«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2001-01-12 | #5, 2001-01-13 | #6, 2001-01-16


«ԻՐԱՆԸ ՀԶՈՐ ՆԵՐՈՒԺՈՎ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ՄՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ»

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի հարցազրույցը «Ազգին»

Հունվարի 14-ին լրացավ երկու տարին, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվեց Գեղամ Ղարիբջանյանը: Սովորաբար դիվանագետները նախընտրում են տարեկան արձակուրդն անցկացնել ամռան ամիսներին: Պրն Ղարիբջանյանը ձմեռն է «նախընտրել», որովհետեւ «Նոր տարվան մոտ եւ հետագա մեկ-երկու շաբաթներին դիվանագիտությունը համեմատական դադար է ապրում»: Այս օրերին դեսպանը Երեւանում էր, եւ պատեհ առիթն օգտագործելով նրանից խնդրեցինք որոշ պարզաբանումներ տալ «Ազգին» հետաքրքրող մի քանի հարցերի:

- Պրն Ղարիբջանյան, հայտնի է, որ մինչեւ ԻԻՀ-ում Ձեր դեսպան դառնալը դեսպանության եւ իրանահայ համայնքի փոխհարաբերությունները, մեղմ ասած, անամպ չէին: Մեր հարցը չի վերաբերում նրան, թե ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառներով էր առաջացել նման իրավիճակ: Մեզ հետաքրքրում էՙ ինչպիսի՞ն են այսօր դեսպանություն-համայնք փոխհարաբերությունները: Հասկանալի է, Ձեր եւ ողջ դեսպանության առաջնային խնդիրը Հայաստանը Իրանում ներկայացնելն է:

_ Դեսպանատունն իրանահայ համայնքի հետ հավասար, ներդաշնակ հարաբերություններ է պահպանումՙ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Ինչ վերաբերում է իրանահայության տնտեսական ներուժին, չէի ասի, որ իսկապես հզոր ներուժ կա: Ինչպես արեւելյան բոլոր երկրներում, Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) նույնպես որոշակի միգրացիա է տեղի ունեցել, այդ թվում եւ հայ համայնքից: Ճիշտ է, մտավոր ներուժը մնացել է, եւ ես հիացած եմ մտավոր ներուժով, բայց շատ գործարարներ այսօր դրսում են:

Ամեն պարագայում, ԻԻՀ-ում հայ համայնքը ներդաշնակ է գործում, որովհետեւ հիմնականում միատարր համայնք է: Թեհրանում ընտրվեց հոգեւոր նոր առաջնորդՙ Սեպուհ եպիսկոպոս Սարգսյանը, որը բավական ակտիվ գործունեություն է ծավալում: Ավելի քան մեկ տասնամյակ ընդմիջումից հետո տեղի ունեցան պատգամավորական ժողովի ընտրություններ: Նոր պատգամավորական ժողովը փորձում է շատ ավելի ակտիվ աշխատել, ունեն ծրագրեր: Մենք, որպես դեսպանություն, հայ համայնքի հետ նորմալ հարաբերություններ ունենք:

_ 1999 թ. հունվարի 14-ին նախագահ Քոչարյանի հրամանագրով նշանակվեցիք ԻԻՀ-ում ՀՀ դեսպան: Ի՞նչ է արվել երկու տարիներին, ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակը:

_ Նկատելի առաջընթաց կա, եւ առաջին հերթին ուզում եմ շեշտել Իրան-Հայաստան գազատարի կարեւորությունը, որի կառուցումով մենք ոչ միայն տնտեսական խնդիրներ ենք լուծում: Խողովակաշարը մեզ համար լավատեսություն սկզբնավորելու նշանակություն ունի: Կան մի շարք լուրջ տնտեսական առաջարկներ, որոնք մինչ այդ միշտ եղել են «զրուցողական» մակարդակի վրաՙ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի համատեղ կառուցում, Քաջարանի թունել: Հունվարի 23_25-ին Երեւանում տեղի կունենա Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի նիստ, եւ այս հարցերը կքննարկվեն: Որպես անձնավորություն սիրում եմ հստակություն եւ կարծում եմ պետք է քայլենք մինիմում եւ մաքսիմում ծրագրերով: Այս տարվա ծրագիր եմ համարում Իրան-Հայաստան գազատարի կառուցումը եւ գազատարի կառուցումից բխող տնտեսական զարգացման խնդիրները: Ցանկացած բարձր մակարդակի քաղաքական, եղբայրական, բարեկամական հարաբերությունները եթե իրենց ետեւից չտանեն տնտեսականը, ապա կարող են փոփոխության ենթարկվել: Եթե երկու հարեւան պետությունները տնտեսապես փոխկապակցվեն, ապա քաղաքականությունը ստիպված կլինի տնտեսական օրենքներին համահունչ լինել: Կարծում եմ, ԻԻՀ-ի հետ հարաբերություններում պետք է հիշենք մեկ բան. Իրանը հզոր ներուժ ունեցող տերություն է եւ չի կարող դուրս մնալ տարածաշրջանային յուրաքանչյուր գործընթացիցՙ լինի Պարսից ծոց, Կասպից ծովի ավազան, Հարավային Կովկաս: Իրանը միշտ պատրաստակամ է եղել օժանդակելու իր հարեւանին: Այս առումով պիտի նշեմ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի չափազանց հաջող այցելությունը Թեհրան եւ ամենաբարձր մակարդակով բանակցությունները:

