալ ունեցող նոր դաշնակից ձեռք բերելու: Հիշենք, որ նման դաշնակից ունենալու իր ծրագրերի մասին ԱՄ-ը հաստատեց, երբ բանակցություններ էր վարում դեռեւս գոյություն ունեցող, բայց քայքայվող «Միասնության» ՀԺԿ թեւի հետ:

Ինչեւէ: Այս երկու ուժերի հարաբերությունների արդեն երկար ձգձգվող անորոշ կարգավիճակը հասարակության, առավել եւս համապատասխան ընտրազանգվածի կողմից լուրջ չի ընկալվում, եւ խնդիրն առողջ լուծման բանալի է պահանջում:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4