«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ԻՐ ՔԱՂԱՔԻՆ ՍԻՐԱՀԱՐ ԵՐԳԻՉԸ

Դեկտեմբերի 3-ին լրացավ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի ծննդյան 50 տարին: Դժվար է հավատալ, որ սիրո, երիտասարդության, ըմբոստ ոգու խորհրդանիշ, պարզապես բոլորի սիրելի Ռուբոն արդեն 50 տարեկան է: Սակայն սա փաստ է, եւ այդ հրաշալի տարելիցը վերջերս սիրելի երգչի ներկայությամբ նշեց Լոս Անջելեսի հայ համայնքըՙ պատվելով նրան մեծարանքի երեկոյով: Գուցե Ռուբենի բացակայությունն էր պատճառը, որ հայրենիքում, իր սիրելի Երեւանում նրա հոբելյանը փաստորեն «նշվեց» լռության պայմաններում: Հուսանք, առաջիկայում մեզանում նույնպես կիրականացվեն մեծարանքի միջոցառումներ, որոնց ժողովուրդը կմասնակցի սիրով, վերածելով դրանք հոգու իսկական տոնի, քանի որ Ռուբեն Հախվերդյանըՙ Ռուբոն, մեկն է իր եզակիորեն սիրելի զավակներից, մեկը, որի երգը, խոսքը, քաղաքացու պահվածքը իր իսկ արժանապատվության խորհրդանիշն է: Դա այն զավակն է, որի կյանքը փրկելու համար 1991-ի աշնանը համազգային օգնության ալիք բարձրացավ. «Ռուբեն Հախվերդյանին օգնելն այսօր յուրաքանչյուր հայի պարտքն է: Նրա գործը, նաեւ կյանքը ազգային հարստություն են», միաձայն ազդարարում էին թերթերը, հեռուստաէկրանն ու ռադիոն: Այդ օրերին հավաքված գումարը ապաքինվելուց հետո Ռուբենը փոխանցեց «Ղարաբաղի ֆոնդին». հայ մտավորականների շրջանում այն ժամանակների համար եզակի վարքագիծ, քանի որ ավերիչ փլուզումների ու սրընթաց անկումների մթնոլորտում շփոթված հայ մտավորականներից շատերն իրենք էին օգնություն ակնկալում:

Ռուբենի վիրահատությունը կայացավ. վճարումները կատարվեցին Ֆրանսիայի կառավարության միջոցներով, այդ գործը բանիմացորեն կազմակերպեց Հայաստանի նախագահի այն ժամանակվա խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Այս հրաշալի մարդուն ինչպես նաեւ 11-ժամյա բացառիկ վիրահատությունն իրականացրած պրեֆեսոր Բիսմուտին երախտապարտ սրտով հեռագրեր հղեցին երգչի ծնողներնՙ իրենց, Ռուբենի զավակների եւ նրա տաղանդի բազմահազար երկրպագուների անունից: Ռուբենի մայրը մեկ անգամ չէ, որ ասել է. «Ռուբիկը ծննդյան երկու օր ունի. մեկըՙ դեկտեմբերի 3-ը, մյուսըՙ հունվարի 9-ը, երբ կատարվեց հրաշք-վիրահատությունը, եւ տղաս ծնվեց երկրորդ անգամ»: Այն օրերին երեւանյան մամուլը գրեց. «Մեր սերը քեզ փրկեց»:

Ռուբենը Երեւան վերադարձավ 92-ի գարնանը եւ դեռ ֆիզիկապես չամրացած տվեց 3 բարեգործական համերգ: Թերեւս Աստծուն հաճո էր, որ լինի այդպես, որ Ռուբենը, գրած լինելով «Ոստիկան», «Ձյուն», «Իմ փոքրիկ նավակ», «Մեր սիրո աշունը» եւ մյուս իրեն արդեն ճանաչում բերած երգերը, շարունակի հայերեն լեզվով հավանաբար երբեւիցե գրված գեղեցկագույն երգերի շարքըՙ լրացնելով այն նոր «Բարի լույս, տիկին Արուս», «Նախագահական ընտրություններ», «Հին ընկեր», «Սա Երեւանն է», «Խոսքեր» եւ այլ, մեկը մյուսից աննման գործերով:

