«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2001-01-11 | #4, 2001-01-12 | #5, 2001-01-13


ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔՙ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻՆ

Լոսանջելեսյան «Նոր օր» թերթի դեկտեմբերի 30-ի համարում Մինաս Գոճայանը հետադարձ հայացք նետելով նոյեմբերի 23-ի հեռուստամարաթոնի եւ հատկապես հանգանակված համեստ գումարի վրա, իր խոհերն է հանձնել ընթերցողների ուշադրությանը: Չնայած, ինչպես ինքն է խոստովանում, իր տրամադրության տակ դեռեւս չունի վիճակագրական վերջնական տեղեկություններՙ «ինչուն» եւ «ինչպեսը» գիտական վերլուծության ենթարկելու համար, այնուամենայնիվ արժե, որ կազմակերպիչները լրջորեն զբաղվեն վեր հանված մտահոգություններով եւ հաշվի առնեն:

«Ինչո՞ւ հատկապես այս անգամ էր արդյունքը համեստ, երբ ծանուցողական-գովազդային ծախսերը հսկայական էին, եւ տեխնոլոգիական (արբանյակային կապ, ինտերնետ եւ այլն) առումով ավելի լավ էր զինված թելեթոնը» հարցինՙ նա իր պրպտումների եւ տարբեր խավերի ու հոսանքների պատկանող հայրենակիցների հետ զրույցների հիման վրա պատասխանում է, թե «կը տիրէ ընդհանուր անվստահութիւն Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հանդէպ»: Այնուհետեւ գրում է. «Անցեալին 25-էն մինչ 500 դոլար նուիրած բարեկամներուս պատասխանը» հետեւյալն էր. «Այսինչ նախարարին ամսականը 300 (՞) դոլար է, մինչդեռ ինքը մեկ միլիոնանոց ապարանք կը շինէ Գառնիի ճամբուն վրայ...», կամ «Ոչ մէկ լուրջ պատճառով եվրոպաները կը ճամբորդենՙ ինձմէ ու քեզմէ լաւ պայմաններով եւ կը տեսնուին ամէնէն սուղնոց խանութներէն գնումներ ընելու վրայ...» կամ նաեւ «Ղարաբաղի հարցը ցատկավայր գործածելովՙ իշխանութեան կ՜ուզեն հասնիլ ու իրենց իւղոտ պատառը խլել...»: Եվ վերջապես «Ինչո՞ւ տամ, երբ Հայաստանի մէջ կան այնպիսի միլիոնատէրներ, որոնք կրնան մէկական դպրոց նորոգել կամ ճամբաներ վերաշինել»:

Վերջում ընդունելով, որ անվստահությունն ու կասկածը վերապահության համընդհանուր ժխտական տրամադրություն են առաջացրել մեր հայրենակիցների շրջանում, պրն Գոճայանը եզրակացնում է. «Ցավոք սրտի, հայրենի պետութիւնը բոլոր առիթները տուած է անվստահութեան ալիքի բարձրացումինՙ կամայ թէ ակամայ: ... Վախս ու մտահոգութիւնս այն է, որ գէշ-աղէկ տակաւին շարունակուող նուիրատուութիւնները շուտով այս ընթացքով կրնան նուազիլ եւ մեր հայրենիքը օգնութեան այս վերջին աղբիւրէն ալ զրկուի»:

Իրատեսական մի մտահոգություն, որն արժանի է կազմակերպիչների կողմից ամենալուրջ քննարկման ու վերլուծության, անկախ այն հանգամանքիցՙ ճի՞շտ են, չափազանցվա՞ծ, արդարացվա՞ծ, թե՞ չարդարացված մեր հայրենակիցների վերոհիշյալ «ամբաստանությունները»: Կարեւորը փաստն է, որ նման սկեպտիզմ իրոք գոյություն ունի եւ ամեն ինչ պետք է արվի փարատելու համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4