Հավանաբար փետրվարին ԻԻՀ-ում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր ամենաբարձր մակարդակով: Իրանցիներին ներկայանալու ենք երեք սերունդների լավագույն նկարիչների ցուցահանդեսով, այդ թվում եւ Փարաջանովով:

Նախատեսում ենք ակտիվ համագործակցություն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը եւ ԻԻՀ նախագահ պրն Խաթամիի առաջարկով եւ ՄԱԿ-ի ընդունած 2001 թ. քաղաքակրթությունների երկխոսության տարի հռչակելը միմյանց կապակցելով, քանզի քաղաքակրթությունները գալիս են այս տարածաշրջանից, ե՚ւ Իրանը, եւ Հայաստանը այդ երկխոսության մեջ իրենց ասելիքն ունեն:

_ Պրն Ղարիբջանյան, ցավով պիտի փաստենք, որ Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ բարդ հարաբերություններ են ստեղծվել: Չլինի՞ իրանահայ համայնքի համար որոշ անհարմարություններ առաջանանՙ 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Հայաստան այցելելու առումով:

_ Հստակեցնենք. տոնը կոչվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակ: Տոնակատարությունների հիմնական մասը տեղի է ունենալու Հայաստանում: Այս տարի Իրանում կլինեն միջոցառումներ, ինչպես Սուրբ Թադեոսի վանք ուխտագնացությունը: Արդեն խոսել ենք Խոսրով Հարությունյանի հետ, որ Ս. Թադեոսի վանք ուխտագնացների մեջ Հայաստանն էլ ներկայացված լինի: Կարծում եմ, Ձեր նշած խնդիրը չի կարող խոչընդոտ լինել, որովհետեւ հավատի համար որեւէ մեկի ուխտագնացությունը չի կարող որեւէ մեկի դժգոհությունն առաջացնել: Չմոռանանք, առաջիկայում նախատեսվում է ՀՀ նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ուխտագնացությունը Դեր Զոր: Այսինքն, դրանք համահայկական ձեռնարկներ են եւ պիտի աշխարհի առաջ պատշաճ ներկայանանք, եւ 1700 տարվա հավատը բերի միասնության, հավատիՙ ապագայի նկատմամբ:

_ Վերջին շրջանում ակտիվ շփումներ են կատարվում Իրանի Արեւելյան Ատրպատականի եւ Հայաստանի Սյունիքի մարզերի միջեւՙ գործարար կապերի զարգացման, երկկողմ փոխշահավետ պայմանագրերի կնքման նպատակով: Ինչպիսի՞ ազդակ կարող են հաղորդել այս շփումները Իրան-Հայաստան տնտեսական կապերին:

_ Դեսպանատունը շատ ջանք գործադրեց, որպեսզի հաստատվի Սյունիք-Արեւելյան Ատրպատական կապը, մտածում ենք Արարատի մարզ-Արեւմտյան Ատրպատական կապերի ստեղծման մասին:

ՀՀ կառավարությունում ստեղծված Իրան-Հայաստան հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, հատուկ խնդիրներ է դրել: Մի քանի տարվա դադարից հետո կրկին գործում է սահմանային շուկան: Պետք է հասնենք նրան, որ ՀՀ--ԻԻՀ հարաբերություններում տնտեսական ակտիվությունը նկատելի լինի: Եթե 98-ին առեւտրատնտեսական փոխհարաբերությունները կազմել են 45 մլն դոլար, 99-ին այդ թիվը հասել է 100 մլն-ի: 2000 թ. առաջին ինն ամիսներին 80 մլն է կազմել: Ճիշտ է, դա շատ փոքր թիվ է, բայց առաջընթացը նկատելի է:

_ Ի՞նչ կասեք ներդրումների մասին:

_ Իրավիճակը փոխվել է: Իրանում այժմ շատ են հետաքրքրվում Հայաստանի մի շարք ձեռնարկություններում ներդրումներ անելով: Մենք էլ շահագրգռված ենք, որ հայկական ապրանքատեսակները Իրան ներմուծվեն: Այո՚, նախկինում իսկապես Իրան-Հայաստան առեւտրային հարաբերությունները եղել են «տոպրակային» մակարդակի: Հիմա հուսով եմ, մոտ ժամանակներում ներդրումներ կլինեն:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4