90-ական թվականների հատկապես առաջին կեսը այսպիսով Ռուբենի համար եղավ բացառիկ արգասաբեր, նրա շռայլ տաղանդը աղբյուրի նման հորդեց: Այդ տարիներին թողարկվեց երեք լազերային սկավառակ: Նրա համերգները մշտապես ընթանում էին լեփ լեցուն դահլիճներում: Եվ Ռուբենի հանդիսատեսը երբեք չի հուսախաբվել. ահա բեմ է դուրս գալիս Նաՙ մի արտիստ, որի խոսքն ուղղված է դահլիճում հավաքվածների ոչ միայն լսելիքին, այլեւ սրտին, հոգուն, գիտակցությանը: Նա չի ստում, ավելինՙ ասում է ճշմարտությունը: Նա իր շռայլ տաղանդի տերն ու տիրականն է, Երեւանի լավագույն ու առայժմ չգերազանցված մարդը: Նրա մասին գրում են. «Նա, ով չի բռնվում ոչ մի ուռկանով», «Միշտ անակնկալ Ռուբեն Հախվերդյանը». «Գտնված երազների երգերը», «Ռուբենի երգերը կշրջին տունե տուն, բերնե բերան, շատերու սրտերը կսփոփեն», «Ռուբենը երգում է հանդուգն, անշահախնդիր ու համարձակ», «Երեկոյան Ռուբեն Հախվերդյան խարազան-կիթառով բեմ բարձրացավ: Իր երգերով կյանքի այլազան մարզերե ներս խուժեց չարաճճի անմեղ մանչուկի մը նման: Տխրեցավ ու տխրեցուց, ժպտեցավ ու ծիծաղներ խլեց ներկաներեն, իր վճիտ աչքերով տեսածները պատմեց մեզիՙ մեր օձիքեն բռնած եւ մեր բիբերու մեջ նայելով»: Կարելի է շարունակել երկար, բայց հիշենք եւս մեկը. «Անիշխանական, անկախ ու հանդուգն այս մարդուն պետք է հասկնալ ու ճանչնալ իր երգերով, իր երգի մեջ: Զարմանալ կարելի է, թե որքան կարգավորված ու ներդաշնակ է անոր պոետական խոսքը»: Ռուբենը մի շարք առիթներով ասել է. «Հայոց լեզվի հանդեպ պաշտամունքիս համար մորս եմ պարտական»: Այս նշանակալի խոստովանությունը հուշեց մեզ հանդիպել երգչի ծնողների հետ:

Լեւոն Հովհաննեսի Հախվերդյան եւ Սոնա Միքայելի Այունց. հայրը եւ մայրը Ռուբենի, որոնց հետ առավել եւս հանդիպումից հետո, մտածում եմ վստահաբար, որ դեռ գալու է ժամանակ, որ դեռ գրվելու է նրանց մասին բազմիցս եւ ըստ հարգիՙ խոնարհումների ու մեծարումների առիթ տալով: Մտավորական այս մարդիկ ոչինչ չեն խնայել եւ արել են առավելագույնը երկու որդիներին հնարավորինս լավագույն կրթություն տալու համար: ՀՀ Ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանը, որի տիտղոսները թվարկելուց խուսափում եմ տեղ շահելու նպատակով, մեզանում ամենաճանաչված գիտնականներից է: Դա, թերեւս, կարելի է բացատրել նրա վառ անհատականությամբ, քաղաքացու ակտիվ կեցվածքով, որը համադրվում է գիտական ստույգ իմացությանն ու անգնահատելի վաստակին: Հայր ու որդի, այո՚, ճանաչված եւ, որ հատկապե՚ս կարեւոր է, սիրված են ժողովրդի կողմից: Ժողովուրդը բնազդով անսխալ զգում է ու գիտիՙ այս անունները իր արժանապատվության, իր մշակույթի հավատարիմ պահապաններից են:

