ՀՀ «Ազատամարտի վետերանների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը քաղաքային հանրահավաքում բողոքի նամակ է ընդունելՙ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նամակում մասնավորապես նշվում է, որ կազմակերպությունը եւ Երեւանի հասարակայնությունն ափսոսանք են հայտնում այն կապակցությամբ, որ Պուտինը Բաքվում ծաղիկներ դրեց «ոչ միայն 1990 թ. հունվարինՙ հայկական ջարդերի օրերին պատահաբար զոհված ադրբեջանցիների, այլեւ հայ ժողովրդի դահիճների գերեզմաններին»:
Չի կարելի լռել, երբ խոսքը ցեղասպանությանը զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակի անարգման մասին է: Այնուհետեւ նամակում ասվում է, որ 1990 թ. հունվարի լույս 20-ի գիշերը գեներալ Լեբեդի գլխավորությամբ Բաքու մտած Տուլայի դիվիզիան փրկեց հարյուր հազարավոր հայերի, ռուսների, ուկրաինացիների, հրեաների եւ այլոց: Ջարդարարների մեջ էին նաեւ դրանից 2 տարի առաջ Սումգայիթում իրենց սեւ գործն արած դահիճները: «Դուք փաստորեն ծաղիկ եք դնում Սումգայիթում, Բաքվում հայերի ցեղասպանությունը կազմակերպողների եւ ռուս զինվորներին սպանողների գերեզմաններին», այնուհետեւ գրում են հայ ազատամարտիկները, ավելացնելով, որ իրենք այնուամենայնիվ հեռու են ՌԴ նախագահի այդ քայլը Ռուսաստանի իրական աշխարհաքաղաքականության հետ կապելու մտքից: Նրանք համոզմունք են հայտնում, որ դա բացասաբար չի ազդի ռուս-հայկական դարավոր բարեկամության վրա:
Պ. Ք.