Ստորեւ տպագրում ենք ՀՌԱԿ Հանրապետական վարչության փոխատենապետ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Խուրշուդյանի հոդվածը, որում արծարծվում են Հայաստանի եւ ընդհանրապես հայ իրականության համար մեծ կարեւորություն ունեցող գաղափարական-քաղաքական հիմնախնդիրներ: Հիշեցնենք, որ հոդվածի մեկ այլ տարբերակը որպես ծրագրային ելույթ հեղինակը կարդացել է ՀՌԱԿ X պատգամավորական ժողովում, 2000 թ. դեկտեմբերի 20-ին:
Ազատական գաղափարն արդի Հայաստանում ապրում է խորը ճգնաժամ: Արժեզրկվում են այնպիսի համամարդկային հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ազատությունը եւ իրավահավասարությունը, ժողովրդավարություն հասկացության ամբողջ համալիրը, կասկածի տակ է առնվում անկախ պետականություն ունենալու նպատակահարմարությունը, պաշտամունքի առարկա են դարձվում օտարերկրյա ոչ ժողովրդավար ռեժիմների ղեկավարները:
Զանգվածային գիտակցության մեջ նկատվում է որոշակի շարժ դեպի անազատություն: Մարդիկ ընտրություն են կատարում հօգուտ անազատությանՙ վերջինիս մեջ տեսնելով գոյատեւման հուսալի երաշխիքներ: Յուրաքանչյուրիս փոխարեն որոշումներ ընդունող, կյանքի բոլոր դրսեւորումները կանոնակարգող երկաթե բռունցքի, խիստ եւ արդար տիրոջ գաղափարն է տիրում այսօր երկրում: Կա լուրջ մտավախություն, որ տիրող հոգեբարոյական մթնոլորտից կարող են օգտվել տարբեր գույնի եւ երանգի քաղաքական բախտախնդիրները, սոցիալական դեմագոգները, ամբոխավարները, աշխարհիկ փրկիչները, ուղղակի լուսանցքայինները: Ավտորիտարիզմի վտանգն ակնառու է:
Դրությունն էլ ավելի տագնապալի է դարձնում արտագաղթը, որի հետեւանքով հայրենի ընտրազանգվածը խիստ ծերանում է, իսկ տարեցներըՙ մեր ամենաակտիվ եւ միաժամանակ ամենաանապահով խավը, միանգամայն հասկանալի պատճառներով իրենց քվեից զրկելու են ազատական ուժերին: Եվ եթե քաղաքական զարգացումները ընթանան նման տրամաբանությամբ, ապա ապագա խորհրդարանը եւ միգուցե հանրապետության հաջորդ նախագահը չեն լինի ազատական գաղափարների կրողներ:
Աջակողմյանների հետ կատարվող գործընթացները կարելի է որակել որպես լիբերտիցիդՙ ազատական գաղափարի սպանդ, որը պայմանավորված է երբեմնի իշխող կուսակցությանՙ ՀՀՇ-ի քաղաքական ուղեգծի ձախողմամբ: Լիբերտիցիդը հանգեցրեց սուր դիսբալանսի քաղաքական ուժերի տեղաբաշխման ասպարեզում: Աջերը որպես գաղափարապես հստակ ձեւ եւ որակ պարզապես դուրս են մղվում ռեալ քաղաքական սանդղակից, ինչը կարող է ունենալ չափազանց լուրջ հետեւանքներ, ընդհուպ ազգային անվտանգության վտանգումը: Նրանց տեղը սանդղակում զբաղեցնում են ինքնակոչ լիբերալները, գաղափարազուրկ նորածին հիբրիդները, որոնք, ինչպես դիցական երկերես Յանուսը, մի կողմից աջ են, մյուս կողմից ձախ, կախված կոնկրետ քաղաքական կոնյունկտուրայից:
Ստեղծված իրավիճակում սուր պահանջ է զգացվում քաղաքական նոր ոճի մշակման եւ իրագործման: Խոսքըՙ աջ ուժերի բախումնային գործելակերպը համագործակցայինով վերափոխման մասին է: Ժամանակի հրամայականն է, որ Հայաստանի աջերը, որոնք ջլատված են եւ անմիաբան, ուժ եւ արիություն գտնեն իրար ձեռք մեկնելու եւ նստելու կլոր սեղանի շուրջՙ ստեղծված վիճակից ելքը գտնելու համար, իսկ ելքը միակն էՙ համախմբվել աջ դաշինքի շրջանակում: ՀՌԱԿ-ը, որպես հնագույն լիբերալ դեմոկրատական ավանդույթներ ունեցող կուսակցություն հայ իրականության մեջ, կարող է եւ պարտավոր է դառնալ աջ գաղափարի եւ գործի վերածննդի նախաձեռնողը:
Կարող են հակառակվել, թե նման դաշինք գոյություն ունիՙ նկատի ունենալով «Աջ ուժերի միությունը»: Սակայն այդ միությունը կազմավորված է նախկին իշխանավորներից, ազատական գաղափարի հիմնական վարկաբեկողներից: Հենց այդ ուժերի միջոցով ազատական աշխարհայացքը Հայաստանում խեղաթյուրվեց, ոչ որպես ազատությունՙ հանուն պարտքի զգացման, այլ ազատությունՙ առանց պարտքի զգացման:
Այդ իսկ պատճառով հայ հասարակության բարոյա-հոգեբանական ազատականացումը հապճեպ փախուստ էր ազգային չլուծված խնդիրներից, արժեքներից, ավանդույթներից, քանզի վերջիններս պարտավորեցնում էին, իսկ սպառողական, ամեն գնով արագ հարստանալու, վայելելու թերի գիտակցությունը զերծ է պարտավորություններից եւ պարտքի զգացումիցՙ դրանց բոլոր դրսեւորումներով: Վերջնական եւ լիակատար կրախը օրինաչափ էր ազատականության այդ արատավոր ձեւի ընդհանուր հետընթացի շարասյունում: Այսօր էլ այդ ուժերն իրենց հիմնական նպատակը տեսնում են ոչ թե աջակողմյան գաղափարախոսության վերակենդանացման, այլ լոկ կենսաբանական ինքնապահպանման մեջ:
ՀՌԱԿ- ի պատկերացումով ստեղծվելիք դաշինքը պիտի հիմնված լինի հստակ գաղափարական քաղաքական եւ արժեքային սկզբունքների վրա եւ ունենա ոչ թե կարճաժամկետՙ մարտավարական, այլ երկարաժամկետՙ ռազմավարական բնույթ: Նման դաշինքի նպատակները չեն կարող սահմանափակվել միայն խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով:
Աջ քաղաքական ուժերն առաջին հերթին համատեղ ջանքերով ձեւակերպելու են հայրենական քաղաքականության հիմնական հարցի պատասխանը, թե որո՞նք են մեր ազգային պետական շահերը եւ թե ի՞նչ կարգի քաղաքական ուղեգիծ է պահանջում դրանց պաշտպանությունը երկրի ներսում եւ համաշխարհային ասպարեզում:
Ազգի եւ պետության գոյատեւումը եւ ազատ բարեկեցիկ զարգացումը ապահովող գաղափարների, հիմնադրույթների, հայեցակարգերի միասնական համակարգի մշակումը, հիմնված աշխարհաքաղաքական, գլոբալիստական, հոգեւոր մշակութային, պատմական եւ այլ բազմաթիվ ընդհանուր եւ առանձնահատուկ գործոնների իմացության վրաՙ սա պիտի լինի դաշինքի հիմնական նպատակը: Միայն համապարփակ ազգային պետական այդ ծրագրի առկայության դեպքում է իմաստավորվում պայքարը խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում, միայն այդ դեպքում է ազատական գաղափարը հաղթահարում ճգնաժամը, դառնում անխոցելի եւ մնայուն ու հավերժանում որպես մտքի նվաճում:
Ռուբեն Խուրշուդյան