Հատուկ հրավիրյալից գուցե դառնանք լիիրավ անդամ
Հունվարի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 737_րդ նիստը կորոշի Հայաստանի եւ Ադրբեջանիՙ ԵԽ_ին վերջնական ու լիիրավ անդամակցելու հարցը:
Անդամության համար ներկայացվող պահանջները Հայաստանին, որոնք ԵԽ_ն ձեւակերպում է երկրի համար անշրջանցելի առաջնահերթություններ տերմինով, հետեւյալն են. ժողովրդավար ինստիտուտների գործառնություն, դատաիրավական համակարգի լիարժեք անկախություն, պատժահամակարգի բարեկարգում, լրատվամիջոցների, մարդու իրավունքներին ընդհանրապես առնչվող խնդիրների բարեփոխում, ի վերջո քաղաքացիական հասարակության կերտում: Ադրբեջանի դեպքում պահանջները գրեթե բառացիորեն կրկնվում ենՙ ավելացնելով նաեւ քաղաքական բանտարկյալներին ազատելու հարցը:
Այս համատեքստում պաշտոնական Երեւանն արդեն հանձն է առել բազում պարտավորություններ օրենսդրական ոլորտումՙ ԶԼՄ_ների մասին նոր, կուսակցությունների մասին, պետական ծառայողի մասին եւ այլ օրենքներ, մարդու իրավունքների առնչությամբՙ բանակային այլընտրանքային ծառայության հնարավորություն, ազգային հեռուստաընկերության վերածում հանրայինի եւ այլն, ԼՂ հարցի կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով: «Հայաստանի կողմից իր պատկառելի ազդեցության օգտագործում Ղարաբաղի հայության հանդեպՙ ընդունվելիք բանաձեւը պաշտպանելու համար»:
Հայաստանը, որ 1996_ից Եվրախորհրդում ներկայացված է հատուկ հրավիրյալի կարգավիճակով, այդ կառույցի շրջանակներում ստորագրել է ութ կոնվենցիա (2000_ի նոյեմբերի 29-ի դրությամբ):
Այսպիսով, եթե ԵԽ նախարարների կոմիտեն դրական որոշում կայացնի, Հայաստանն ու Ադրբեջանը կդառնան Եվրախորհրդի 42 եւ 43-րդ անդամները:
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