Ամուսնու համակուրսեցի Սոնա Այունցը ուսանողական միջավայրում առանձնանում էր ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ բացառիկ խելքով, կարդացածությամբ, հրաշալի ձայնով: Թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի անվանական թոշակառու շրջանավարտը, նախկինում ունենալով նաեւ համալսարանական բանասիրակական կրթություն, կարող էր հասարական բուռն ու հետաքրքիր կյանքի մեջ մխրճվել, ինչու չէ, հասարակական երեւելի դեմք դառնալ մեզանում: Սակայն թե՚ առաջնեկի ծնունդը, եւ թե՚ ժողովրդի թշնամու դուստր լինելու հանգամանքը (հայրը 37-ի զոհերից էր) նրա կյանքում շատ արժեքների վերաիմաստավորման պատճառ դարձան:

Սպիտակամաշկ, սիրուն աչքերով այդ երեխայի մեջ ըմբոստ ու արքայավայել մի բան կար: Ծննդատան բազմափորձ աշխատակիցները սովորություն ունեին նորածիններին անուններ տալու: «Արքային բերել ենք կերակրելու», ասում էին նրանքՙ ամեն անգամ փոքրիկ Ռուբենին երջանիկ մոր գիրկը տալիս:

- Որոշեցի չաշխատել, նստել տանն ու զբաղվել միայն իմ փոքրիկ «արքայով», պատմում է մայրը: Երկու տարի հետո, երբ ծնվեց երկրորդ տղասՙ Գագիկը, վճիռս ավելի ամրացավ, եւ ես ամբողջովին նվիրվեցի նրանց դաստիարակությանը: Տունս դարձրել էի մի իսկական մանկապարտեզ. առավոտից իրիկուն երգ ու ոտանավորից, հեքիաթ ու խաղիկից բացի, բարձրաձայն կարդում էի նաեւ իմ թարգմանություններից: Դրանք ամենատարբեր հեղինակների գործեր էին, հաճախ ոչ հարմար իրենց տարիքին, բայց նրանք նստում էին կլանված, հասկացողի աչիկներով, լսածը «մարսում» ու մտապահում Նոսովի, Ժյուլ-Վեռնի, Չուկովսկու, Ջեկ Լոնդոնի, Ամիչիսի, Կունի, այլ հեղինակների ու նրանց հերոսների անունները:

Այդպես աննկատ մայրը իր հարուստ ներաշխարհն ու գիտելիքները կաթիլ-կաթիլ, մաս-մաս փոխանցեց որդիներին, եւ Ռուբենը մեծացավ մի մթնոլորտում, որը ներծծված էր Թումանյանով ու Չարենցով, Բեթհովենով ու Մոցարտով, Կոմիտասով ու Սայաթ-Նովայով: Հայրական տանը նա տեսել ու մոտիկից շփվել է Վարդան Աճեմյանի, Պարույր Սեւակի, Վադիմ Մելիքսեթյանի, Էդվարդ Միրզոյանի, այդ կարգի շատ մարդկանց հետ: Ի դեպ, նորածին Ռուբենին լողացնելու համար տաշտակ է գնել ու նվիրել Պարույր Սեւակը. «Բիբիլը թող լող տա սրա մեջ»:

- Ռուբիկը աշխույժ, չարաճճի, չբռնվող երեխա էր, պատմում է հայրը, հմայված նստած նրան հիշում եմ միայն, երբ որեւէ բան էինք կարդում կամ երբ մայրը երգում էր նրա համար: Ամենեւին չէի ուզենա առանձնահատկության քողով ներկայացնել նրա մանկության ու պատանեկության տարիները: Բայց ինչպե՞ս չասեմ, որ առաջին բառերին զուգահեռ նա հեշտորեն արտաբերում էր էմպիրիոկրիտիցիզմ բառը: Նա ուշիմ, լավ սովորող երեխա էր, հրաշալի նկարում էր, պլաստիլինից զարմանալի ֆիգուրներ ծեփում: Այդ ամենը մայրը պահպանել է մինչեւ օրս: 6-րդ դասարանից հետո, սակայն, Ռուբիկը կտրուկ փոխվեց: Դարձավ ըմբոստ, գրեթե անկառավարելի:

