«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2001-01-12 | #5, 2001-01-13 | #6, 2001-01-16


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔ ՈՒՆԵՄ ՓԱՅՓԱՅԱԾ»

«Երաժշտությունն իմ կյանքն է: Երգում եմ, որ կարողանամ ներթափանցել մարդկանց հոգիները եւ հարստացնել նրանց ներաշխարհը: Երգում եմ ամբողջ էությամբ, համայն մարդկության համար»:

Երգչուհի Էմմա Պապիկյանի ասես երկնային ոլորտներից եկող, հազվադեպ գեղեցկությամբ, մաքրությամբ, գերզգայնությամբ ու մեղեդայնությամբ օժտված ձայնը հիրավի ունկնդրի ներաշխարհը թափանցելու, նրբագույն զգացմունքներ առաջացնելու, նրան հոգեւոր վայելքի երանելի պահեր ու զգացողություններ պարգեւելու եզակի կարողություն ունի: Անցած տարվա աշնանը «Արիաներ սիրված օպերաներից» (Վերդի «Աիդա», Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը», Վիոլետայի մեներգը «Տրավիատայից», Բելինիի «Նորմա», Ա. Տիգրանյանի «Անուշ» մենահամերգով հանդես գալով Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, երգչուհին դասական երգարվեստի երկրպագուներին դյութեց ձայնային հարստությամբ, բարձրարվեստ կատարումով եւ ամենակարեւորըՙ սիրով ու նվիրումով:

1987 թ. երգչուհին մեկնել է Իտալիաՙ վերապատրաստման եւ երկու տարի երգել է Լա Սկալա օպերային թատրոնում, շուրջ 13 տարի հանդես է եկել ինչպես իտալական տարբեր քաղաքներում (Սավոնա, Միլան, Հռոմ, Պարմա, Մոդենա, Վերոնա եւ այլն), այնպես էլ եվրոպական շատ երկրներումՙ Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Իսպանիայում: Որտեղ էլ որ երգել է Էմմա Պապիկյանը, մշտապես շահել է հանդիսականի համակրանքը, տպավորվել նրա ջերմ ընդունելությունից: Նրա արվեստի երկրպագուները հաճախ են տարբեր երկրներից եկել երգչուհուն ունկնդրելու: Արտերկրում մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոներիՙ արժանացել է յոթ հեղինակավոր մրցանակների: Արտերկրի մամուլը բազմիցս անդրադարձել է նրա ելույթներին: Աշխարհի հռչակավոր բեմերում (Լա Սկալա, Պերմ, Մեծ թատրոն, Բորեժի դը Օրանժ) Էմմա Պապիկյանի կատարմամբ հնչել են մեծահամբավ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները եւ արժանացել բարձր գնահատանքի:

Անցած տարիների արտասահմանյան շրջագայությունների ընթացքում ստեղծագործական մեծ փորձ կուտակելով Էմմա Պապիկյանը երգչուհու աշխատանքին զուգահեռ զբաղվել է դասավանդելովՙ վոկալ արվեստի բնագավառում ձեռք բերած իմացությունը եւ նորարարությունը փոխանցելով իր սաներին: Նա մեծ ծրագրեր ու երազանքներ ունի Երեւանում հայկական վոկալ դպրոց բացելու ուղղությամբ:

_ 13 տարի է Նոր տարին հայրենիքում չեմ դիմավորել, ասում է երգչուհին: Այս տարի բացառություն էր: Նոր տարին եւ Սուրբ ծնունդը դիմավորեցի հայրիկիս եւ հարազատներիս հետ: Սակայն դարձյալ մեկնում եմ Ֆրանսիա: Անցած տարիների արտասահմանյան շրջագայություններից ինձ մնացել են լավագույն հուշեր, անմոռանալի, հետաքրքիր հանդիպումներ: Արժանացել եմ միջազգային մրցանակների, արտերկրի մամուլի դրվատանքին: Արտասահմանում բացի մենահամերգներից զբաղվել եմ նաեւ դասավանդելով: Ինձ ընդհանրապես ավելի հետաքրքրել են ոչ այնքան համբավն ու փառքը, որքան ստեղծագործական, աշխատանքային պրոցեսները: Երկար տարիների համառ ու տքնաջան պրպտում-ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել ու գտել եմ այն մեթոդներն ու գաղտնիքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հայկական վոկալ դպրոցի համար: Մեր ազգային երաժշտության հարուստ ավանդները, հին, միջնադարյան հոգեւոր երգերը տալիս են բավարար հիմքեր եւ հնարավորությունՙ հայկական վոկալ դպրոց հիմնելու, ինչը վաղուց ունեն իտալացիները, ռուսները եւ շատ այլ ժողովուրդներ: Երազանքս է միջազգային ասպարեզում հնչեցնելու հայկական «վոկալ դպրոց» հասկացությունը:

