«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՏԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

Սակայն խորհրդարանը երկար մտածել է սիրում

Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության պարտադիր պայմաններից է ազատազրկման վայրերի ապառազմականացումը, այսինքնՙ ՆԳՆ համակարգից արդարադատության նախարարությանը (ԱՆ) փոխանցելը: ԱՆ-ում այդ նպատակով ստեղծվել է հատուկՙ կառուցվածքային բարեփոխումների վարչություն, որը 99 թ.-ից ձեռնամուխ է եղել ազատազրկման վայրերի փոխանցման օրենսդրական եւ վարչարարական նախապատրաստություններին: Սակայն, ինչպես նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց իր հեռուստաելույթներից մեկում, այս հարցում շտապողականություն չեն ցուցաբերումՙ ԱՊՀ մյուս երկրների սխալները չկրկնելու համար (ԱՊՀ անդամ երկրներն արդեն իրականացրել են փոխանցումը, բացառությամբ Հայաստանի):

Այնուամենայնիվ, Հայաստանն էլ երկար չի կարող հապաղել եւ պարտավոր է տեղավորվել Եվրախորհրդի սահմանած ժամկետներում: Այսինքն, Եվրախորհրդին պաշտոնապես անդամակցելուց մեկ տարվա ընթացքում ուղղիչ հիմնարկների եւ նախնական կալանքի վայրերի փոխանցումը պետք է ավարտվի:

ԱՆ կառուցվածքային բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանը հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 99 թ.-ին, սկզբումՙ վարչության մշակած ծրագրով, իսկ անցյալ տարվանից ՆԳ նախարարության հետ մշակվել է համատեղ աշխատանքային ծրագիր: Եվրախորհրդի փորձագետները հետեւում են աշխատանքներին եւ ծրագիրը քննարկելուց հետո 94 կետից կազմված առաջարկություն են ներկայացրել:

Վարչության պետը դրանցից կարեւորեց պատժական համակարգի աշխատողների սոցիալական ապահովության հարցը եւ այն պարտադիր պայմանը, որ հիշյալ համակարգի փոխանցումը պետք է իրականացվի ամբողջական եւ շատ արագ:

Անդրադառնալով ծրագրի բովանդակային մասին, պրն Առուստամյանը հայտնեց, որ իրագործվելու է երեք փուլով: Առաջինում մշակվել են օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերՙ քրեակատարողական օրենսգիրքը, ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու օրենքի նախագիծը, մշակվել են ուղղիչ հիմնարկների ներքին ռեժիմի կանոնները, դատապարտյալների եւ կալանավորվածների բժշկական սպասարկման կարգը, որոնք պատրաստվում են ներկայացնել Եվրախորհրդի փորձաքննությանը:

Երկրորդ փուլը բուն տեղափոխումն էՙ ՆԳ նախարարությունից ԱՆ համակարգ: Վարչության նախնական հաշվարկներով ընդունում-հանձնումը կտեւի 1- 1,5 ամիս: ԱՆ-ի ենթակայության տակ գտնվելու ընթացքում, որն, ըստ էության, ծրագրի երրորդ փուլն է, նախարարությունը պարտավորվում է լուծել դատապարտյալների զբաղվածության հարցը, կարգավորել դատապարտյալ-վարչական աշխատողներ փոխհարաբերությունը, որին փորձելու են հասնել նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու ճանապարհով:

Վարչության պետի ասելով, նախարարությունը ներկայումս ավարտում է պատժահամակարգերի փոխանցման առաջին նախապատրաստական փուլը եւ արդեն պատրաստ են տեղափոխմանը: Մեր այն հարցին, թե ՆԳՆ-ն խանդով չի՞ վերաբերվում նման ուժեղ կառույցից զրկվելու փաստին, որ Եվրախորհուրդը պատժական համակարգը ուժային ազդեցությունը զերծ է պատկերացնում եւ դա է քաղաքացիական վերահսկողություն սահմանելու իմաստը, Նիկոլայ Առուստամյանը պատասխանեց. «Կադրային փոփոխություններ չեն լինելու, այս կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ են եղել ՆԳՆ-ում եւ պարզաբանվել է մեր մոտեցումըՙ հարցին լուծում կտրվի որակավորման բարձրացման միջոցով»:

Վարչության պետը տեղեկացրեց, որ անցյալ նոյեմբերին Եվրախորհրդի միջոցներով դասընթացներ են կազմակերպվել ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերի համար: Նրա ասելով, միջազգային փորձագետների կողմից եվրոպական բանտային կանոնների պարզաբանումները հեշտությամբ են ընդունել գաղութի պետերը, եւ ուրախալի է, որ պահպանողականների թիվը մեծ չէ համակարգում: Կադրերի վերապատրաստման, հատկապես միջին մասնագիտական ուսուցումը կազմակերպելու պայմանավորվածություններ ունեն միջազգային փորձագետների հետ:

«Դատապարտյալների իրավական գիտելիքների բարձրացումը ուզում ենք կազմակերպել հասարակական կազմակերպությունների միջոցով եւ ողջունում ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ՀԿ-ները կդրսեւորեն այս հատվածում», հայտնեց վարչության պետը: Ինքն էլ հավաստեց, որ որոշ ՀԿ-ներ հետաքրքրված են այս ոլորտով, բայց նրանց բուն գործունեությունը ոլորտին չի առնչվում: «Թերեւս դա պայմանավորված է համակարգի փակ լինելով», բացատրեց պրն Առուստամյանըՙ ներկայացնելով հիշյալ համակարգով հետաքրքրված մեկ-երկու ՀԿ-ի, որոնց «հետաքրքրությունը գործի է վերածվել»: Նրա ասելով, փոխանցումից հետո «աչքալուսանք» ունեն նաեւ լրագրողներըՙ պատժահամակարգը տնօրինողները ստեղծելու են արտաքին կապերի եւ տեղեկատվության բաժին:

Ինչեւէ, մեզ վստահեցնում են, որ արդարադատության նախարարությունը պատրաստ է տնօրինելու Հայաստանի ազատազրկման վայրերը, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, քանի որ խորհրդարանը դեռեւս չի ընդունել ո՚չ քրեական օրենսգիրքը, ո՚չ էլ քրեակատարողական օրենսգիրքը: Վերջինը շրջանառության մեջ դնելու համար Եվրախորհուրդը վեցամսյա ժամկետ է սահմանել:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4