Երկար կարելի է պատմել բարձր դասարաններում նրա «հերոսություններից», որի հետեւանքով դպրոցն ավարտեց որոշ դժվարություններով: Նրա ոչ սովորական վարքագիծը շարունակվեց նաեւ Գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելու տարիներին: Ռուբենը բեմադրել է մի շարք ներկայացումներ, որոնց բոլորի տեքստերը թարգմանել է մայրը, այդ թվում նաեւ անմոռանալի «Սատանայի ջրաղացը»:

Պատմում են ծնողները, ջանում հիշել ամենակարեւորը, տիպականը, վճռորոշըՙ գուցե: Դրանք շատ ենՙ ահռելի նյութ մի ամբողջ գրքի համար: Հիշողությունների այդ համայնապատկերի վրա առանձնանում են դեմքեր, շատ դեպքեր:

Ահա փոստատար Նուբարը, մեղմաբարո բնավորությամբ հայրենադարձ այդ մարդը, որին առանձնահատուկ սիրում էր Ռուբիկը եւ նրանից էլ կիթառ նվագել սովորեց: Ահա ութամյա Ռուբիկը Սպենդիարովի անվան երաժշտանոց հաճախելիս: Իր համար տանջալից երաժշտական այդ կրթությունը տեւեց վեց ամիս. «Թող տրամվայի տակն ընկնի այս դաշնամուրը», մի օր ասաց նա: Ահա նրանց բնակարանը Մարքսի փողոցի վրա, որը Ռուբենը ժամանակավոր կացարան է դարձրելՙ տանը պահելով շուն ու մուկ, լորտու կամ թունավոր օձ, կրիա ու աղվես: Ահա ձմռան մի ցուրտ գիշեր Ռուբիկը տուն է գալիսՙ ծոցը լիքը ցրտահար ճնճղուկներ. հո չէ՞ր թողնի փողոցում սառած, գետնին ընկած:

Հուշերի այդ շարանում ես փորձում եմ դասդասել շրջաններ, առաձնացնել պահեր, որոնք այդ ըմբոստ, անկառավարելի տղային ի վերջո դարձրին ինքնատիպ մշակութային արժեք: Այդ ամենի մեջ ես որոնում եմ արվեստագետի ձեւավորման, կայացման պահը: Անօգուտ աշխատանք: Դա նույնն է, ինչ հորիզոն կամ երկինք, ամպ կամ քամի բռնելու փորձերը: Ծնողներն էլ են դժվարանում որոշել պահը, օրը, երբ Ռուբոն դարձավ Ռուբեն Հախվերդյան ու գտնում են, որ միեւնույնն էՙ նա մնացել է էլի նույն Ռուբոն: Եթե նեղության մեջ ես, միայնակ, չունեւոր, դժբախտ, ավելինՙ ընկեցիկ, համարիրՙ Ռուբոն ընկերդ է: Ինքը հպարտ է, հարուստ հենց դրանով:

Ճանաչումը, սերը, անվերջանալի հետաքրքրությունն իր անձի հանդեպ. ահա թերեւս նրա վաստակած միակ ունեցվածքը: Նյութական ունեցվածք այդպես էլ չկուտակեց: Իր ընտանիքըՙ կին ու երեք երեխա, բոլոր այս դաժան տարիներին ապրեցին ազգի ճիշտ մեծամասնության կենսաձեւովՙ ծայրը-ծայրինՙ մի կերպ: Փոխարենը նա հարստացրեց բոլորիսՙ նվիրելով մեզ իր Երեւանի գիշերները, տիկին Արուսին, ծառուղում լուռ արտասվող մենակ կանգնած աղջկան, պատուհանը թակող ոստիկանին, լավագույն տղերքին, անընտրելի նախագահներին, տերերից կեր սպասող սոված շներին, բանող եզին, արտագաղթող ընկերներին, ծեր գնչուհուն... Ո՞ր մեկը թվես:

Ռուբենն ունի իր ճշմարտությունն ու իր սխալները: Այդ ամենի համար ունի նաեւ իր պատասխանը. «Ես արտիստ եմ»: Աստծո կամքով ու ծնողներիՙ ծնվեց ու այսօր կա արտիստ Ռուբեն Հախվերդյանը, արտիստի Ռուբոյի տեսակը մեզանում: Ծննունդդ շնորհավոր, Ռուբո:

Շուշանիկ Արզաքանյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4