Իմ պրպտումների արդյունքում վոկալ արվեստի շատ գաղտնիքներ եմ բացահայտել: Կերպարի ներաշխարհը բացահայտելու համար զուտ տեխնիկական ամենանուրբ բացահայտումներից բացի շատ կարեւոր է հոգեբանական պրոցեսների ճիշտ արտահայտումըՙ ձայնային գույների հստակ վերարտադրումով: Նոր հայտնաբերած տեխնիկական եւ կատարողական մեթոդները վոկալ արվեստում երգեցողությունը հասցնում են կատարողական բարձրագույն, բնական աստիճանի, որով վոկալ արվեստն ավելի մատչելի եւ ընկալելի է դառնում բոլորի համար: Մեր երկրի բնակլիմայական պայմանները նպաստում են ձայնի հնչեղությանը եւ բնավ պատահական չէ, որ Հայաստանում մարդիկ օժտված են բնական ձայնի հարուստ տարատեսակներով: Հայաստանում երաժշտական միջազգային քաղաք հիմնելու երազանք եմ փայփայելՙ իր միջազգային վոկալ ակադեմիայով, որի շնորհիվ մեր երկիրը կարող է դառնալ վոկալ արվեստի կենտրոնՙ նպաստելով Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Երեւանում կանցկացվեն երգի մեծ փառատոներ, դրսից կժամանեն համբավավոր երաժիշտներ: Այս ամենը մայրաքաղաքի հոգեւոր-մշակութային կյանքին աշխուժացում կհաղորդի, ենթադրելով նաեւ նյութական որոշակի բարեկեցություն:

Մեր քաղաքը համաշխարհային երաժշտական կենտրոն դարձնելու իմ այս պատասխանատու գաղափարը շատերին կարող է դժվար իրագործելի, նույնիսկ անիրական երազ թվալ, սակայն տարիների համառ աշխատանքի շնորհիվ վստահաբար ասում եմ, որ հայկականը կլինի համաշխարհային ամենաբարձր վոկալ դպրոցը: Հույս ունեմ, որ պետական մարմինները համապատասխան վերաբերմունք կդրսեւորեն եւ այս դժվար գործում ճիշտ կողմնորոշում կունենան:

_ Այս ամենն իրագործելու ճանապարհին հավատ ու նվիրում է պետք ունենալ, ուժերի անմնացորդ լարում, համախոհներ ու հատկապես հովանավորներ: Որեւէ ռեալ քայլեր արե՞լ եք այս ուղղությամբ, թե հայկական վոկալ դպրոցի ստեղծումն առայժմ միայն գաղափար է:

_ Իհարկե: Արդեն արել եմ որոշակի քայլեր: Այսօր ինձ է բախտ վիճակվել սկսելու այս գործը, քանի որ ինքս եմ այդ բնագավառում բազում պրպտումների եւ բացահայտումների հեղինակը: Որեւէ այլ մեկը չկա, եւ ես ներքին պատասխանատվություն եւ պարտավորվածության զգացում ունեմ տարիներիս աշխատանքի արդյունքում կուտակած փորձը փոխանցել եկող սերունդներինՙ դարձնելով այն համաժողովրդական սեփականություն, իսկ դրա լավագույն ձեւը վոկալ ակադեմիայի հիմնադրումն է Հայաստանում:

_ Մի քանի օրից մեկնում եք Ֆրանսիա: Ի՞նչ ծրագրեր ունեք:

_ Համերգներ ունեմ Փարիզում, Լոնդոնում, Շվեյցարիայում: Տարբեր երկրներում ունեմ աշակերտներ եւ կշարունակեմ տալ վարպետության դասընթացներ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4