«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2001-01-16 | #7, 2001-01-17 | #8, 2001-01-18


ՍՅՈՒՆԻՔ-ԱՏՐՊԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ

Հունվարի 10- 14-ն աշխատանքային այցով Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգ ժամանեց Սյունիքի մարզի 15 հոգուց բաղկացած պատվիրակությունըՙ մարզպետ Էդիկ Բարսեղյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ Մեղրու տարածաշրջանից ընտրված պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, համայնքապետներ, գործարարներ, Թավրիզում նահանգապետ Յաղյս Մուհամադզադեի ուղեկցությամբ այցելեց մի շարք ֆաբրիկաներ:

Այցի արդյունքում կնքվեց պայմանագիր, համաձայն որի Թավրիզի մանվածքային ֆաբրիկան Գորիսի «Զանգեզուր» ԲԲԸ-ին պարտավորվել է մատակարարել մանվածք, համաձայնություն է ձեռք բերվել Սիսիանի «Ոստինգ» ԲԲԸ-ի եւ Թավրիզի քար վերամշակող ձեռնարկության միջեւ: Այս վերջինը հետաքրքիր է նրանով, որ իրանական կողմը պարտավորվել է տեխնոլոգիական սարքավորումներ հատկացնել եւ օժանդակել պատրաստի արտադրանքի իրացմանը: Շուտով Կապան կայցելեն «Շահրեթ» առեւտրային կազմակերպության ներկայացուցիչները եւ տեղի հանրախանութում կկազմակերպեն մեծ պահանջարկ վայելող ապրանքների առեւտուրՙ մատչելի գներով: Կազմակերպության ներկայացուցիչները կուսումնասիրեն Կապանի կոշիկի ֆաբրիկայի հնարավորություններըՙ կոշիկի արտադրությունը իրանական կաշվով իրականացնելու մտադրությամբ:

Սյունիքի մարզպետարանի լրատվության բաժնից տեղեկացանք, որ մի քանի տարիների դադարից հետո փետրվարի 3-ին կվերաբացվի Մեղրու սահմանամերձ շուկան:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4