ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ, ՍՆԱՐՔ: Երեք անգամ դատված, 36-ամյա սեքսուալ մոլագար Արմենակ Սարգսյանը, որը մեղադրվում էր 6 կանանց բռնաբարության մեջ, դատապարտվել է ընդամենը 10 տարի ազատազրկման: Այդպիսին է Երեւանի Ավանի եւ Նոր Նորքի համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին հայտնի է դարձել իրավապահ մարմիններին մոտ իրազեկ աղբյուրներից:
Աղբյուրի խոսքերով, բացառված չէ, որ Սարգսյանի զոհերի թիվն ավելին է, քան վերը նշվել է, քանի որ գրեթե մի ամբողջ տարի նա ահաբեկել է մայրաքաղաքի Նոր Նորքի շրջանի Ռուբինյան փողոցի բնակչուհիներին, եւ նրա զոհերից միայն մեկն է համարձակվել տեղի ունեցածի մասին հաղորդել անցյալ տարվա մայիսին: Դրանից հետո ի հայտ են եկել նաեւ այլ տուժածներ, որոնք համաձայնվել են ցուցմունքներ տալ, սակայն միայն լիակատար անանունության պահպանման պայմանով:
Ինչպես պարզվել է, Սարգսյանը գործել է օրը ցերեկով, չվախենալով պատահական վկաներից, հիմնականում այն ժամանակ կառուցվող ջրաշխարհի, Բուսաբանական այգու եւ ԴՕՍԱԱՖ-ի շենքի շրջանում: Սկզբում նա կանանց (հիմնականում 30-62 տարեկան) առաջարկում էր զբաղվել օրալ սեքսով, այնուհետեւ դանակով սպառնալով շփոթված տիկնոջը, վերջինիս քարշ էր տալիս թփերի տակ, ծեծի էր ենթարկում, իսկ այնուհետեւ բռնաբարում էր:
Աղբյուրը, իմիջիայլոց, հաղորդեց, որ դատահոգեբանական փորձաքննությունը Սարգսյանին մեղսունակ է ճանաչել: Սակայն մի քանի տարի առաջ մի շարք ավազակային հարձակումների գործերի առնչությամբ Սարգսյանը անմեղսունակ էր ճանաչվել եւ հարկադիր բուժման էր ենթարկվել հոգեբուժարանում: